Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Սեպտեմբեր 25,2004 00:00

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է Հաշվի առնելով, որ այսօր հայաստանյան քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են Թերի Դեւիսի զեկույցը, հրապարակում ենք դրա առանցքային երկու մասերը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ։ I. Բանաձեւի նախնական նախագիծ 1. Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ զինված գործողությունների սկսվելուց հետո, ավելի քան տասը տարի անց, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Հարյուր հազարավոր մարդիկ դեռեւս տեղահանված են եւ ապրում են թշվառ պայմաններում: Ադրբեջանի տարածքի զգալի մասը դեռեւս գրավված է հայկական ուժերի կողմից եւ անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքը: 2. Վեհաժողովը մտահոգություն է հայտնում, որ զինված գործողությունները եւ դրանց նախորդող լայնատարած էթնիկ /ազգամիջյան/ հակամարտությունները հանգեցրին լայնածավալ էթնիկ աքսորի եւ միատարր էթնիկ տարածքների առաջացման, որը նմանվում է էթնիկ մաքրման սարսափելի գաղափարին: Վեհաժողովը վերահաստատում է, որ մարզային տարածքի անկախությունը եւ առանձնացումը պետությունից կարող է ձեռք բերվել միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով՝ հիմնված տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա եւ ոչ թե զինված հակամարտության ալիքի միջոցով, որը հանգեցնում է էթնիկ աքսորի եւ նման տարածքի դե ֆակտո բռնակցմանը մեկ այլ պետության: Վեհաժողովը կրկնում է, որ անդամ երկրի կողմից օտար տարածքի գրավումը՝ Եվրախորհրդի անդամ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: 3. Վեհաժողովը վկայակոչում է Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 822 /1993/, 853 /1993/, 874 /1993/ եւ 884 /1993/ բանաձեւերը եւ հորդորում է համապատասխան կողմերին կատարել դրանք՝ մասնավորապես զերծ մնալ զինված գործողություններից եւ ետ քաշել զորքերը բոլոր գրավյալ տարածքներից: Վեհաժողովը համաձայնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 853 /1993/ բանաձեւի պահանջի հետ եւ հորդորում է անդամ-երկրներին զերծ մնալ զենքերի եւ զինամթերքի մատակարարումից, որը կարող է առաջ բերել հակամարտության ուժեղացման կամ տարածքների գրավված լինելու շարունակման: 4. Վեհաժողովը հիշեցնում է, որ եւ Հայաստանը եւ թե Ադրբեջանը 2001 թ. հունվարին Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնել են գործադրել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման համար: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը հորդորում է երկու կառավարություններին զերծ մնալ իրար նկատմամբ զինված ուժեր գործադրելուց, ինչպես նաեւ զինված գործողություններ քարոզելուց: 5. Վեհաժողովը վկայակոչում է, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտին Հելսինկիում համաձայնվեց համաժողով անցկացնել Մինսկում՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ֆորում ապահովելու համար: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիայի եւ Սլովակիայի նախկին դաշնային հանրապետությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեդիան, Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ժամանակ համաձայնվեցին մասնակցել այս համաժողովին: Վեհաժողովը կոչ է անում այս երկրներին մեծացնել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերման ուղղությամբ եւ հրավիրում է Վեհաժողովի նրանց ազգային պատվիրակություններին Վեհաժողովին տարեկան զեկույց ներկայացնել՝ այս կապակցությամբ իրենց կառավարությունների կատարած գործողությունների մասին: Այս նպատակով Վեհաժողովը խնդրում է Բյուրոյին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ այս երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: 6. Վեհաժողովը հարգանքի տուրք է մատուցում Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անխոնջ ջանքերին, մասնավորապես 1994 թվականի մայիսին հրադադար ձեռք բերելու եւ այդ ժամանակվանից ի վեր այս հրադադարի պահպանումը մոնիտորինգ անելու հարցերում: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացից եւ Մինսկի խմբի միջոցով ակտիվորեն միմյանց փոխանցել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իրենց կառուցողական առաջարկությունները: 7. Վեհաժողովը վկայակոչում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի խարտիայի ստորագրող կողմ են եւ խարտիայի հոդված 93-ի առաջին պարբերության համաձայն՝ փաստի ուժով հանդիսանում են Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության կողմ: Այդ իսկ պատճառով Վեհաժողովն առաջարկում է, որ եթե Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները ձախողվեն, ապա Դատարանի կանոնադրության հոդված 36-ի առաջին պարբերության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մտածեն Արդարադատության միջազգային դատարանն օգտագործելու մասին, քանի որ առկա է իրավական վեճ՝ թե արդյո՞ք ՄԱԿ-ի խարտիայի հոդված 2-ի չորրորդ պարբերության համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է Հայաստանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի մարզի ժողովրդի անջատման իրավունքը պաշտպանելու համար: 8. Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին միմյանց միջեւ խթանել քաղաքական հաշտեցումը՝ երկկողմ խորհրդարանական համագործակցություն ծավալելով Վեհաժողովի շրջանակներում, ինչպես նաեւ այնպիսի ֆորումներում, ինչպիսիք են Կովկասյան քառյակի խորհրդարանների խոսնակների հանդիպումները: 8*. Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը քննարկելու համար: 9. Վեհաժողովը կոչ է անում բոլոր անդամ եւ դիտորդ երկրներին մարդասիրական աջակցություն եւ օժանդակություն ցուցաբերել ռազմական գործողությունների եւ հայերին Ադրբեջանից ու ադրբեջանցիներին Հայաստանից դուրս մղելու հետեւանքով հարյուր հազարավոր տեղահանված մարդկանց: 10. Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցներով տարածվող փոխադարձ ատելությունը: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին սերմանել հաշտություն, վստահություն եւ փոխըմբռնում իրենց ժողովուրդների միջեւ՝ դպրոցների, համալսարանների եւ զանգվածային լրատվամիջոցների միջոցով: Առանց նման հաշտեցման՝ ատելությունն ու անվստահությունը կկանխեն տարածաշրջանում կայունությունը եւ հնարավոր է ուղղորդեն նոր բռնությունների: Ցանկացած կայուն կարգավորման պետք է նախորդեն եւ ամրապնդեն նման հաշտեցման գործընթացներ: 11. Վեհաժողովը կոչ է անում Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարին կազմել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ հաշտեցման գործընթացներին նպատակաուղղված կոնկրետ աջակցության գործողությունների ծրագիր եւ հաշվի առնել այս բանաձեւը՝ Հայաստանի կամ Ադրբեջանի վերաբերյալ որեւէ գործողության մասին որոշում կայացնելիս: 12. Վեհաժողովը կոչ է անում Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի տեղական ընտրված ներկայացուցիչներին՝ փոխադարձ շփումների եւ միջտարածաշրջանային համագործակցության հաստատման գործում: 13. Վեհաժողովը որոշում է վերլուծել Եվրախորհրդի շրջանակներում առկա հակամարտության կարգավորման մեխանիզմները, մասնավորապես Եվրախորհրդի վեճերի խաղաղ կարգավորման մասին եվրոպական կոնվենցիան, որպեսզի անդամ-երկրներին ապահովի մարդու իրավունքները, կայունությունն ու խաղաղությունը վտանգի ենթարկող երկկողմ հակամարտությունների, ինչպես նաեւ ներքին վեճերի խաղաղ կարգավորման ավելի լավ մեխանիզմներ՝ ներառելով տեղական եւ տարածաշրջանային տարածքային համայնքներն ու իշխանությունները: 14. Վեհաժողովը որոշում է շարունակել այս հակամարտության խաղաղ լուծման մոնիտորինգ: II. Առաջարկության նախնական նախագիծ 1. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի համաժողովում քննարկվող հակամարտության մասին իր թիվ …. /2004/ բանաձեւին (տես՝ «բանաձեւի նախնական նախագիծը» – խմբ)՝ առաջարկում է Նախարարների կոմիտեին. I. հորդորել համապատասխան կողմերին կատարել Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի թթ. 822 /1993/, 853 /1993/, 874 /1993/ եւ 884 /1993/ բանաձեւերը, մասնավորապես զերծ մնալ զինված գործողություններից եւ ետ քաշել զորքերը բոլոր գրավյալ տարածքներից, II. վերահսկել երկու երկրների կողմից Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշումների կատարումը, III. զեկուցել Վեհաժողովին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն անդամ-երկրների կողմից խաղաղ կարգավորմանն ուղղված գործադրվող ջանքերի մասին, ներառյալ այն փաստը, թե արդյո՞ք անդամ-երկրները զերծ են մնում զենքի եւ զինամթերքի մատակարարումից, որը կարող է հանգեցնել հակամարտության սաստկացման եւ տարածքների շարունակական գրավման՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 853 /1993/ բանաձեւն, IV. միջոցներ հատկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման համար հատուկ միջոցառումների իրականացման գործողությունների ծրագրին, V. միջոցներ հատկացնել երկու երկրների ուսուցիչների եւ լրագրողների համար հատուկ ուսուցման ծրագրերին, որոնք ուղղված կլինեն փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու հաշտեցմանը, VI. միջոցներ տրամադրել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից երկու երկրներում հատուկ գործունեություն ծավալելու համար, հատկապես կրթական հաստատությունների եւ հանրային ԶԼՄ-ների մասով, VII. հանձնարարել իրավասու Ուղղորդող հանձնաժողովին՝ վերլուծել, թե Եվրախորհրդի վեճերի խաղաղ լուծման եվրոպական կոնվենցիան որքանով է արտացոլում Եվրախորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտությունների լուծման ներկայիս պահանջները եւ դրանց վերանայման հարցը՝ Եվրախորհրդի անդամ-երկրների միջեւ վեճերի խաղաղ լուծման համապատասխան միջոցներ ապահովելու համար, VIII. հաշվի առնել թիվ …. /2004/ բանաձեւը՝ երկու երկրներին վերաբերող որեւէ գործողության մասին որոշում կայացնելիս, IX. ուղարկել թիվ …. /2004/ բանաձեւը եւ այս հանձնարարականը նրանց կառավարություններին՝ ազգային, երկկողմ եւ միջազգային մակարդակներում դրա աջակցությունն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել