Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղապետը «մեջ-մեջ» է արել ցորենը

Սեպտեմբեր 25,2004 00:00

Գյուղապետը «մեջ-մեջ» է արել ցորենը «Լրագրողներ առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը երեկ լրագրողներին ներկայացրեց կոռուպցիոն երեւույթի դրսեւորման կոնկրետ օրինակ: Սննդի ապահովության FAO միջազգային կազմակերպությունը 2002-03 թթ. Հայաստանի՝ ցրտահարությունից տուժած 6 մարզերին տրամադրել է օգնություն՝ 650 տոննա ցորենի տեսքով: Արարատի մարզի Դիմիտրով գյուղի գյուղապետ Լյուդվիգ Խլղաթյանը, սակայն, ցորենի բաժանման հարցում ապօրինություններ է թույլ տվել: Արարատի մարզի դատախազությունը, սակայն, ստուգումների արդյունքում կայացրել է որոշում, ըստ որի խախտումների չափը չի ազդել գործընթացի իրականացման վրա: Մինչդեռ ՀՀ վարչապետի՝ կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Հրանուշ Խառատյանը, ՀՀ նախագահի՝ ազգային փոքրամասնությունների գծով կոորդինացիոն խորհրդի անդամ Իրինա Գասպարյանը, գործի հետաքննությամբ զբաղվող վերոնշյալ ՀԿ-ն մատնանշեցին մի շարք խախտումներ, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով, որ վերաբերում է ստորագրությունների կեղծման փաստերին: Ըստ այդ փաստարկների, օգնության ցուցակում կան որոշ մարդկանց ստորագրություններ, որոնք նույնիսկ հանրապետությունում էլ չեն: Եվ նրանց փոխարեն գյուղապետը ցորենը «մեջ-մեջ է արել եւ բաժանել իր մտերիմներին»: Օգնության անարդարացի բաշխման հետ կապված անօրինություններից զատ, ազգությամբ ասորի Իրինա Գասպարյանը կարծում է, որ գյուղի հանդեպ անարդարացի վերաբերմունքի պատճառն այն է, որ այնտեղ բնակչության 30 տոկոսը ասորիներ են, եւ ինքն էլ իր կյանքի ընթացքում իր մաշկի վրա զգացել է այդ խտրականությունը: Նա հրաժարվեց մանրամասնել իր միտքը՝ նշելով, որ ասածի համար համապատասխան ապացույցներ չունի: Ներկաներից ոչ ոք չկիսեց նրա այդ կարծիքը, մանավանդ որ՝ տուժածների մեջ շատ են նաեւ ազգությամբ հայ գյուղացիները: Իսկ կոնկրետ այս դեպքում, գյուղացիների հավաստմամբ, գյուղապետը հայտարարել է, որ իր մեջքին կանգնած է ՀՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: Այս հանգամանքն էլ հերքեց հանդիպմանը ներկա փոխնախարար Գագիկ Ասլանյանը. «Չեմ կարծում, որ նախարարը դրական վերաբերմունք ունենա նման անձերի նկատմամբ, մենք այդ հարցը կքննարկենք»: Սակայն նախարարությունը, ըստ Գ. Ասլանյանի, որոշակի քայլերի կարող է դիմել միայն դատաիրավական գնահատականից հետո, քանի որ «տեղի է ունեցել քրեորեն պատժելի հանցագործություն»: Իսկ Արարատի մարզային դատախազությունը նույնիսկ ստորագրությունների իսկությունը պարզող փորձաքննություն չի իրականացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը Արարատի մարզային դատախազության կայացրած որոշումը եւ գործի նյութերն ուղարկել է Արմավիրի մարզային դատախազություն՝ լրացուցիչ ուսումնասիրության: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել