Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ

Սեպտեմբեր 25,2004 00:00

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ Երբ այս տարվա գարնանը երկրի նախագահը հանրությանն իրազեկեց, որ հանձին ռուսական «Վոլգաբուռմաշ» հոլդինգի, «Նաիրիտի» համար ներդրող է հայտնվել, գործերի վիճակն այստեղ պետք է որ աստիճանաբար բարելավվեր։ Պետք է վերջապես հստակեցվեր գործարանի շահագործման տեխնիկական քաղաքականությունը (բնական գա՞զ, թե՞ բութադիեն), մշակվեր մոտ երկու տարվա չվճարված աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույց, փլուզման եզրին գտնվող առանձին արտադրամասերում ձեռնարկվեին վերականգնման- հիմնանորոգման անհետաձգելի աշխատանքներ։ Բայց այս պահի դրությամբ՝ ոչ մի ներդրում։ Միայն խոստումներ ներդրումների մասին, որոնք, իբր, թույլ էին տալու հասնել «Նաիրիտի» խորհրդային ժամանակների արտադրական հզորություններին։ Հայ- ռուսական տնտեսական համագործակցության շրջանակներում նույնիսկ գործարան հրավիրվեց Նիկոլայ Ռիժկովը, բայց դրանից «Նաիրիտի» վիճակը չբարելավվեց։ Նույնիսկ հակառակը։ Հինգերորդ ամիսն է՝ գործարանը չի աշխատում, չեն վճարվել ինչպես հին, այնպես էլ վերջին կառավարչի օրոք կուտակված մի քանի ամսվա աշխատավարձի պարտքերը, եւ մարդիկ վերջերս կրկին բողոքի էին ելել՝ պահանջելու իրենց աշխատավարձն ու հետագա աշխատանքի երաշխիքներ։ Սկսվել է աշխատողներից զանգվածաբար ազատվելու գործընթաց. անձնակազմի ավելի քան 80 տոկոսին, առանց վերադառնալու կայուն երաշխիքների, առանց նրանց հանդեպ ունեցած պարտավորությունների ստանձնման մասին պայմանագրերի, նստեցրել են տանը։ Բանվորական ու ինժեներական որակյալ կադրերից ազատվելու այս գործընթացը չի բխում Աշխատանքային օրենսգրքի տրամաբանությունից, որովհետեւ քանի դեռ ճշգրտված չեն մի կողմից՝ արտադրող-ներդրող, մյուս կողմից՝ գնորդ-սեփականատեր-կառավարություն-ԿԲ կապերը, կնքված չեն համապատասխան պայմանագրեր, որոնցից մեկն էլ անպայմանորեն արհմիության հետ կնքվող պայմանագիրն է, ոչ ոք իրավասու չէ կատարելու կադրային նման զտումներ։ Իրավիճակը վրդովեցուցիչ է նաեւ նրանով, որ պարզունակ պատճառներով մասնագետներին ազատում են գործից՝ նրանց փոխարեն չաշխատող արտադրամասերը համալրելով իրենց ծանոթ-բարեկամներով։ Սրա հետեւանքով անցած ամիսներին այստեղ գրանցվել են ծանր պատահարներով ուղեկցվող՝ անվտանգության տեխնիկայի կոպիտ խախտումներ։ Ներդրումների բացակայության պարագայում ձեռնարկության տեխնոլոգիական արտադրամասերն աշխատանքային ռեժիմում շահագործվում են անտնտեսվար։ Հիմնական պրոդուկտի՝ կաուչուկի արտադրության դադարի դեպքում նույնպես, այստեղ թողարկվում է մեծ անվանացանկով ատադրանք (կիր, հեղուկ սառույց, հեղուկ քլոր, սպիտակեցնող հեղուկ, հեղուկ ածխաթթու, թթվածին, մաքուր ազոտ եւ այլն), որի իրացումից մեկ ամսում ստացվում է միայն կես մլն ԱՄՆ դոլարի եկամուտ։ Հավանական է, շուտով ըստ ՀՀ կառավարության 2001թ. որոշման, կաուչուկի մի հոսքագիծը կհանգրվանի Չինաստանում, իսկ «կառավարվող սնանկացումը» հանդուրժելու դիմաց «Նաիրիտի» առաձին պաշտոնատարներ կխրախուսվեն՝ գործուղվելով Չինաստան, որտեղ կաշխատեն՝ բավարարելով արհեստական կաուչուկների՝ աշխարհում չնվազող պահանջարկը։ Լ. ԱՍԱՏՐՅԱՆ «Նաիրիտի» ԲԲԸ բաժնետեր Այս բոլոր խնդիրների վերաբերյալ պատրաստ ենք տպագրել նաեւ պաշտոնական մեկնաբանությունները: Իսկ երեկվա մեր համարում բողոքի ակցիայի մասին լուրի առնչությամբ «Նաիրիտի» արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը հայտնեց, որ իրականում բողոքի ակցիան տեղի է ունեցել գործարանի տարածքում, ոչ թե փողոցում, եւ որ աշխատողները փողոցը չեն փակել: Բացի այդ. «այսօրվա դրությամբ աշխատատեղերի ոչ մի մասսայական կրճատում չի կատարվում»: Հուլիս-օգոստոսի աշխատավարձի վճարումը, ըստ արհկոմի նախագահի, ուշանում է բանակցությունների ձգձգման պատճառով: Վճարման խնդիրը, ադմինիստրացիայի հավաստմամբ, մոտ օրերս կլուծվի: Իսկ կրճատումները «կատարվում են աշխատատեղերի օպտիմալ տեղաբաշխման նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել