Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՍՐՃԱՐԱՆԸ

Սեպտեմբեր 25,2004 00:00

ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՍՐՃԱՐԱՆԸ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ամիսներ առաջ հերքում էր, թե ինքը որեւէ առնչություն ունի Իսահակյան 28 հասցեում գտնվող՝ «Արմենպրեսի» եւ «Նոյյան տապանի» շենքին մերձակա կանաչ տարածքի սեփականաշնորհմանը: Սակայն թեեւ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, պարտիզանաբար թաքցնում էր, թե երբ եւ ում է սրճարան կառուցելու համար հատկացվել այդ տարածքը, ի վերջո, նախագահի վերահսկողական ծառայության շնորհիվ պարզվեց, որ նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշումներով այն 15 տարով վարձակալության է տրվել Կարեն Իսախանյանին: Ու պարզվեց, որ նա էլ նախարար Հովիկ Աբրահամյանի օգնականն է: «Ճիշտ է,- այժմ հաստատեց պրն Աբրահամյանը,- բայց իմ օգնականն էլ իրավունք ունի, չէ՞, ունենալ սեփականություն: Իմ կարծիքով՝ ոչ մի վատ բան չկա այդտեղ»: Մեր հարցին՝ այդքանով սահմանափակվո՞ւմ էր իր առնչությունն այդ սրճարանին, քանի որ պաշտոնյաների շրջանում ընդունված է ուրիշի անունով ձեւակերպել սեփականությունը, նախարարը պատասխանեց. «Ինձ մոտ ընդունված չէ: Չգիտեմ, թե ում մոտ է ընդունված: Եվ ամենավատ օրինակն եք ընտրել խոսելու համար: Դուք դեռ չգիտեք, թե ինչ նորմալ կառույց էր: Ես հետո վերցրեցի, նայեցի նախագիծը՝ շատ գեղեցիկ ու փոքր կառույց էր, եւ ոչ մի կապ չուներ ծառահատման հետ»: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վերահսկողական ծառայության միջամտության շնորհիվ դադարեցվեց այս սրճարանի կառուցումը: Այն, որ նախարարի օգնականին հարկադրեցին հրաժարվել այս շինարարությունից՝ չի՞ վկայում Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացման մասին: «Ոչ մեկը չի հարկադրել եւ ոչ մեկը չի հրաժարվել,- պատասխանեց նախարարը:- Ուղղակի առաջարկել են վերանայել նախագիծը»: Մինչդեռ լրագրողները հույս ունեին, թե քանի որ հատկացումը կատարվել է կանաչապատման գոտում՝ կվերանայվի հողհատկացման որոշումը: Այստեղ դեռ կառուցվելու է սրճարան՝ ուղղակի փոխված նախագծով: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել