Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք սովորեցի՞նք անկախ ապրել

Սեպտեմբեր 25,2004 00:00

Քաղաքացիական
ազգային նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ Արծրուն
Պեպանյանն ու Հրայր Թովմասյանը փորձում էին գտնել այդ հարցի պատասխանը: Ցավոք,
նրանց եզրահանգումները լավատեսական չէին:
Արծրուն Պեպանյանը ներկայացրեց իր «Խորհելու ժամանակը կամ՝ ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը» քաղաքական հետազոտությունը: Ըստ հետազոտողի, Անկախության հռչակագրում առկա դրույթների իրականացմանը խոչընդոտել են երկու կարեւոր՝ ազգային ու անցումային փուլի գործոնները: Ա. Պեպանյանը գտնում է, որ հասարակությունը կազմված է երեք շերտից՝ սրիկաներ, որոնց հետաքրքրում է միայն անձնական շահը, խեղճեր, որոնք ձգտում են արդարության, բայց կամքի ուժի բացակայությունը ստիպում է հարմարվել իրավիճակին եւ վերջապես՝ գաղափարակիրներ՝ մարդիկ, ովքեր անհաշտ պայքարի մեջ են առաջին շերտի հետ: Ըստ Ա. Պեպանյանի տեսության, մեր տեղապտույտի գլխավոր պատճառը երրորդ շերտի՝ գաղափարակիրների պակասն է: Անցումային գործոնի իմաստն այն է, որ նոր հասարակարգի կայացման ժամանակ ի հայտ է գալիս մի խավ՝ «նոր մարդիկ», ում համար կյանքի միակ նպատակը հարստանալն է: Վերլուծաբանի կարծիքով՝ հիմա Հայաստանում հենց այդ «նոր մարդիկ» են իրավիճակի տերը, իսկ գաղափարակիրներ չկան. «Չունենք մտավորականներ, չունենք պետություն»:

Հրայր Թովմասյանի զեկույցը նույնպես ժամանակային առումով խիստ ընդգրկուն էր՝ տասնչորսերորդ դարի Կիլիկյան թագավորությունից մինչեւ մեր օրերը: Չունենալով պետականության փորձ եւ անցյալ՝ մենք ստիպված ենք եղել անկախանալուց հետո զրոյից սկսել ամենը: Եթե Մերձբալթյան երկրները, Ռուսաստանը, Միջինասիական երկրները ԽՍՀՄ փլուզումից հետո բովանդակային առումով վերադարձան մինչսովետական իրավիճակին, ապա մենք չունեինք այդ հիմքը: Ետեւում ունեինք ընդամենը երկու տարվա անկախ Հայաստան, որում իրավական դաշտ չկար. ամեն ինչ արվում էր ռուսական օրենքներով: Պարոն Թովմասյանը ամոթալի համարեց խոսել 1919թ. ընտրությունների մասին. «Նման խայտառակ ընտրությունների մասին ամոթ է նույնիսկ խոսելը, դրանք շատ անգամ ավելի վատն էին, քան այն, ինչ կատարվում է հիմա»: Մերկապարանոց չլինելու համար նա մի քանի օրինակներ բերեց եւ համոզեց: Իսկապես, հիմա՝ 85 տարի հետո, Հայաստանում ընտրությունները մի քիչ ավելի լավն են:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել