«Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն արդեն իսկ մեկնաբանություններ է ներկայացրել իր այն հայտարարության առնչությամբ, թե «Ղարաբաղի տարածքային պատկանելության խնդիրը երկրորդական է»: Սակայն հարկ էր անդրադառնալ նրա նաեւ այլ պարզաբանման կարոտ պնդումներին:
– Դուք հայտարարել էիք, թե «Հայաստանն ու Թուրքիան պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»: Այսինքն՝ առաջարկում եք խա՞չ քաշել Ցեղասպանության հետեւանքների վերացման, Արեւմտյան Հայաստանի վերադարձի հեռանկարների վրա:
– Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը չպետք է կապել Ցեղասպանության ճանաչման հետ: Եվ ակնհայտ է, որ եթե խոսում ենք հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին՝ նշանակում է, որ երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Սա դիվանագիտական հարաբերությունների այբուբենն է: Հակառակ փաստարկը բերողներին պիտի հիշեցնեմ, որ 1915-ին Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին, չի եղել, եւ Ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող ենթադրել պահանջատիրություն Հայաստանի կողմից: Այս երկու խնդիրները հարկ է զատել միմյանցից: Եվ հայ-թուրքական սահմանի բացման հարցը պետք է դիտարկել հենց դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում: Իսկ Ցեղասպանության խնդիրը պետք է ոչ թե հայ-թուրքական առճակատման պատճառ լինի, այլ երկխոսության օրակարգում ներառվի եւ լուծվի այդ շրջանակում: Իմիջիայլոց, մենք նման նախադեպ ունենք, երբ հասարակական հարաբերությունների մակարդակում՝ հայ -թուրքական հաշտեցման հանձնաժողովում մարդիկ հանգիստ քննարկել են Ցեղասպանության խնդիրը: Իսկ ընդհանրապես՝ որեւէ բանական մարդ դեմ չի կարող լինել Ցեղասպանության ճանաչմանը եւ հայ ժողովրդի կրած վնասների փոխհատուցմանը, հետեւաբար՝ խոսք անգամ լինել չի կարող 1915-ի ուրացման մասին:
– Դուք հաջողված ու արդյունավե՞տ եք համարում այդ հանձնաժողովի գործունեությունը:
– Թերեւս՝ այո՛: Այդ նախաձեռնության շնորհիվ որոշակի խնդիրների շուրջ եղան բանաձեւումներ: Բացի այդ՝ մեր հասարակական կարծիքը նախապատրաստվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չունի այլընտրանք, եթե ուզում ենք ունենալ իսկապես ինքնիշխան Հայաստան, որն իր առջեւ խնդիր է դրել ինտեգրվել եվրոատլանտյան կառույցներին:
– Ձեր մեկնաբանություններում հաշվի առնո՞ւմ եք թուրքական շրջանակների տրամադրվածությունը, որ բնավ բարեկամական չէիր անվանի: Հիշեցնեմ, որ պաշտոնական Անկարան հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ է առաջադրում Հայաստանին, որոնք, ընդ որում, վերաբերում են ոչ միայն անցյալին, այլ նաեւ Ղարաբաղի խնդրին:
– Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Թուրքիայի քաղաքական վերնախավը, ցավոք, լիարժեքորեն տրամադրված չէ երկխոսությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Եթե թուրքական վերնախավն առաջադրում է պայմաններ, որոնք որոշակի առումով իսկապես անընդունելի են, ապա Հայաստանի իշխանությունն էլ միջազգային տարբեր հարթակներն է օգտագործում՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, եւ բացի այդ՝ հայ-թուրքական հարաբերությունները, ըստ էության, պայմանավորում է հայ-ռուսական հարաբերություններով: Այսինքն՝ եթե խոսենք նախապայմաններից, ցավոք, պիտի արձանագրենք, որ նման քաղաքականություն գործնականում վարում են ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի իշխանությունները:
– Ձեր այս տեսակետներն իրոք նման են այս առնչությամբ աջ ուժերի դիրքորոշումներին: Դուք նաեւ խոստովանել էիք՝ «Մենք չենք կարող տրամագծորեն հակառակ կարծիք ունենալ, քան ՀՀՇ-ն»: Խնդրեմ՝ պարզաբանեք, թե խոսքը բոլո՞ր հարցերի մասին է, եւ այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք «Հանրապետության» անդամ եւ ոչ՝ ՀՀՇ-ի:
– Տրամագծորեն հակառակ կարծիք չունենալը չի նշանակում բոլոր հարցերի շուրջ ունենալ միասնական տեսակետ: «Հանրապետությունը» եւս Երրորդ հանրապետության արժեքային համակարգի կրող է ե՛ւ իր հռչակած արժեքներով, ե՛ւ կուսակցության գործիչների անցած ուղիով: Այս համատեքստում է ասվել Ձեր հիշատակած նախադասությունը:
– Սակայն «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը ՀՀՇ-ի առնչությամբ ունի տրամագծորեն հակադիր մոտեցում:
– Ալբերտ Բազեյանը այս առիթով բազմիցս է արտահայտել մեր կուսակցության դիրքորոշումը, այն է՝ պատրաստ ենք համագործակցել քաղաքական այն բոլոր ուժերի հետ, որոնք սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը համարում են առաջնահերթ: Նա երբեք որեւէ կուսակցության մասով բացառություն չի արել կամ ժխտողական վերաբերմունք չի ցուցաբերել համագործակցության մասին խոսելիս:
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ