Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է

Սեպտեմբեր 25,2004 00:00

Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, պնդում է ադրբեջանցի հասարակական գործիչ Արզու Աբդուլաեւան

Օրերս հակադարձելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի հայտարարությանը, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրացիայի ծրագրերից, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե մեզ 100 տարի պետք չէ այդ համագործակցությունը, եթե այդ նավթամուղերի, գազամուղերի եւ երկաթգծի շահագործման ծրագրերը կապվելու են ԼՂ հակամարտության լուծման հետ: Սա շատ «թունդ» եւ սկզբունքային հայտարարություն կարելի էր համարել, եթե միայն մի պահ մոռանայինք, որ նույն այս իշխանությունները, այդ թվում՝ Վարդան Օսկանյանը, ե՛ւ Քի Ուեսթում, ե՛ւ Փարիզում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձրած չլինեին տարածքների փոխանակման տարբերակը: Հիշենք Ռ. Քոչարյանի՝ միայն այս տարվա հունիսին Ստրասբուրգում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե ադրբեջանական կողմը Քի Ուեսթում չմերժեր արված առաջարկը, ԼՂ հակամարտությունն արդեն լուծված կլիներ: Ու թեեւ մինչ օրս էլ ՀՀ իշխանությունները հերքում են, թե այդ տարբերակի հիմքում եղել է հենց տարածքների փոխանակման սկզբունքը, այդուհանդերձ, նման պնդում ընդամենը վերջերս արեց Ադրբեջանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ, հասարակական գործիչ Արզու Աբդուլաեւան: Ըստ նրա, այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել ԼՂ հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման առաջարկը, որը ներկայացվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին:

«Առաջին անգամ այս մասին խոսել է Սախարովը դեռ 1988 թվականին: Այն ժամանակ դա նույնիսկ հակամարտությանն անպատրաստ մեր հասարակությունների կողմից ընկալվեց որպես բացարձակ անհեթեթ եւ անմարդկային: Ավելի ուշ նույն այս տարբերակն առաջարկվեց Պոլ Գոբլի կողմից: Այսօր էլ տարածքների փոխանակման տարբերակը, որպես հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետեւ կարգավորման տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ այդ տարբերակին, այնուամենայնիվ, վերադառնում են: Նման առաջարկ հնչել է նաեւ վերջերս՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից: Նման վերջին առաջարկության ժամանակ դա հնչել է որպես հաղորդակցական միջանցքների փոխանակում, որը ենթադրում էր Լաչինի եւ Մեղրիի միջանցքների փոխանակում: Եվ քանի որ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հասարակությունները պատրաստ չէին այդ տարբերակին, դրա կենսագործումը երկուստեք մեծ դժվարություններ էր հարուցել»,-պարզաբանեց տիկին Աբդուլաեւան:

Շարունակելով ԼՂ կարգավորման համատեքստում կողմերին առաջարկված մոդելների թեման՝ նա ավելի ընդունելի տարբերակ համարեց ընդամենը 25 հազար բնակչություն ունեցող Ալանյան հակամարտության մոդելը: «Մենք առաջարկում ենք քննարկել այդ տարբերակը»,- ասաց տիկին Աբդուլաեւան՝ պարզաբանելով, թե «մենք» ասելով ինքը նկատի ունի ոչ թե Ադրբեջանի իշխանություններին, այլ՝ հասարակական մի շարք գործիչների, կոնֆլիկտոլոգների, մտավորականների եւ Հարավային Կովկասի մասնագետների: «Ես չեմ ասում, որ այն ունիվերսալ մոդել է, բայց եղածները քննարկելով՝ մենք եկել ենք այն համոզման, որ այսօրվա դրությամբ այդ մոդելն ամենաընդունելին կարող է լինել: Մենք՝ վրացի, հայ եւ ադրբեջանցի հասարակական գործիչներս, իրավապաշտպանները, մտավորականները, հասարակայնության ներկայացուցիչները, սկսել ենք բանակցություններ Ալանյան մոդելի ուսումնասիրության եւ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման համատեքստում հնարավոր կիրառման վերաբերյալ: Ընդ որում, մենք չենք առաջարկում վերցնել այս մոդելի բոլոր տարրերը, այլ միայն այդ մոդելի կմախքը, ամենաընդունելի դրույթները՝ ԼՂ-ի, Աբխազիայի համար, այն, ինչ կարող է ընդունելի լինել վրացական, ադրբեջանական կողմերի համար»:

Ա. Աբդուլաեւան առաջարկում է ձեւավորել համատեղ խումբ՝ Ալանդներ այցելելու համար, ինչը նախատեսվում է անել հաջորդ տարի, եւ քննարկել այս առաջարկությունը. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք համատեղենք մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների լուծման համար»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել