Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆ ԻՆՔՆ Է ՀԻՎԱՆԴ

Սեպտեմբեր 24,2004 00:00

ԲԺԻՇԿՆ ԻՆՔՆ Է ՀԻՎԱՆԴ «Թրանսփերանսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երեկ կազմակերպել էր սեմինար՝ «Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը Հայաստանում» թեմայով: Կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը նախ հարկ համարեց անդրադառնալ ԶԼՄ-ների՝ կոռուպցիոն թեմաներով հրապարակումներին, որոնք, ըստ նրա, մակերեսային են. «Բուն հետաքննող լրագրողներ, բացի մի քանիսից, չկան»: Ըստ տիկին Կոստանյանի՝ մեր ժողովուրդը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերում կոռուպցիայի հանդեպ, եւ փոխանակ միանա պայքարին, գերադասում է զոհի կեցվածք ընդունել: Սեմինարին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, որ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքներին՝ փաստարկելով, թե այդ պայքարը շղարշ է եւ իմիտացիա: ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը կոռուպցիայի դեմ պայքարը համեմատեց բուժման գործընթացի հետ՝ նշելով, որ հիվանդությունը բուժելու 2 ձեւ կա. 1. երբ բժիշկը գիտի՝ ինչպես բուժել, 2. երբ բժիշկն ինքն իրեն վարակում է այդ հիվանդությամբ, որպեսզի իրեն բուժելով՝ հիվանդի մոտ իր հանդեպ վստահություն առաջացնի: Եվ քանի որ այսօրվա պայքարողներն, ըստ պրն Խաչատրյանի, իրենք էլ վարակված են կոռուպցիայի հիվանդությամբ, հետեւաբար նախ՝ իրենք պետք է բուժվեն: Բագրատ Եսայանը հիշատակված իմիտացիայի եւ շղարշի առնչությամբ հարկ համարեց պարզաբանում տալ. «Եթե նույնիսկ իշխանությունն իր ողջ կազմով ցանկանա պայքարի իմիտացիա ստեղծել միայն, միեւնույն է՝ մեզ դա թույլ չեն տա. կան միջազգային կառույցների կողմից տրվող պահանջներ, որոնք շրջանցել չի ստացվի, որքան էլ այդ ցանկությունը մեծ լինի»: Հիշեցնենք, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարին լծված պետությունների՝ GRECO-ի կազմում է, իսկ վերջինս իր պահանջներում շատ խիստ է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել