Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անկախ ծիծաղստանը» Հայաստա՞նն է

Սեպտեմբեր 24,2004 00:00

«Անկախ ծիծաղստանը» Հայաստա՞նն է Երեկ կայացավ երգիծաբան Աշոտ Մհերյանի 10-ամյա ստեղծագործական ուղուն նվիրված «Անկախ ծիծաղստան» երեկոն՝ Ռաֆայել Քոթանջյանի, Աշոտ Ղազարյանի եւ այլ հայտնի արտիստների մասնակցությամբ։ Թե ինչո՞ւ էր երեկոն կրում «Անկախ ծիծաղստան» անունը, Աշոտ Մհերյանը պարզաբանեց. «Սա մի հորինած, բայց ոչ օրինաց երկիր է՝ շատ նման ԱՊՀ երկրներին, ուր անկախ ժողովրդից, միշտ անկապ բաներ են կատարվում։ Ու ամենագլխավորը՝ այդ երկրի սկիզբը դրված է, բայց վերջը չի երեւում»։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Լավ է, որ ունեք նման երկիր, գրելու թեման երբեք չի սպառվի», Ա. Մհերյանը պատասխանեց. «Մեր երկիրն էլ ոչ մի բանով հետ չի մնում Անկախ ծիծաղստանից։ Մեր երկրում էլ ինչքան ուզեք քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ կգտնեք»։ Երգիծաբանը մատնանշեց ջրմուղի, էլցանցերի, «ԱրմենՏելի» գործունեության արդյունքում ժողովրդի վրա իջած դարդուցավը։ Աշոտ Մհերյանը մտավախություն հայտնեց, որ եթե այսպես շարունակվի, մեր կենցաղից դուրս կմնան շատ սովորույթներ։ Օրինակ, աղջիկ ուզելիս մի բաժակ ջուր են խնդրում՝ տեսնելու, ստուգելու աղջկա քայլվածքը, բաժակի մաքրությունը եւ այլն։ Ըստ երգիծաբանի, մեր օրերում վախենում են աղջկանից ջուր խնդրել հասկանալի պատճառով՝ բոլորիս տներում էլ ջրաչափ է տեղադրված։ Հանդիսականը ոգեւորությամբ ընդունեց կուսակցությունների ու էս կուսակցությունից էն կուսակցություն վազող գործիչների մասին մենախոսությունը։ Այսպես՝ «մի սիմպոզիումի ժամանակ գրանցում են, թե որ կուսակցությունից քանի հոգի է ներկա։ Մոտենում է մի անդամ՝ ներկայանալով «Առնետ» կուսակցությունից։ Գրանցողը զարմանում է, ասելով՝ տնաշեններ, կուսակցության անունը դնեիք «Մկնիկ», բայց առնետի պես գործ անեիք։ Մեր հարցին՝ «Ձեր ֆելիետոններում, մենախոսություններում, մի խոսքով՝ երգիծական երկերում ընտրո՞ւմ եք այս կամ այն դեպուտատին», Ա. Մհերյանը պատասխանեց. «Մասնագիտությունիցս ելնելով հրապուրվում եմ Մանուկ Գասպարյանի, Արշակ Սադոյանի եւ այլոց ելույթներով, բայց դա ընդամենը պահ է, գալիս ու անցնում է»։ «Դժվար չէ ձեր երկերում ճանաչել անվանի մարդկանց, քաղաքական գործիչներին, հանրապետության նախագահին։ Երեւի միայն բարերարներին եք դուրս թողել ձեր տեսողական պրիզմայից» դիտարկմանը երգիծաբանն ասաց. «Ի դեպ, նախագահի մասին։ Երեւի նա հաստատ մոռացել է, որ մենք 21-րդ դարում ենք ու միշտ լավատես է, միշտ հույս է հայտնում։ Հիշեցնենք, որ 21-ը աչկո ա։ Բարերարներ էլ կան։ Կգա ժամանակ, որ բարերարների միջոցներով քաղաքի տարբեր մասերում կբացվեն պուլպուլակներ՝ իրենց անուններով»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել