Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի բանաձեւը

Սեպտեմբեր 24,2004 00:00

Կոռուպցիայի բանաձեւը Ինչու են քաղաքապետարանի փաստաթղթերը թաքուն պահվում Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումները բաց փաստաթղթեր են: Լրագրողը դիմում է քաղաքապետին՝ այդ բաց փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն նա հրաժարվում է տալ որոշումները: Լրագրողը դիմում է քաղաքապետի վերադասին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի չէ, նրան նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Նախագահական ապարատից լրագրողի դիմում-բողոքն ուղարկում են նույն քաղաքապետին, որպեսզի նա պատասխանի իր իսկ դեմ բերված բողոքին (արձանագրենք՝ սա օրենքի խախտում է, որովհետեւ լրագրողը բողոքարկել էր հենց քաղաքապետի «պատասխանը»): Քաղաքապետարանը դարձյալ հրաժարվում է տրամադրել պահանջվող որոշումները: Լրագրողը ստիպված դիմում է առաջին ատյանի դատարան: Դատավոր Գայանե Կարախանյանը մերժում է լրագրողի հայցը՝ այդպիսով սատարելով քաղաքապետին, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահին: Լրագրողը դիմում է արդարադատության նախարարին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դատական քննության ժամանակ բազմաթիվ օրենքներ խախտած դատավորի նկատմամբ: Նախարար Դավիթ Հարությունյանը մերժում է լրագրողի խնդրանքը՝ դրանով սատարելով դատավորին, Երեւանի քաղաքապետին, նաեւ՝ ՀՀ նախագահին: Լրագրողը դիմում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահին՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջինս նույնպես մերժում է լրագրողին: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահն էլ սատարում է արդարադատության նախարարին, դատավորին, քաղաքապետին, նաեւ՝ ՀՀ նախագահին: Լրագրողը դիմում է Վերաքննիչ դատարան: Երեք դատավորներ՝ Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ, առանց որեւէ մեկնաբանության մերժում են լրագրողի հայցը՝ սատարելով իրենց գործընկերոջը, իրենց նախարարին, քաղաքապետին, վարչապետին, նաեւ՝ ՀՀ նախագահին: Այս շղթան գործում է բոլոր ոլորտներում: Ուստի իզուր ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել ազգային ծրագիր: Այս շղթայի մեջ ընդգրկվածների դեմ ոչ ոք Հայաստանում չի կարող եւ չի ուզում պայքարել, որովհետեւ այս շղթայի մի օղակը մյուսի շարունակությունն է: Այս շղթայում գտնվողներից ոչ ոք չի ուզում, որ Հայաստանում գործի օրենքը: Ինչու քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրագրողներին չի տալիս իր եւ իր նախորդների որոշումները: Այլ բան չի մնում, քան կարծել, որ այդ որոշումներում անօրինականություններ կան: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել