Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ «ՊԱՏԱՆԴ ԵՆ» ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ

Սեպտեմբեր 24,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ «ՊԱՏԱՆԴ ԵՆ» ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ Արդեն 20 օր է, ինչ վրաց-ռուսական սահմանագծում (Վերին Լարս) սահմանի բացվելուն է սպասում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացի։ Հատուկ նկարագրում ենք այն իրավիճակը, որը մեզ ներկայացրեց սահմանագծից վերադարձած երեւանցի Գեւորգ Գեւորգյանը։ Վերին Լարս կոչվող ավտոտրանսպորտային անցակետում չկա առեւտրի կրպակ, զուգարան, բուժկետ եւ կենցաղային կարիքները հոգալու այլ հնարավորություններ։ 20 օր շարունակ, եւ այսօր նույնպես, մարդիկ, այդ թվում՝ կանայք, ծերեր ու երեխաներ, քնում են մեքենայի ու ավտոբուսի մեջ՝ նստած։ Մոտիկ բնակավայրը 12 կմ հեռավորության վրա գտնվող Կազբեկ գյուղն է, որտեղ հասնելու համար պետք է տաքսուն վճարել մոտ $10։ Մարդիկ սկզբում կերել են իրենց հետ վերցրած ուտելիքը, հետո, ով ձեռքին փող ուներ, մթերք է բերել Կազբեկից։ Ընդ որում, հացի հետ անհրաժեշտ էր այլ մթերք էլ գնել, թե չէ չէին վաճառում։ Սահմանագծի «պատանդները» չեն նեղվել միայն ջրից՝ այն հոսում է հարակից լեռներից։ Վրացական մի բեռնատարի վարորդ, իր մեքենայում փչացող միսը չթափելու համար՝ բաժանել է բոլորին։ Իսկ սեպտեմբերի 6-ին սահմանակետ է եկել վրացական շտապօգնության երկու մեքենա՝ բերելով մեկ օրվա հաց։ Պետք է ենթադրել, որ եթե հայերի հետ վրացիներ չլինեին, ապա շտապօգնությունն էլ չէր գա։ Այլ այցելուներ կամ օգնություն չի եղել։ Ինչպես հայտնի է, մարդիկ սահմանագծում մնացին բոլորովին անսպասելի։ «Սեպտեմբերի 3-ի առավոտյան, երբ մենք արդեն ռուսական սահմանակետում էինք եւ ստանում էինք էմիգրացիոն քարտերը, հանկարծ եկան մի քանի ռուս զինվոր եւ պահանջեցին տեղավորվել մեքենաների մեջ։ Հետո նրանց սպան կարգադրեց, որ բոլոր շարժակազմերը հետ գնան վրացական չեզոք գոտի, ինչպես եւ վարվեցինք։ Սահմանն անցան միայն ռուսազգի ուղեւորներն ու վարորդները՝ առանց բեռների։ Հայերի խումբը կազմում էին շուրջ 40-50 բեռնատարների վարորդներ եւ Երեւան-Արմավիր երթուղագծի մի ավտոբուս՝ 26 ուղեւորով։ Մի քանի օր անց մարդկանց մի մասը վերադարձավ Հայաստան եւ այժմ շուրջ 60-65-ն են մնացել»,- պատմեց Գ. Գեւորգյանը։ Նրա ասելով, բեռնատարների վարորդներին փոխարինելու են գնացել ընկերները, որպեսզի «մեքենաներն անտեր չմնան»։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ռուսական սահմանը չեն անցել նաեւ այն բեռնատարները, որոնք երթեւեկում էին միջազգային տրանզիտ բեռնափոխադրումների TIR համակարգի փաստաթղթերով։ Համակարգի անդամ երկիր է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Վարորդների կամ նրանց ընկերությունների կրած նյութական վնասին կանդրադառնանք մեկ այլ առիթով։ Այժմ պարզենք, թե ինչու են իրենց քաղաքացիներին օտար երկրում, «չոլի մեջ» բախտի խմահաճույքին թողել Հայաստանի իշխանությունները։ Լեռներով շրջապատված ամայի այս տարածքը հանգիստ կարող էր դառնալ չեչեն գրոհայինների հարձակման թիրախ։ Ապացույց՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան այս անցակետից ՌԴ սահմանագիծ տանող թունելային ճանապարհին մի տղամարդու դիակ է հայտնաբերվել, որի մոտ փաստաթղթեր չեն եղել։ «Ինչպես հետո պարզեցինք, նա մեր խմբից չէր, բայց անհայտ պայմաններում մեր շրջակայքում գտնված դիակը սարսափի մեջ գցեց բոլորիս։ Չէ՞ որ մեր անվտանգությունն էլ ապահովված չէր, այդքան բեռ կա ու անպաշտպան մարդիկ, ինչ ասես կարող է լինի»,- նկարագրեց Գ. Գեւորգյանը։ Ինչո՞ւ անցած 20 օրերի ընթացքում որեւէ մեկը չի հետաքրքրվել ՀՀ քաղաքացիների ճակատագրով կամ չի կազմակերպել նրանց վերադարձը։ Գ. Գեւորգյանին արտաքին գործերի նախարարությունում պատասխանել են, որ «նախագահն անձամբ է զբաղվում այդ գործով»։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը մեր նույն հարցին պատասխանեց. «Ամսի 15-ից, երբ փակվեց սահմանը, Հայաստանի իշխանությունները եւ Վրաստանի ու Ռուսաստանի մեր դեսպանատները աշխատանք են տարել մարդկանց օգնելու համար։ Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի սահմանագծում կուտակված մարդկանցից 50 հոգու կարողացանք անցկացնել Վրաստան։ Ժամը 21.00-ի դրությամբ նրանք հասնում էին Թբիլիսի եւ պետք է ուղեւորվեին Երեւան: Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսում գտնվողներին, ապա Դոնի Ռոստովի մեր հյուպատոսությունից շտապ պետք է մեկնեն այնտեղ՝ օգնության պարագաներով. դեղ, սնունդ եւ այլն»։ Հ. Գասպարյանի ասելով, մեր իշխանությունները տեղյակ են իրավիճակին, բայց հնարավորություններն են սուղ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել