Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետայրեր

Սեպտեմբեր 24,2004 00:00

Պետայրեր Երբ ասում ենք պետական այր, առաջին ասոցիատիվ ընկալումն այն է, որ տվյալ այրը պետական որոշակի կարեւորագույն գործառույթների կրողը, իրականացնողն ու պատասխանատուն է, ուստի՝ որեւէ նմանատիպ այր պետք է որ շատ կարեւոր եւ պատասխանատու լինի: Թեկուզեւ այն պատճառով, որ նրա գործունեությունն առնչվում է պետական այս կամ այն ինստիտուտին, հետեւաբար այդ ինստիտուտի սպեցիֆիկայով պայմանավորված՝ բազմաթիվ մարդկանց ճակատագրերին: Կարծում ենք՝ բավականաչափ սպառիչ նկարագրեցինք, թե ինչ ասել է պետական այր եւ թե որքան կարեւոր է նրա կատարած ամեն քայլն ու հրապարակայնորեն արտաբերած յուրաքանչյուր խոսքը պետության ու հասարակության համար: Վերջին օրերին հայաստանյան որոշ պետական այրեր կատարել են մի շարք, ըստ իրենց՝ պատասխանատու հայտարարություններ, որոնք մեր, այսինքն՝ ոչ պետական այրերիս կարծիքով, որեւէ կերպ չեն տեղավորվում պետական այրի մասին վերը շարադրված մեր պատկերացումների մեջ: Իսկ քանի որ առկա է ակնհայտ հակասություն պետական այրի կերպարի եւ նրա ասածների խելացիության միջեւ, ապա բոլոր հիմքերն ունենք անհանգստանալու, որ մեր պետությունը, գոնե որոշ պետական այրերի մասով, վտանգված է: Եվ այսպես, անդրադառնանք մի քանի ուշագրավ օրինակների՝ առանց մանրամասնելու դրանցում դեր ունեցող այրերի ինքնությունը, ինչն այս դեպքում ամենեւին էական չէ: Մեր կարեւոր պետայրերից մեկի կարծիքով՝ Հայաստանը կարող է զարգանալ եւ արդեն ահագին էլ զարգացել է՝ առանց ճանապարհների եւ էներգատար գծերի: Սա, համաձայնեք, չափազանց ուրախալի լուր է, քանզի մինչ այժմ շատերի մոտ տպավորություն կար, թե մեր զարգացման հիմնական խոչընդոտը հենց կոմունիկացիաների բացակայությունն է: Բայց հիմա, երբ փակվեց վրաց-ռուսական ճանապարհը եւս, ահագին մտորելիք առաջացավ: Մի կողմից, մեր պետայրի տրամաբանությամբ, Հայաստանը հիմա զարգանալու է է՛լ ավելի մեծ թափով, քանզի առանց ճանապարհների զարգանալու յուրօրինակ հատկություն ունի, բայց մյուս կողմից՝ չգիտես ինչու, հանրապետությունում իրար են խառնվել բոլոր մնացած պետայրերը: Մեկ այլ ականավոր պետայր օրերս պնդում էր, թե դոլարի կուրսի կտրուկ անկումը, մասնավորապես, պայմանավորված է ՀՀ տնտեսական աճով ու դրսից մեր հարազատների ուղարկած փողերի շատացմամբ: Հանդգնենք տրամաբանել. եթե նրանց ուղարկած փողերը շատացել են, ուրեմն աճել է ոչ թե ՀՀ-ի, այլ այն երկրների տնտեսությունը, որտեղից ուղարկվել են այդ փողերը: Իսկ եթե ՀՀ փոխանցվող գումարի աճը պայմանավորված է ՀՀ-ից արտագաղթածների ավելացման շնորհիվ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դարձյալ արտագաղթում Հայաստանից, երբ այստեղ տնտեսության կատաղի աճ կա: Վերջապես՝ մեկ այլ պետայրի մի դիտարկման մասին եւս. վերջերս նա պնդել է, թե ԵԽ-ում ԼՂ հարցով նախկին զեկուցող, ներկայումս նույն կառույցի գլխավոր քարտուղար Դեւիսի զեկույցն այլեւս բանի պետք չէ, քանզի արդեն կա նոր զեկուցող: Մնում է ենթադրել, որ հիմա նոր զեկուցողը հին զեկույցի էջերից թղթե ծիտիկներ կպատրաստի եւ ԵԽ-ի շենքի կտուրից ցած կթռցնի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել