Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրությունը քոնը չէ

Սեպտեմբեր 24,2004 00:00

Ընտրությունը քոնը չէ Ամեն ինչ որոշվում է իշխանության կուլիսներում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որը օգոստոսի 29-ին եւ սեպտեմբերի 19-ին դիտորդական առաքելությամբ եղել էր Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում եւ հետեւել էր տեղի ունեցած երկու քվեարկություններին էլ, երեկ հրապարակեց իր եզրակացությունը մասնավորապես՝ սեպտեմբերի 19-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ, լինելով այս ընտրատարածքի բոլոր 31 ընտրական տեղամասերում՝ հ/կ-ն արձանագրել է, որ, նախորդ ընտրությունների նման, սեպտեմբերի 19-ին էլ տեղ են գտել որոշ ընտրախախտումներ: Այդուհանդերձ, դիտորդական առաքելության եզրակացության համաձայն, նախորդ՝ օգոստոսի 29-ին կայացած եւ անվավեր ճանաչված ընտրությունների համեմատությամբ այս անգամ «քվեարկության օրն արձանագրված եւ հասարակությանն ու ընտրական իշխանություններին ներկայացված շատ կոպիտ, ակնառու, բացահայտ խախտումները վերաքվեարկության օրը վերացվել կամ նվազագույնի էին հասցվել»: Հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանի պարզաբանումից պարզվեց, որ իրենց այս լավատեսական գնահատականը, նաեւ՝ ընտրակեղծիքների նվազեցման մասին, հիմնված է մասնավորապես քարոզարշավից հրաժարված Արայիկ Հայրապետյանի վստահված անձանց բանավոր հայտարարությունների վրա՝ «որ բան չկա (ընտրախախտում-Ն.Մ.)՝ ի՞նչ ասենք»: Այդուամենայնիվ, հ/կ-ն միաժամանակ նաեւ շեշտել է «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով կոնկրետ դրույթներ եւ ներկայացնելով սեփական առաջարկներ: Ի շարս այլ դիտարկումների, կազմակերպության փոխնախագահ Խաչիկ Ոսկանյանը նկատեց, թե նախորդ՝ ամենատարբեր մակարդակներում տեղի ունեցած ընտրությունները ապացուցում են, որ «ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործող սկզբունքը չի նպաստում ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը»: Ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե լավագույն «Ընտրական օրենսգիրք» ունենալը կամ դիտորդական առաքելության ներկայությունն անգամ ազատ, արդար ընտրությունների համար բավարար պայման չեն, առավել եւս նկատի ունենալով հենց թիվ 44 ընտրատարածքի օրինակը, երբ ընտրությունները կանխորոշվում են իշխանական կուլիսներում եւ փոխադարձ համաձայնության պայմաններում, Հ. Համբարձումյանը խոստովանեց, թե նման ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին իրենք իմացել են միայն մամուլից: Ավելին, դիտորդները հիմք էին ընդունել ոչ թե հիշյալ հրապարակումները, այլ թեկնածուներից մեկին՝ Ա. Հայրապետյանին սատարող «Նիգ-Ապարան» կազմակերպության հայտարարությունը, թե նման պայմանավորվածություններ չկան: Բոլոր դեպքերում Հ. Համբարձումյանը վստահեցրեց, որ այդօրինակ փաստերի առկայության դեպքում անգամ համապատասխան օրենսդրության բարեփոխումն անհրաժեշտ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել