Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇՈՒՏՈՎ, ԵՐԵՎԻ, ՀՈՎԵՅԱՆ ԷԼ ԿԲԵՄԱԴՐԵՆ»

Սեպտեմբեր 24,2004 00:00

Ենթադրում
է «Գոյ» փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը
«Անընդհատ նախարարներ են գալիս՝ անծրագիր ու սուբյեկտիվ պարանոյայով տառապող, եւ ամեն անգամ համոզվում եմ, որ բոլորն էլ ոչ կոմպետենտ են: Չկա ազգային հստակ գաղափարախոսություն, ազգային անվտանգության դոկտրինա, կրթության, գիտության, մշակույթի մասին հստակ հայեցակարգ: Իսկ այն, ինչ Հովիկ Հովեյանը վերջերս ասուլիսում ներկայացրեց իբրեւ մշակութային քաղաքականության հիմնադրույթներ, ուղղակի իր թերուս ուղեղի արտադրություններն են՝ հապշտապ գրված, ոչ պրոֆեսիոնալ»,- հայտարարեց պրն Մազմանյանը: Կրկին անդրադարձ եղավ «Գոյ»- Սունդուկյան թատրոն հակամարտությանը: «Գոյը» վերջերս դիմել էր վարչապետին, խնդրել լուծել Սունդուկյանի անվան թատրոնում՝ իրենց զբաղեցրած տանիքի հարցը, առաջարկել, որ «Գոյին» վերջապես պետական թատրոնի կարգավիճակ տան եւ վերահաստատեն Սունդուկյան թատրոնի տարածքում: Վարչապետը դիմումը մակագրել էր մշակույթի նախարարությանը, վերջինս էլ մերժել էր, այն դեպքում, երբ, պրն Մազմանյանի խոսքերով, «ինչ զիրթ ու զիբիլ ասես պետական է, եւ «դարմաեդի» նման նստած՝ դոտացիայի վրա»: Ա. Մազմանյանը համոզված է, որ իրենց թատրոնը մայր թատրոնից լավ է աշխատում. «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերջին 10 տարիների խաղացանկը եթե նայեք, կտեսնեք, թե ինչ սատկած խնդիրներ են վերհանվում… Անպատասխանատվություն է տիրում թե ռեպերտուարային քաղաքականության, թե փողերը վատնելու առումով: Գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի նպատակը հավերժ գեղարվեստական ղեկավար մնալն է: Դրա համար էլ, երբ Շառոյանն էր նախարար, նրա պիեսն էր բեմադրում, հենց հանեցին, խաղացանկից պիեսն էլ հանվեց: Հովեյանը պիես չունի, գրել է չափածո: Բայց մի բան կբստրեն: Նրա չափածոներից էլ երեւի կգումարեն-կսարքեն «Պոեզիայի անթառամ էջերի անթոլոգիա» ներկայացում»: Ըստ Մազմանյանի, կարիք չկա «անթատրոն» երկրների կամ Թուրքիայի թատերական փառատոնին ունեցած հաջողություններով պարծենալու, որովհետեւ «Սունդուկյանցիների Չեխովը թուրքերը հավանել էին, քանի որ թուրքը հեռու է Չեխովից, ինչպես խոզը տուռնիկից, նրանց ինչ էլ ցույց տաս, կհավանեն: Թե կարող են, թող ներկայացում տանեն Սարաեւո, որտեղ նվաստիս թատրոնն է եղել, կամ Մոսկվայի, Կահիրեի եւ այլ իսկական միջազգային փառատոների մասնակցեն»:

Ա. Մազմանյանը պատմեց, որ Հ. Հովեյանը քանիցս հորդորել է իր եւ նախարարության մասին վատ չխոսել, «ասել է՝ քո համար լավ կլինի»: Բայց քանի որ չի կարող լռել, միշտ իրենց թատրոնին փորձում են վնասել: Թեեւ նախօրոք հայտ էին ներկայացրել մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին, չգիտես ինչու, միջոցառման բուկլետում Մազմանյանի ու նրա ներկայացումների մասին ոչինչ չի գրվել: Ըստ «Գոյի» գեղարվեստական ղեկավարի, միտումնավոր, նույն օրը, երբ Գարեգին Նժդեհ էին խաղում, մշակույթի նախարարությունը ծրագրով նախատեսված թատերական միջոցառումները բացել է ոչ թե որեւէ լուրջ ներկայացմամբ, այլ «Սունդուկյանի բեմում Համո Սահյանի որդու հետ մտերիմ ինչ-որ աղջնակի ասմունքով ու տպավորություններով»: Մշակույթի նախարարության հակամշակութային քաղաքականությունը այլեւս չի զարմացնում Ա. Մազմանյանին. «Ի՞նչ ասես մի նախարարի, որը հրապարակավ «սիկտիրչի» բառն է օգտագործում, սա նշանակում է, որ մենք նաեւ լեզվամտածողության հատակում ենք»:

Ա. Մազմանյանը նշեց, որ չնայած օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներին, «Գոյը» շարունակում է աշխատել: Շուտով կբեմադրվի բուլղար դրամատուրգի «Գնդապետ թռչունը» պիեսը, որտեղ ներգրավված են Տրդատ Մակարյանը, Մարինե Պետրոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ Մազմանյանի 5 ուսանողները: Այսօր հանդիսատեսի դատին կհանձնվի պրեմիերա՝ Զորիկ Բեկգասպարյանի ու Բամբիռ ռոք խմբի համատեղ աշխատանքի արդյունքը՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը» վիպակի: «Սա բացառիկ պրոյեկտ է: Մենք որպես փորձարարական կենտրոն տեղ ենք տալիս ամենաանսպասելի ու հետաքրքրիր երեւույթներին»,- ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նրա մյուս ուսանողը՝ Արթուր Տեր-Դանիելյանցն էլ գրել է պիես՝ «Իմ մահը», որը կբեմադրվի թատերական ինստիտուտի ուսանողների ուժերով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել