ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԿԼԻՆԻ
BBC-ի ռուսական ծառայության ինտերնետային էջում սեպտեմբերի 21-ին
հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հարցազրույցը:
Նա հայտարարել է, թե Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միջնորդների հանդիպման նպատակը երկու երկրների ղեկավարների մոտ քաղաքական կամքի առկայության բացահայտումն էր: «Մենք ասում ենք երկու կառավարություններին. ժամանակը ձեր օգտին չի աշխատում: Ավելի վատ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Տարածաշրջանային զարգացումը շրջանցում է Հայաստանին: Կառուցվում են խողովակատարներ, ճանապարհներ, երկաթգծեր, եւ Հայաստանը ձեռքից բաց է թողնում այն շահերը, որոնք կարող էր ստանալ ողջ տարածաշրջանի հետ տնտեսական ինտեգրումից: Երկիրը բարձր գին է վճարում բանակի համար, որին հարկադրված է պահել,- նշել է Սթիվեն Մանը:- Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկրի բավական մեծ մասն օկուպացված է, երկրում փախստականների թիվը հասնում է համարյա մեկ միլիոնի: Եվ որքան երկար է տեւում հակամարտությունը, այն ավելի շատ է ձեռք բերում մշտականի կարգավիճակ, ինչը չի բավարարում այդ երկրին»: Սթիվեն Մանը նաեւ ասել է. «Կարծում եմ, որ կան եւս երկու ասպեկտներ: Առաջին. ողբերգություն է, որ երկու երկրներում մեծանում է երիտասարդների սերունդ, որը թշնամի է տեսնում ի դեմս հակառակ կողմի: Եվ դա շատ վատ է: Եվ երկրորդ. պատային իրավիճակում զարգանում է ծայրահեղականությունը: Որքան ավելի երկար ժամանակ չի արձանագրվում առաջընթաց, այնքան ավելի շատ հնարավորություններ կան, որ 5, 10, 15 տարի անց ծայրահեղականները կարող են օգտվել իրավիճակից»: Ըստ նրա՝ կարեւոր է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կառավարությունը եւ ընդդիմությունը միավորվեն, «որպեսզի օրինականացնեն բանակցությունների գաղափարը, փոխզիջման գաղափարը»: Ընդ որում, Ս. Մանը նշել է, որ Մինսկի խմբի մանդատի էությունն այն է, որ ստեղծվի միջավայր, որտեղ երկու կողմերը կարողանան լուրջ բանակցություններ վարել, այլ ոչ թե այն, որ լուծում գտնենք եւ «պարտադրենք այն կողմերին»:
Սեփ. լր.