Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ»

Սեպտեմբեր 24,2004 00:00

Արմեն
Ռուստամյանը, Վարդան Օսկանյանը, Գառնիկ Իսագուլյանը եւ Վահան Հովհաննիսյանն
իրար ետեւից հրապարակավ խստորեն քննադատեցին Թերի Դեւիսի զեկույցը: ԵԽԽՎ-ում
մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է,
թե այս ամենը կարող է վտանգավոր լինել Ղարաբաղի համար:
– Թեեւ Թերի Դեւիսի զեկույցի ներկայացման պահից իսկ անընդհատ շեշտել եք, որ այն իրավական ուժ չունի, այնուամենայնիվ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ԱԳ նախարարը եւ այլ պաշտոնատարներ վերջին օրերին մտահոգություններ են արտահայտում այս փաստաթղթի առնչությամբ:

– Իսկապես, վերջին օրերին տարբեր կարծիքներ են հնչում, նաեւ իշխանությանը մաս կազմող մարդկանց կողմից, որ շատ ավելի վտանգավոր է, քան Թերի Դեւիսի զեկույցում առկա որոշ դրույթներ: Ինչո՞ւ, քանի որ մարդիկ կա՛մ պետք է տոգորված լինեն Ղարաբաղի հարցը սեփական նպատակների համար օգտագործելու մարմաջով, կա՛մ ուղղակի չպատկերացնեն, թե նման մոտեցումների եւ հայտարարությունների հնչեցումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ ապագա զեկույցի վրա:

Նրանք հայտարարում են, թե Մեծ Բրիտանիան ընդհանրապե՛ս չի կարող լինել անաչառ կողմ (նման պնդումներով հանդես են եկել ե՛ւ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ե՛ւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ փաստարկելով, թե Մեծ Բրիտանիան շահագրգիռ է Ադրբեջանի հարցում՝ «պայմանավորված նավթային գործոնով».- Ա. Ի.): Եվ հետեւություն են անում, թե բրիտանացի պատգամավորներն ընդհանրապե՛ս չեն կարող անաչառ լինել եւ այլն: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ԵԽԽՎ-ն բացարձակապե՛ս չի ընդունում մերկապարանոց մեղադրանքներն իր պատգամավորների հասցեին: Որպես մեխանիզմ՝ սա բացարձակապե՛ս անընդունելի է եվրոպական կառույցների հետ աշխատանքներում:

Մյուս կողմից՝ հատկապես նման խնդրին այս ոչ կառուցողական մոտեցումն ինքնին վտանգավոր է, քանի որ մենք ոչ թե պետք է մերկապարանոց կերպով ամեն ինչ ժխտենք, այլ սառը եւ հանգիստ պիտի ներկայացնենք, թե այդ զեկույցում ինչն է անընդունելի մեզ համար եւ ինչն է, որ իսկապես կարող է հիմք լինել հաջորդ զեկույցի համար: Հարցի պարզապես ժխտումն օտարների մոտ ակնհայտորեն կասկած է առաջացնելու, թե մենք ընդհանրապես ոչինչ չունենք ասելու Ղարաբաղի հարցում եւ ուղղակի փորձում ենք ավելորդ աղմուկ բարձրացնել՝ խուսափելով այդ խնդրի քննարկումից: Մի բան, որ անհարիր է Եվրախորհրդի անդամ երկրին:

Իսկ որ Թերի Դեւիսի զեկույցում իսկապես կան չափազանց կարեւոր գաղափարներ՝ ակնհայտ է: Ուղղակի մարդիկ պետք է գոնե մի անգամ կարդային այդ փաստաթուղթը եւ հետո փորձեին ինչ-ինչ մտավարժանքներ անել: Ու պիտի տեսնեին, որ երբեւէ չի եղել որեւէ փաստաթուղթ, որտեղ օգտագործվել են նման կարեւոր դրույթներ: Օրինակ՝ նշվել է, թե որոնք պետք է լինեն որեւէ երկրից մարզի անջատման հիմքերը («Վեհաժողովը վերահաստատում է, որ մարզային տարածքի անկախությունը եւ առանձնացումը պետությունից կարող է ձեռք բերվել օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով՝ հիմնված տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա»,- նշված է Թերի Դեւիսի առաջարկած բանաձեւի նախագծում: Եվ սա, փաստորեն, այն է, ինչ իրականացվել է ղարաբաղյան շարժման սկզբում՝ ստորագրահավաք, հանրահավաքներ, մարզային խորհրդարանի որոշում, հետո հանրաքվե.- Ա. Ի.): Որեւէ փաստաթղթում ինքս երբեւէ չեմ հանդիպել նման ձեւակերպումների: Ավելին, Դեւիսի բանաձեւում եւ հուշագրում կան այն բանալիները, որոնցով կարող ենք հասնել մեզ համար ընդունելի եւ Ղարաբաղի համար նպաստավոր զեկույցի ձեւավորման:

Ես պատրաստ եմ հրապարակել բանաձեւի եւ առաջարկությունների նախագիծը, որ մարդիկ կարողանան գնահատել փաստերով: Եվ կարդալ իմացողներին պարզ կդառնա, որ Թերի Դեւիսի զեկույցում, այո՛, կան անընդունելի դրույթներ, բայց կան նաեւ կարեւոր ձեւակերպումներ, որոնք պետք է ամեն ինչ անենք, որ դառնան ապագա զեկույցի հիմք: Ուղղակի ժխտումը ոչնչի չի բերի Ղարաբաղի հարցում. ճիշտ հակառակը՝ կհանգեցնի մեզ համար շատ անցանկալի հետեւանքների:

– Այս հարցի շուրջ արտահայտվողները պնդում են, թե որեւէ երաշխիք չկա, որ Դեյվիդ Աթկինսոնը չի փոխառի Թերի Դեւիսի զեկույցի անընդունելի դրույթները: Իսկ ընդհանրապես՝ նոր զեկուցողի տեսակետներն ու անաչառությունը խնդրահարույց են մեր պաշտոնատարների համար:

– Պարզ է, որ նոր զեկուցողը կարող է օգտագործել Դեւիսի ցանկացած դրույթ: Սակայն նման հայտարարություննե՞րը պետք է նպաստեն, որ ներառվեն ընդունելի դրույթներ: Ի սկզբանե, առանց որեւէ քայլ անելու մարդուն մեղադրանքներ ներկայացնելո՞վ պիտի նպաստեն դրան: Կամ Մեծ Բրիտանիան ու բրիտանացիներին մեզ թշնամի կարգելո՞վ:

Իհարկե, ես էլ եմ ծանոթ հակամարտությունների լուծման սկզբունքների առնչությամբ պրն Աթկինսոնի մի շարք նկատառումներին եւ չէի ասի, թե դրանք համընկնում են իմ տեսակետներին: Բայց մի բան է մոտեցումները չկիսելը եւ աշխատելը, որ փոխվեն դրանք, մեկ այլ բան՝ դեռեւս աշխատանքները չսկսած մարդուն ի սկզբանե մեղադրելը: Ընդգծում եմ՝ այս վտանգավոր երեւույթը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Ղարաբաղի հարցի առնչությամբ:

– Արդյոք այս հայտարարությունները նաեւ սուբյեկտիվ գործոնո՞վ չեն պայմանավորված: Գաղտնիք չէ, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հավակնություն ուներ գլխավորելու Եվրախորհրդում մեր պատվիրակությունը: Եվ այժմ գուցե փորձ է արվում ցուցադրել, թե բավարար աշխատանք չէր տարվել՝ կանխելու այս զեկույցում աննպաստ ձեւակերպումների ի հայտ գալը:

– Քանի որ անձնական խնդիրներ են շոշափվում՝ չէի ցանկանա շատ մանրամասնել, թե որոնք են դրդապատճառները: Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, թե անձնական հարաբերությունները կամ ինչ-որ մարդկանց նկրտումներն ունեցե՞լ են ազդեցություն: Սա չէ կարեւորը, այլ հայտարարությունների հետեւանքները: Առավել եւս, որ արվել է առավելագույնը, ինչ հնարավոր էր անել՝ անընդունելի դրույթներ պարունակող զեկույցը չի քվեարկվել, փաստաթուղթ չի դարձել, եւ պետք է կազմվի նոր զեկույց:

Բայց ուրիշ խնդիր կա. կարծում եմ, բոլորը շատ լավ գիտեն, թե ԵԽԽՎ պատվիրակությունում ո՛վ է աշխատում եւ ի՛նչ անում: Մանրամասնելու կարիք չկա, քանի որ չեմ ուզում անձնավորել: Ինչ արվել է այս մեկ տարվա ընթացքում՝ շատ ավելին է, քան ընդհանրապես հնարավոր էր անել Հայաստանի համար: Եվ թե այստեղ ո՛վ, ի՛նչ ներդրում ունի՝ ակնհայտ է բոլորի համար: Անկեղծ ասած՝ մե՜ծ հաճույքով չէի զբաղվի այս հարցերով, քանի որ սա միայն բարդ, լարված, փաստաթղթերի հետ ամենօրյա աշխատանք պահանջող գործ է, մի բան, որ, դժբախտաբար, Հայաստանի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը խուսափում է անել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Թերի Դեւիսի զեկույցին. ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց շատ լավ հայտնի է, որ պատվիրակությունը երբեք չի զբաղվել Ղարաբաղի խնդրով՝ դա ո՛չ մեր պարտականությունների, ո՛չ էլ լիազորությունների շրջանակում է: Շատ լավ հայտնի է, թե ովքեր են զբաղվել այս հարցով եւ հանդիպումներ ունեցել, քանի որ զեկույցը կազմվել է հանդիպումների արդյունքում: Նաեւ շատ լավ հայտնի է, թե այս զեկույցը երբ եւ ինչպես հայտնվեց ԵԽԽՎ օրակարգում: Եվ եթե մարդիկ որեւէ բան ունեին անելու՝ թող իսկապես ժամանակին օրու- գիշեր աշխատեին ու այդ զեկույցը չհայտնվեր օրակարգում, որ շատ ավելի հեշտ էր, քան մնացած աշխատանքը: Առավել եւս, երբ Թերի Դեւիսը գլխավոր քարտուղար չէր (այդ ժամանակ նա նաեւ ԵԽԽՎ սոցիալիստների խմբի ղեկավարն էր, որի կազմում է Արմեն Ռուստամյանը.- Ա. Ի.): Այսինքն՝ եթե իսկապես կարիք լինի փնտրելու, թե ո՛վ ի՛նչ չի արել կամ ում մեղքով ինչ չի արվել, ապա պատրաստ եմ ցանկացածի հետ հրապարակավ բանավիճել թե՛ Դեւիսի զեկույցի, թե՛ ԵԽԽՎ-ում կատարվող աշխատանքի շուրջ: Վստահ եղեք, որ գլխիկոր կմնան: Բայց ի վերջո հարցը վերաբերում է ԼՂ-ին, եւ մարդիկ պետք է պարկեշտություն ունենան ու հրաժարվեն անձնական կամ խմբակային էժանագին հեղինակություն ձեռք բերելու իրենց նկրտումներից: Սա ամենակարեւորն է՝ պետք է հասկանալ, որ քայլեր են արվում, որոնք իսկապե՛ս վտանգում են Ղարաբաղի խնդիրը:

– Այս հարցում կարծես որդեգրել եք ձգձգմա՞ն մարտավարություն: Ասուլիսում նշեցիք, թե Մեծ Բրիտանիայում շուտով խորհրդարանական ընտրություններ են, իսկ Դեյվիդ Աթկինսոնը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Հույս ունեք, թե նա ուղղակի չի՞ հասցնի 2005-ի հունվարին զեկույց ներկայացնել, իսկ հետո դուրս կմնա Եվրախորհրդից, ու դարձյալ կփոխվի զեկուցողը:

– Նախ ասեմ, որ այս հարցի հետ կապված աշխատանքն ամենաքիչը կարիք ունի հրապարակային քննարկման: Մյուս կողմից, որեւէ հարց լուծելու համար ես հույս չեմ դնում որեւէ մեկի ասածի վրա: Ես աշխատում եմ ու փորձում ամեն ինչ անել, որ լուծվեն հարցերը: Չեմ ուզում աչքով տալ, բայց առայժմ ամեն ինչ ստացվել է:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. «Առավոտի» վաղվա համարում հրապարակվելու են Թերի Դեւիսի
զեկույցի բանաձեւի ու առաջարկությունների նախագծերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել