Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԿՄԵԿՆԻ ՄԱՐԶԵՐ

Սեպտեմբեր 23,2004 00:00

ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԿՄԵԿՆԻ ՄԱՐԶԵՐ Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան սեպտեմբերի 26-ին կբացի նոր թատերաշրջանը՝ Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերային ներկայացմամբ։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավար, կոնսերվատորիայի սիմֆոնիկ եւ խմբավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը մեր զրույցի սկզբում կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ անցյալ թատերաշրջանը իրենք չեն էլ փակել։ Ասածը փաստելով, որ օգոստոսին մեկնել են Արցախ. «Ի դեպ, Ստեփանակերտում առաջին անգամ ներկայացվեց օպերային բեմադրություն (Պերգոլեզի «Սպասուհին՝ տիրուհի»), իսկ վերադառնալուն պես, «Մեկ ազգ, մեկ մշակույթի» շրջանակներում կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները, երիտասարդ ռեժիսոր Արսեն Ղազարյանի բեմադրությամբ հանդիսականի դատին հանձնեցին «Ագնուս դեի» (Աստծո գառը) ներկայացումը, որը տարբեր հեղինակների (դասական եւ ժամանակակից կոմպոզիտորներ) ստեղծագործությունների հիման վրա ծնված երաժշտական բեմադրություն է, ուր վոկալ արվեստը համեմված է մնջախաղով ու պարարվեստով»։ «Առավոտի» հետաքրքրությանը, թե երիտասարդ վոկալիստները ինչպես հաղթահարեցին մնջախաղի ու պարարվեստի դժվարությունները, պարոն Միրզոյանը նշեց, որ կոնսերվատորիայում ուսման հենց առաջին օրվանից ապագա երգիչներն անցնում են դերասանի վարպետություն, բեմական շարժում. «Ստուդիան արդեն նվաճել է երաժշտական աշխարհում նոր շնորհալի ուժեր ձեւավորող դարբնոցի համբավ։ Բավական է ասել, որ մեզ մոտ են իրենց երգչական, արտիստական մկրտությունը ստացել Արաքս Դավթյանը, Անահիտ Մխիթարյանը, Գայանե Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Կոնստանտին Սիմոնյանը եւ այլք։ Այսօր էլ մեր ազգային օպերային թատրոնում իբրեւ մեներգիչներ բեմ են բարձրանում երիտասարդ կատարողներ (Նարինե Անանիկյան, Լիլիթ Գրիգորյան, Աննա Մնացականյան, Վահան Մակվեցյան եւ այլք), որոնք իրենց բեմական գործունեությունը սկսել են օպերային ստուդիայում։ Էլ չեմ ասում, որ այսօր աշխարհի ճանաչված օպերային թատրոններում հանդես են գալիս ստուդիայի նախկին մեներգիչները»։ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ նոյեմբերին տեղի կունենա Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի բեմադրությունը (ռեժիսոր՝ օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր եւ օպերային պատրաստման ամբիոնի վարիչ Հովհաննես Հովհաննիսյան), որը խաղացանկային այլ ներկայացումների (Չիմառոզա՝ «Դիրիժորը», Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն», Հայդն՝ «Դեղագործը», Պուչինի՝ «Քույր Անժելիկա» եւ այլն) թվում կներկայացնեն «հանրապետության անգամ այն մարզերում, որտեղ կան գոնե մինիմալ պայմաններ օպերային ներկայացումներ ցուցադրելու համար, իսկ մարզային ծրագիրը կսկսվի հոկտեմբերին՝ Գավառից»։ Գիտենք, որ արդեն մոտ քառորդ դար գործող օպերային ստուդիան հանդես է եկել Ռուսաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, իսկ մոտակա ի՞նչ շրջագայություն է սպասվում արտերկիր: Մեր այդ հարցին Հովհ. Միրզոյանը պատասխանեց. «Մենք այստեղ էլ մեծ հաճույքով ենք խաղում։ Մեզ համար արտասահման մեկնելը գերնպատակ չէ։ Իսկ ինչ վերաբերում է հյուրախաղերին, ընթանում են լուրջ բանակցություններ եւ չեմ ուզում ժամանակից առաջ անցնել՝ կապրենք, կտեսնենք»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել