Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

$4,8 ՄԻԼԻՈՆ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ ԿԱՏԱԿ ԳՈՐԾ ՉԷ

Սեպտեմբեր 23,2004 00:00

$4,8 ՄԻԼԻՈՆ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ ԿԱՏԱԿ ԳՈՐԾ ՉԷ Սակայն այդ հանցագործության մեջ մեղադրվողը ազատության մեջ է, իսկ նրա դատաքննությունը «սառեցված» է։ 2002թ. դեկտեմբերից ՀՀ գլխավոր դատախազությունը քննում էր ռուսաստանյան «Ռոսվնեշտորգ» պետական ձեռնարկության կողմից կատարված ներդրումների ոչ նպատակային օգտագործման քրգործը։ 1996-ից սկսած, «Ռոսվնեշտորգի» կողմից կատարվեց 6 մլն դոլարի ներդրում, որից վերադարձվեց 1 մլն դոլարը։ Մնացածը ըստ «Ռոսվնեշտորգ» ՊՁ նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ներկայումս ՌԴ «Ինվեստվնեշտորգ» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մուրադյանի, հափշտակվել է «Ռոսվնեշտորգի» ներկայացուցչության ղեկավար Սանասար Ալեքսանյանի կողմից։ Վերջինիս դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն էլ ամիսներ շարունակ «թթվել» է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ «Ռոսվնեշտորգի» իրավահաջորդ կազմակերպության ներկայացուցիչ Նորիկ Մուրադյանը՝ տեսնելով, որ «սայլը տեղից չի շարժվում», օրեր առաջ դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Անդրադառնալով գործի բուն էությանը, իրավահաջորդը դժգոհում է, որ առաջադրվել է մեղադրանք «ընդամենը» 4,8 մլն դոլարի հափշտակության։ Պրն Մուրադյանը հարցնում է գլխավոր դատախազին, թե ի՞նչ է եղել 4,8 մլն դոլար ինվեստիցիոն գումարը։ Դատաքննության ժամանակ իսկապես առաջացել են հարցեր, որոնք առայժմ չեն պարզաբանվել։ Ըստ ամբաստանյալ Ս. Ալեքսանյանի տված բացատրությունների, նա «Դվին» կոնցեռնից ստացել էր 118099 դոլար արժողության կոնյակ՝ Մոսկվա ուղարկելու նպատակով։ Սակայն ոչ կոնյակն է Մոսկվա հասել, ոչ էլ գումարը։ Ս. Ալեքսանյանի ցուցումով «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի ձեռք բերած 100 հատ մոտոկուլտիվատորները «Դվին» կոնցեռնը հանձնել է Ալեքսանյանին պատկանող «Ռուսա-3» ՍՊԸ-ին։ Դրանք իբրեւ թե ուղարկվել են Իրկուտսկ եւ դրա դիմաց ստացվել է 30000 դոլար գումար։ «Մինչ օրս,- Մոսկվայից մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց Ն. Մուրադյանը,- ոչ ապրանքը կա եւ ոչ էլ գումարն է ստացվել»։ Գործում կան նաեւ այլ չբացահայտված դրվագներ։ Ն. Մուրադյանը մասնավորապես տեղեկացնում է գլխավոր դատախազին, որ Հայաստան պետք է ներկրվեր 772533 դոլար արժողության իտալական սպագետի եւ ֆրանսիական օծանելիք։ Դրանք ի պահ են տրվում Երեւանի առեւտրի բազային, սակայն Ս. Ալեքսանյանի գրությունների հիման վրա հետագայում բաց են թողնվում։ Բայց վճարված 772533 դոլար գումարի համարժեք ապրանքը չի մուտքագրվել։ Ս. Ալեքսանյանը նախաքննության ժամանակ պնդել էր, թե այդ ապրանքները չի մուտքագրվել, քանի որ դրանք գողացվել են անհայտ հանցագործների կողմից։ Մինչդեռ գողության մասին իրավապահ մարմիններին ընդհանրապես հայտարարություն չի ներկայացվել։ Դատաքննության ժամանակ այս դրվագի մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Ակամայից հիշում ես, որ օրեր առաջ 150 դոլար հափշտակելու համար այս նույն դատարանում ազատազրկման դատապարտվեց մի քաղաքացի, իսկ Ս. Ալեքսանյանից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն է վերցվել։ Հիշեցնենք, որ միայն այս դրվագով խոսքը 772533 դոլարի մասին է։ Նմանատիպ սխեմայով անհետացել էր հարյուր հազարավոր դոլարների ապրանք։ Ն. Մուրադյանը պահանջում էր գլխավոր դատախազից՝ իրական տիրոջը՝ Ռուսաստանին վերադարձնել հափշտակված գումարները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել