Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵ՞ՇՏ Է ԱՐԴՅՈՔ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ԼԻՆԵԼԸ

Սեպտեմբեր 23,2004 00:00

ՀԵ՞ՇՏ Է ԱՐԴՅՈՔ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ԼԻՆԵԼԸ Մի՛ շտապեք դրական պատասխան տալ: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Վրեժ Օսիպյանի խոստովանությունից դատելով՝ Հայաստանում լավ չեն ապրում անգամ սափրագլուխները: Սափրագլուխները լավ չեն ապրում ոչ միայն այն պատճառով, որ լրագրողների եւ քաղաքական գործիչների վրա նրանց քսի տված տերերը հեշտությամբ նաեւ «զոհ» են տալիս իրենց կամակատարներին: Ապացույցը Գագիկ Ստեփանյանի ճակատագիրն է, որը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հայտնվեց Ծաղկաձորում «Ֆոտոլուրի» թղթակից Մխիթար Խաչատրյանի վրա հարձակվելուց հետո: Ճիշտ է, նա, որ մի-երկու անգամ էլ դրանից առաջ էր դատվել, առանձնապես չի բողոքում իր բախտից: «Ես ձախ ոտի վրա նստող տղա եմ»,- մեկուսարանում ասում էր նա՝ ակնարկելով, թե հեշտությամբ է տանում նեղությունները: Սակայն կատարվածի այլ գնահատականներ էլ կան: Վերջերս մեծահարուստներից մեկը մեր ներկայությամբ քամահրանքով արտահայտվեց ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) հասցեին՝ թե իր մարդը նստած է, իսկ նա ոչինչ չի անում: Սակայն որ այս տպավորությունը խաբուսիկ է՝ կփաստարկենք վերջում: Իսկ մինչ այդ անդրադառնանք մեկ այլ սափրագլխի՝ Վրեժ Օսիպյանին, որի լուսանկարն անընդհատ հրապարակվում էր լրագրողների վրա ապրիլի 5-ի հարձակման առնչությամբ, բայց մարդը ծպտուն իսկ չէր հանում, մինչեւ ի դեմս նրա՝ ապրիլի 22-ին իրեն ծեծի ենթարկածներից մեկին ճանաչեց նաեւ Աշոտ Մանուչարյանը: Սեպտեմբերի 17-ին Վրեժ Օսիպյանն այցելել էր «Առավոտի» խմբագրություն եւ զրուցել գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի հետ: Բավական երկար տեւած զրույցի որոշ մանրամասներ արդեն հրապարակվել են, սակայն ոչ պակաս ուշագրավ են նաեւ նրա այլ խոստովանությունները: Քանի որ շատ են վկայությունները, թե այս սափրագլուխներն օլիգարխների թիկնապահներ են կամ ոստիկանության 6-րդ վարչության պետ Գիզիրյանի ձեւավորած հատուկ խմբի «մարտիկներ»՝ լրագրողներին հետաքրքրել էր, թե ինչպե՞ս է ապրում Վրեժը, ի՞նչ աշխատանք ունի: Եվ նա պատմել էր, թե չի աշխատում ու նույնիսկ պարտքով է հեռուստացույց գնել, այսինքն՝ ապառիկ: Վրեժ Օսիպյանը նաեւ հայտնել էր, որ ծնողները շուկայում առեւտուր են անում, սակայն հոր համար մեքենա է գնել, որ փող աշխատի որեւէ տաքսի ծառայությունում: Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանը վաղօրոք հայտնել էր մամուլին. «Վրեժը ծագումով ղարաբաղցի է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել ղարաբաղյան պատերազմում: Հայաստան է եկել 1996-ին եւ 3-րդ մասում բենզալցման կայան ուներ, որը, սակայն, ապրիլյան դեպքերից առաջ վաճառել էր»: Ահա այս զրույցի ընթացքում Օսիպյանը հաստատել է, թե լցակայանը վաճառել է ֆինանսական վատ վիճակի պատճառով: Լրագրողները նրան հարցուփորձ են արել նաեւ ապրիլի 5-ի բռնությունների մասին, որոնց Վրեժ Օսիպյանն առնվազն ներկա է գտնվել: «Կայնել եմ, տղերքին բարեւել եմ, տեսել եմ անախորժություններ եւ այլն, թողել-հեռացել եմ»,- իր գործընկերների՝ «եկել էի խմորեղեն առնելու», «աղջկա հետ սրճարանում էի» վարկածների շարքին եւս մեկն էր հավելել նա: Նշենք նաեւ, որ նա չի հարցաքննվել ո՛չ այս փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով, ո՛չ էլ դրանից անջատված մասով, որի նպատակն իբր «մասնակից այլ անձանց» հայտնաբերելն էր: Իսկ լրագրողների հարցերին արձագանքելով՝ «Դուք ասում եք՝ լավ տղերք եք, լավ տղերքի շրջապատ եք, բայց ո՞նց եք ձեռք բարձրացրել կնոջ վրա: Չե՞ք վախենում, որ լավ տղերքը ձեզ իշխանությանը ծառայելու համար փչացնեն»՝ Վրեժ Օսիպյանն ուղղակի շփոթվել է եւ դարձյալ արդարացել, թե «Նաիրիի» մոտ հայտնվել էր պատահաբար, տեսել էր մի-երկու հոգու, որոնց հետ պարբերաբար մարզվում է ֆիթնես-ակումբում, եւ նրանց հետ է մնացել հազիվ 10 րոպե: Թերեւս անհիմն չեն այն լուրերը, թե «լավ տղերքի» շրջանակը, մեղմ ասած, չի ողջունում սափրագլուխների վարքը: Ի դեպ, Աշոտ Մանուչարյանի գործը քննող Կենտրոնի ոստիկանության քննիչ Արսեն Այվազյանը հայտնեց, որ Վրեժ Օսիպյանը ներկայացել է ոստիկանություն եւ արդեն իսկ հարցաքննվել: Էդիկ Բաղդասարյանին էլ ոստիկանությունում «զգուշացրել» են, թե Աշոտ Մանուչարյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ցանկացած հրապարակումից հետո նրան կհրավիրեն հարցաքննության: Այժմ դառնանք Ծաղկաձորի դեպքերին: Սկզբում «Իրավունքը», հետո՝ «Նոյյան տապանը», իսկ երեկ էլ՝ «Ազատություն» ռ/կ-ն փորձել էին պարզել, թե երբ է Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը սկսելու այս գործի դատաքննությունը: Սակայն պարզել էին, որ մեղադրական եզրակացությունը թեեւ դեռ սեպտեմբերի 7-ին է ուղարկվել գլխավոր դատախազությունից, սակայն այդպես էլ չի հասել դատարան: Կարճ ասած՝ գործը կորել է: Կեզրակացնեինք, թե փորձել են փակել այս պատմությունը: Բայց խնդիրն այն է, որ Գագիկ Ստեփանյանը մնում է մեկուսարանում՝ «ձախ ոտի վրա նստած»: Չէ, իրոք հեշտ չէ սափրագլուխ աշխատելը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ՝ իրավապահ համակարգին առնչվող եւս մի լուր: Երեկ վերջապես հաջողվեց գլխավոր դատախազությունից պարզել, որ «Արդարություն» դաշինքի եւ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ գործերը շուրջ 1 ամիս առաջ կարճվել են իրադրության փոփոխման հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել