Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԷԻՆ

Սեպտեմբեր 23,2004 00:00

Աթենքում օլիմպիական խաղերի ժամանակ գյումրեցի եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը նախնական մրցահերթում իրեն ընձեռված երեք հնարավորություններից հաջող օգտագործեց միայն մեկը: Ցատկելով 15,05 մետր՝ նա չմտավ եզրափակիչ փուլ:

Նրա եւ վանաձորցի արագավազորդուհի Մարինե Ղազարյանի մրցելույթները գնահատում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանը:

«Նախ, ասեմ, թե ինչպես են այդ երկու աթլետները ընդգրկվել օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակում: Մեր ֆեդերացիան տարվա ընթացքում անցկացնում է 36 միջոցառում, որից 27-ը՝ հանրապետական նշանակության: Հանրապետական մրցումներից երկուսը միջազգային ֆեդերացիայի թույլտվությամբ օլիմպիական վարկանիշային մրցումներ են: Մայիսի 15-ին Հայաստանի չեմպիոնատի ժամանակ եռացատկում երկու հոգի՝ Արմեն Մարտիրոսյանը եւ կապանցի Էրիկ Նուրիջանյանը, վարկանիշ կատարեցին: Գոյություն ունի երկու կարգի վարկանիշ՝ «Ա» եւ «Բ»: Առաջինի պահանջները լրացնելու դեպքում՝ 16,95 մետր, քանի հոգի էլ լինեն, բոլորը Խաղերի ուղեգիր են ստանում, իսկ երկրորդի դեպքում՝ 16,55 մետր, ուղեգիր տրվում է մեկ հոգու: Հայաստանի չեմպիոնատում Էրիկը մեկ սանտիմետրով՝ 15,56, մետր հաղթեց Արմենին: Դրանից երկու շաբաթ հետո Գառնիկ Ղուկասյանի հուշամրցումներում Արմենը ցույց տվեց 16,68 մ արդյունք, իսկ Էրիկը, որ վնասվածք ուներ, 15,80: Այդ պատճառով Մարտիրոսյանն ընդգրկվեց օլիմպիական հավաքական: Մեկ հոգու՝ աղջիկներից, միջազգային ֆեդերացիան եւ ՄՕԿ-ը առանց վարկանիշի թույլատրել էին մասնակցել օլիմպիական խաղերին: Եվ, հասկանալի է, նա եղավ մեր լավագույն արագավազորդուհի Մարինե Ղազարյանը:

Հենց այդ ժամանակվանից էլ ըստ էության սկսեցինք նպատակային նախապատրաստվել օլիմպիական խաղերին: Մեկնեցինք Թուրքիա՝ «Գրան Պրի» մրցումների: Այնտեղ Արմենը հանդես եկավ հեռացատկում, որպեսզի վարկանիշ լրացնի ու Էրիկին էլ Աթենք մեկնելու հնարավորություն ընձեռի: Սակայն վնասվածք ստացավ: Դրանից հետո հավաքների մնացինք Թուրքիայում եւ այնտեղից մեկնեցինք Սերբիա՝ Եվրոպայի գավաթի խաղարկության: Արմենը, չնայած վնասվածքին, 15,80 մետր ցուցանիշով գրավեց 4-րդ տեղը: Վերադառնալով Երեւան՝ ես դիմեցի ՀԱՕԿ՝ Արմենի վնասվածքը բուժելու համար: Ամեն բան արվեց, ու վնասվածքը երկու շաբաթում անցավ: Խաղերից առաջ վերջին թեստային ստուգումների ժամանակ Արմենը վեց քայլից, այլ ոչ թե թափավազքից, ցատկում էր 15,80 մետր: Իսկ Աթենքում վերջին մարզումներին նրա արդյունքները այնպիսին էին, որ եզրափակիչ մտնել կարող էր: Միայն նեղվում էր, որ ուժեղ մրցակիցների հետ պայքարում պետք է ցատկեր մոտ 16,80 մետր՝ եզրափակիչ մտնելու համար: Ի՞նչ տեղի ունեցավ: Առաջին փորձն Աթենքում ցատկ չէր: Տեսնելով, որ հենացատկի նշագծին չի հարմարվում, նա վազելով անցավ ցատկափոսի միջով: Բայց մրցավարները սահմանված կարգով չափեցին ու գրանցեցին 15,05՝ մետր Արմենի համար ծիծաղելի արդյունք: Հաջորդ երկու փորձերը նա, մեր տերմինով ասած, «զաստուպ» արեց ու դուրս մնաց ուժեղների նետ հետագա պայքարից: Երբ նրա հետ հետո զրուցում էի, ասաց, որ սա իր վերջին շանսն էր ( Արմենն արդեն 35 տարեկան է եւ օրերս հրաժեշտ տվեց մեծ սպորտին), դրա համար էլ ինքը ռիսկի էր գնում եզրափակիչ մտնելու համար: (Հասկանալով Ատլանտայի օլիմպիական խաղերում 5-րդ տեղ գրաված այսօր արդեն վետերան Արմեն Մարտիրոսյանին ու բարձր գնահատելով նրա վաստակը, այնուամենայնիվ, նշենք, որ վաբանկ գնալը ու դրա հետեւանքով տապալվելը բավականին վատ անդրադարձավ մարզասերների վրա):

Ինչ վերաբերում է 18-ամյա Մարինե Ղազարյանին, նրանից, հասկանալի է, որեեւէ ակնկալիք ոչ ոք չուներ: Մարինեի համար վազքուղի մտնելը մրցափորձի կուտակման եզակի առիթ էր։ Ու նա կրկնեց իր լավագույն արդյունքը»:

– Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում սպորտը մեռնում է: Դուք համաձա՞յն եք այդ մտքին:

– Ոչ: Այդպես խոսում են նրանք, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում ճիշտ աշխատել: Շատերը դժգոհում են, թե պետական կառույցը, օլիմպիական կոմիտեն քիչ են ֆինանսավորում այս կամ այն մարզաձեւը: Մենք էլ ենք քիչ ֆինանսավորվում, բայց տարվա կտրվածքով մեր բոլոր ծրագրերը կատարում ենք եւ չենք դժգոհում: Որովհետեւ սերտ համագործակցում ենք մեր միջազգային ֆեդերացիայի, հովանավորների հետ, նրանց ներգրավում մեր ծրագրերում: Թե չէ, ի՞նչ է ստացվում: Բոլորը առաջնային պլան են մղում փողը, բայց չգիտես ինչու լռում են հենց իրենց՝ ֆեդերացիաների ոչ լիարժեք գործունեության, մասնագիտական հարցերի դրվածքի մասին: Ֆեդերացիաները, հավաքականների ու մյուս մարզիչները ի՞նչ աշխատանքային ծրագրեր են ներկայացնում պետությանը: Ամեն մի մարզաձեւի ֆեդերացիա աշխատում է առավելագույն ֆինանսավորում ստանալ: Լավ երկրներ մրցումների մեկնելը շատ թանկ հաճույք է: Եթե Հայաստանում աճեցրել ես բարձրակարգ մարզիկներ, կարող ես մեդալների համար պայքարել, համոզված եմ, ֆինանսավորում կլինի: Իսկ եթե չունես այդ մակարդակի կադրեր, ավելի ճիշտ կլինի նախապատվությունը տալ հանրապետությունում մարզաձեւը, մանկապատանեկան սպորտը զարգացնելուն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել