Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեփոխենք, բայց ինչպե՞ս

Սեպտեմբեր 23,2004 00:00

Սահմանադրական
փոփոխությունների հերթական քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ բարեփոխումների
կարիք կա:
Դա միակ բանն էր, որում նրանք համամիտ էին:

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկում անցկացնելու հերթը երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությանն էր: Զեկուցողները՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ Վարդան Պողոսյանը եւ սահմանադրական բարեփոխումների հարցով ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, սահմանադրական փոփոխությունների մասին տարբեր քննարկումների վաստակավոր մասնակիցներ են: Այդ բարեփոխումների մասին նրանցից յուրաքանչյուրն առնվազն մի քանի զեկույց է կարդացել դեռ մինչեւ 2003թ. հանրաքվեն: Թեեւ պառլամենտում շրջանառության է դրված փոփոխությունների միանգամից երեք նախագիծ՝ կոալիցիայինը, Արշակ Սադոյանինը եւ ՄԱԿ խմբակցությանը, սակայն մեզանում նման գործերում պատահականություններ չեն լինում. որպես հիմք կընդունվի կոալիցիայի ներկայացրած, նույնն է թե՝ 2003–ին հանրաքվեի դրված եւ ժողովրդի հավանությանը չարժանացած նախագիծը:

Տիգրան Թորոսյանը, որը հանդես էր գալիս նաեւ որպես սահմանադրական բարեփոխումների հարցով գլխադասային հանդիսացող ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, խոստացավ, որ հանգամանալից կքննարկվեն բոլոր երեք նախագծերն էլ՝ անկախ այն բանից, թե դրանցից որը կընդունվի որպես հիմք: Նա ողջունեց քննարկումների առատությունը՝ նկատելով, որ նախորդ անգամ, երբ բարեփոխումները պիտի դրվեին հանրաքվեի, չեղան հասարակական լայն քննարկումներ, ինչն անդրադարձավ հանրաքվեի արդյունքի վրա:

Վարդան Պողոսյանը, թեեւ սկզբում խոստացավ, որ չի անդրադառնալու կառավարման այլ համակարգի անցնելու արդյունավետությանը, իր զեկույցի հիմնական մասը նվիրեց նրան, թե որքան ճիշտ կլիներ կիսանախագահականից անցումը պառլամենտական համակարգին: Զեկույցի մյուս մասը նվիրված էր Ֆրանսիայի պատմությանը եւ նրան, թե առաջարկվող փոփոխությունները որքան նման են ֆրանսիական Սահմանադրությանը, եւ ինչով է դա հղի: Նա անդրադարձավ նաեւ նախագծում տեղ գտած որոշ վրիպակներին եւ թերություններին՝ հուսալով, որ մինչեւ հանրաքվեի դրվելը դրանք կուղղվեն. «Հարկավոր է բծախնդիր լինել այս փոփոխությունների հանդեպ, քանզի Սահմանադրությունը մեր երկրի դեմքն է, եւ պետք է լինի անթերի»:

Արմեն Հարությունյանը դժգոհ էր այն փաստից, որ դեռ վերջնական տեսքի չբերված՝ նախագծի շուրջ քննարկումներ են ծավալվում: Նա կարծիք հայտնեց, որ «կառավարման պառլամենտական համակարգը բոլոր պրոբլեմներից պանացեա չէ», եւ, «այո, այս նախագիծը հիմնված է կառավարման նախագահա-պառլամենտական ձեւի վրա, իսկ ո՞վ ասաց, որ դա ավելի վատ տարբերակ է, քան պառլամենտանախագահականը: Ոչ ոք նման բան չի ապացուցել»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել