Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆԵՐԸ

Սեպտեմբեր 23,2004 00:00

Տնտեսական
քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC)
հրապարակել է հայաստանյան խոշորագույն ընկերությունների ցանկը: Հիմք են ընդունվել
այս եւ նախորդ տարվա առաջին եռամսյակների տվյալները:
Մեր տնտեսության հսկան «Հայէլցանցերն» է: Իրացման (այսինքն՝ սպառած արտադրանքի) ծավալներով Եվգենի Գլադունչիկի ղեկավարած ընկերությունը ամենամեծն է: Անցած տարվա ընթացքում այն մեզ 78 միլիարդ դրամի էլեկտրաէներգիա է վաճառել: Ընդ որում, ընկերությունը նախորդ տարվա համեմատ 2.3 տոկոսով մեծացրել է ծավալները: Իսկ բնական գազի ներկրումն ու իրացումն ապահովող «ՀայՌուսգազարդը», որ երկրորդն է այս ցանկում, չնայած բաժանորդների թիվն ինտենսիվորեն մեծացնում է, 150-200 միլիոն խորանարդ մետրով ավելի բնական գազ է նախատեսում ներկրել, կորուստները նվազեցնել, այնուամենայնիվ, անհասկանալիորեն իրացման ծավալները 18 տոկոսով կրճատել է: «ԱրմենՏելն» իր ավելացող ծավալներով արդեն երրորդն է, իսկ մուծած հարկերի չափով հանրապետության խոշորագույն ընկերությունն է: Ինչպես երեւում է, առավել հեշտ է շուկա գրավել՝ ունենալով բնական մենաշնորհ: Իսկ ադամանդագործությամբ զբաղվող «Շողակնը» եւ «Լորին» ծավալներով հաջորդ երկու ընկերություններն են: Նրանց ծավալները նկատելիորեն նվազել են՝ պայմանավորված Ռուսաստանում ադամանդի վաճառքի շուկայի ազատականացման հետ: Այս երկու ընկերությունները բավականաչափ ճկուն չգտնվեցին: Ադամանդագործությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ «DCA»-ը, ընդամենը տասներորդն է, սակայն 226 տոկոսով բարելավել է շուկայում իր դիրքը: Պահուստների վաճառքի հաշվին «Արմենալը» մոտավորապես կրկնակի ավելացրել է ծավալները եւ վեցերորդն է: Մի շարք ցուցանիշներով օրինակելի տվյալներ ունի նավթամթերքի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը», որը յոթերորդն է: Այս ընկերությունը ավելացրել է ներդրումների, ներկրվող նավթամթերքի ծավալները, բենզալցակայանների թիվը, հաճախորդների թիվը, հարկային վճարները (վճարած հարկերի քանակով այն «ԱրմենՏելից» հետո երկրորդն է): Ծավալներով ութերորդն ու իններորդը մետաղամշակման գիգանտներն են. համապատասխանաբար «Մաքուր երկաթի գործարանը» եւ «Արմենիան քափր փրոգրամը»: Մնացած հինգ ընկերություններն են. միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավենը», «Երեւանի ոսկերչական գործարանը», «Արարատ-ցեմենտը», «Գրանդ քենդին» եւ «Ավիասերվիսը»: Չնայած ծավալների մեծացմանը, «Հայէլցանցերը» նվազեցրել է հարկային մուծումները: Իսկ «ՀայՌուսգազարդի» հարկային վճարները հնարավոր է պակասել են ծավալների կրճատման պատճառով:

Հարկ է նկատել, որ սրանք պաշտոնական տվյալների հիման վրա արված վերլուծություններ են: Եթե հնարավոր լիներ հաշվառել ստվերային հատվածի տվյալները եւս, թվերը կարող էին որոշակիորեն փոխվել:

Ուշագրավ է, որ մեր երկրի օլիգարխների ընկերություններն այս 15 խոշոր տնտեսվարող սուբյեկտների ցանկում տեղ չեն գտել: Բացառություն է միայն Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ քենդին»: Սրա պատճառներից մեկը, մեր կարծիքով, այն է, որ, նախ, օլիգարխների բիզնեսը բազմաճյուղ է, իսկ ցանկն ընդգրկում է ոչ թե հոլդինգներ ու «գրուպներ», այլ կոնկրետ ոլորտների ընկերություններ: Բացի այդ, օլիգարխներից շատերի ունեցվածքի որոշակի ծավալներ, ձեռնարկություններ, չնայած փաստացի պատկանելությանը, ձեւակերպված են հարազատների անուններով, մինչդեռ իրենք օլիգարխի «կարգավիճակ» ու համբավ ձեռք են բերել իրենց փաստացի ունեցվածքի շնորհիվ: Չհաշված չգրանցվող շրջանառությունը:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել