Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը եւ Մուսոլինին

Սեպտեմբեր 23,2004 00:00

Պուտինը եւ Մուսոլինին

«Պուտինյան ռեժիմը շատ բաներով հիշեցնում է Մուսոլինիի ֆաշիզմը»,-
հանդես գալով ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլ» պարբերականում՝ նշում է ամերիկացի
հայտնի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության
հարցերով երբեմնի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին:
Նա հետեւյալ կերպ է զուգահեռում այդ նմանությունները. երկու դեպքում էլ՝ իշխանության կենտրոնացում շովինիզմի համատեքստում, քաղաքական վերահսկողություն տնտեսության նկատմամբ առանց այն ազգայնացնելու՝ «չնեղացնելով» մաֆիային ու հլու օլիգարխիային: Ըստ Բժեզինսկու, կառավարման այս կերպը ներկայիս Ռուսաստանում, ինչպես եւ ֆաշիստական Իտալիայում, սնվում է ազգային մեծամոլությունից ծնունդ առած՝ ազգի հերոսականացված անցյալի մասին առասպելներով, որոնց տողատակերում միասնական սլավոնաֆիլ հզոր տերություն ստեղծելու հավակնություններ են զգացվում: Գործողությունների եւ գաղափարների այսպիսի համակցությունն ինչ-որ ժամանակ կարող է հրապուրիչ թվալ, սակայն, ի վերջո, մոտ տասը տարուց այն կտապալվի՝ համոզված է հոդվածագիրը՝ իբրեւ պատճառ նշելով Ռուսաստանի իշխող վերնախավում կրթված եւ լուսավորյալ սերնդի ի հայտ գալը: Այդ սերունդը չի համակերպվի ֆաշիստական-նավթային պետությունում ձեւավորված իրողությունների հետ, որում կենտրոնն ուղղակի հեղեղված է նավթային եկամուտներով, իսկ ծայրամասերը ետ են մնում ոչ միայն Եվրոպայից, այլեւ Չինաստանից:

Բժեզինսկին սուր քննադատության է ենթարկում Վաշինգթոնի ներկայիս վարչակազմի՝ Կրեմլի հանդեպ ընդունած կեցվածքը: Նա անթույլատրելի է համարում այն, որ ժողովրդավարացման եւ տնտեսության առավել համաչափ ու դինամիկ զարգացմամբ աչքի ընկնող Ուկրաինան, որի բնակչությունը 50 մլն է, անտեսվում է Սպիտակ տան կողմից միայն այն բանի համար, որ չկորցնի Պուտինի բարեհաճությունը: «Ցավոք, վերջին տարիներին Սպիտակ տունը ստեղծել է Պուտինի անձի պաշտամունք, ինչը մեծապես վնասել է ռուս դեմոկրատներին՝ նրանց մղելով դեպի առավել խոր մեկուսացման»,- նկատում է Բժեզինսկին՝ հավելելով, որ ավանդաբար ժողովրդավարական բարձր արժեքներ քարոզող ու դավանող Ամերիկան, փաստորեն, չի աջակցում ահագնացող բռնապետության դեմ ելույթ ունեցող ժողովրդավարներին: Հոդվածագիրը եզրակացնում է, որ այսօր Ռուսաստանում թափ առնող գործընթացներն անմիջականորեն պայմանավորելու են նաեւ այն, թե ինչ տեղի կունենա ողջ հետխորհրդային տարածքում: Նրա կարծիքով, հետխորհրդային մի շարք հանրապետություններ հիմնավորված մտավախություններ ունեն, որ հանուն ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ-ն կանտեսի Պուտինի դեստրուկտիվ տարածաշրջանային քաղաքականությունը: «Այսօրվա իրողություններից Վաշինգթոնը պետք է մի շատ պարզ դաս քաղի. որպեսզի Ռուսաստանում ժողովրդավարություն հաստատվի, նախ եւ առաջ հարկ է, որ ապահովվի նրա հարեւանների անվտանգությունը: Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել նաեւ ռուսաստանյան դեմոկրատներին»,- ամփոփում է Բժեզինսկին:

Պատրաստեց
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել