Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Թուրքիան Մասիսները վերադարձնի

Սեպտեմբեր 23,2004 00:00

Միայն այդ դեպքում է համաձայն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայաստանցի զինծառայողների՝ Իրաք գործուղմանը

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։

– Ես ականատես
ը եւ վկան եմ նորանկախ Հայաստանի ամենածանր տարիներին ՌԴ պահվածքին եւ վարքագծին, որը այլ կերպ, քան խոր դաշնակցային եւ բարեկամական չեմ կարող անվանել։ Սակայն առկա հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը համարում եմ անբավարար։ Ավելին, վերջին երկու տարիներին հայ հասարակությունն է կրկնակի անգամ «ապառուսամետացել»։ Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական բուռն զարգացումների պայմաններում գոյություն ունի Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման անսահմանափակ դաշտ:

– Համաձա՞յն եք, որ ռուսական ռազմաբազաների առկայությունը ՀՀ-ում տարածաշրջանը ապակայունացնող հանգամանք է:

– Համաձայն չեմ: Այսօր ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կատարում է կայունացնող եւ հավասարակշռող գործառույթ: Հայաստանը տեսանելի հեռանկարում պետք է պահպանի ռազմաքաղաքական այդ կողմնորոշումը: Հայ-ռուսական ռազմական հարաբերությունները իրավական առումով գրեթե կատարյալ են, ազգային անվտանգության խնդիրների առումով՝ անփոխարինելի: Ռազմադաշնակցային հարաբերությունները ստեղծվում, ծավալվում եւ խորանում են այնքանով, որքանով համատեղելի են կողմերի ազգային շահերը: Այս խնդրի քննարկումը չի կարելի սիրողական դաշտ տեղափոխել:

– Ինչպե՞ս եք վերաբերում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ի դեպ, ինչի մասին հարցադրում էր արել նաեւ Վազգեն Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գոռի հետ հանդիպման ժամանակ՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա սահմանը բացելու համար:

– Ընդհանրապես՝ դրական, սակայն այսօր՝ խիստ բացասական: Նվազագույն դիմադրողականությունից եւ պետական կարգավորումից զուրկ հայաստանյան տնտեսությունը, ինչու ոչ՝ նաեւ հասարակությունը, թուրքական ապրանքաֆինանսական էքսպանսիային կդիմանա 4-6 ամիս: Սահմանի բացումը արդարացված կլիներ քաղաքական երկու իրողությունների առկայության դեպքում. նախ՝ առանց դրա Հայաստանը կործանվում է, եւ երկրորդ՝ որ Թուրքիան հիմնավորապես փոխել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երկուսն էլ այսօր գոյություն չունեն: Իսկ Վ. Սարգսյանը վստահ էր, որ երկիրը թռիչքային զարգացում է ունենալու, վստահ էր, որ հասարակությունը համախմբված եւ միասնական է լինելու: Իհարկե, այս դեպքում սահմանի բացումը հօգուտ Հայաստանի կլիներ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ստանդարտ մոտեցումներ չեն հանդուրժում:

– Ճի՞շտ եք համարում հայ զինվորների գործուղումը Իրաք:

– Դրա հետեւանքները կարող են այնքան ծանր լինել, որ կարելի է արդարացնել մի դեպքում միայն՝ եթե դրա դիմաց ԱՄՆ-ը ճանաչի Ղարաբաղի անկախությունը եւ Թուրքիային ստիպի Հայաստանին վերադարձնել Մասիսները, Անին, Նախիջեւանը եւ ընդունել ցեղասպանողի մեղքերը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց սա կարծես գիտաֆանտաստիկայից էլ դուրս է:

Հարցազրույցը՝
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել