ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ Երեկ առավոտյան քաղաքապետարանի առաջ ցուցարարների երկու խումբ կար: Այս անգամ Հյուսիսային պողոտայի բնակիչներին միացել էին նաեւ Աջափնյակ համայնքի վթարային շենքերի բնակիչները: Երկրի իշխանություններից ցուցարարների պահանջը նույնն էր՝ «բնակիչներից խլած բնակտարածքների դիմաց շուկայականին համարժեք փոխհատուցում»: Առաջիկա օրերին իրենց պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները խոստանում են «Թուրքիայից քաղաքական ապաստան խնդրել»: Իսկ մինչ այդ, քաղաքապետի ուշադրությանն արժանանալու համար ոստիկաններով շրջապատված բնակիչները բարձրաձայն վանկարկում էին. «Զա-խար-յան»: Ավելի ուշ ցուցարարները հանդիպել են փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Բնակիչների նկատմամբ կոշտ վերաբերմունքը քաղաքապետարանը փորձում է փոխհատուցել բարեգործությամբ: Առողջապահության նախարարի որոշմամբ՝ մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում սեպտեմբերի 25-ը ԶԼՄ աշխատակիցների եւ մշակույթի գործիչների համար հայտարարված է բաց դռների օր: Երեկ ճեպազրույցում այս մասին լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը: Ըստ նրա՝ «կիրականացվի անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կբաժանվի հումանիտար դեղորայք»: Պարոն Սողոյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչո՞ւ է սոցիալական այս երկու խումբն ընտրվել, սակայն հավաստիացրեց, որ Էրեբունի-Երեւան տոնի առիթով էլ կլինեն բաց դռներ, այս անգամ՝ բոլոր քաղաքացիների համար: Վարչության պետի խոսքերով, այս տարի առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամները կարող են պոլիկլինիկաներից ստանալ անվճար դեղորայք, իսկ մնացած սոցիալական խմբերի համար զեղչեր կկիրառվեն: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ