ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է Մարզիկներ կան, ովքեր կենդանության օրոք են լեգենդ դառնում: Նրանցից է գյումրեցի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Նրա՝ 18 տարի առաջ Ծաղկաձորում սահմանած 8 մետր 86 սանտիմետր արդյունքը այսօր էլ անհասանելի է Հին աշխարհամասի աթլետների համար: Հիմա Ռոբերտ Էմմիյանը պայմանագրով մարզում է Քաթարի ցատկորդների ազգային հավաքականը: Այդ ընթացքում նրա սաներից Աբդուլա Ալվալին նվաճել է աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը՝ 799 սմ արդյունքով: Այդուհանդերձ, Էմմիյանը կապը Հայաստանի հետ չի խզում: Լեգենդար ցատկորդը մտածում է հայկական սպորտին, հատկապես իր մրցաձեւում, աջակցած լինելու մասին: Ու այդ ուղղությամբ կոնկրետ գործեր է կատարում: Շաբաթ օրը նույն Ծաղկաձորում անցկացվեց Ռոբերտ Էմմիյանի գավաթների երրորդ խաղարկությունը՝ բաղկացած երկու մասից. Գյումրիի իր անունը կրող մարզադպրոցի բաց առաջնություն, որին մասնակցում են հանրապետության աթլետիկայի բոլոր կենտրոնների պատանի մարզիկները եւ հեռացատկի միջազգային մրցումներ: Երկուսն էլ անչափ կարեւոր են հանրապետության համար: Երեխաները մրցելու լրացուցիչ հնարավորություն են ստանում, որն անգնահատելի է մրցափորձի կուտակման, վարպետության բարձրացման առումով, իսկ մեծահասակների պայքարը նպաստում է արդեն իսկ որոշակի արդյունքներ ունեցող մարզիկներին շփվել մեծ սպորտին, իրենց կարողությունները ստուգել տարբեր երկրների մարզիկների հետ պայքարում: Էմմիյանի գավաթների այս խաղարկությանը մասնակցելու էին ժամանել ցատկորդներ Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Ուկրաինայից եւ Թուրքիայից: Համառ պայքարում 780 սմ արդյունքով հաղթող դարձավ ռուսաստանցի Եվգենի Տրետյակը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ բուլղարացի Աթանաս Ռուսենովը, սակայն որոշիչ դեր խաղաց մարզիկների երկրորդ լավագույն արդյունքը: Նույն բանը կրկնվեց նաեւ երրորդ տեղի համար մրցապայքարում: Անցած տարվա հաղթող վրացի Դավիթ Իլարիանին եւ վանաձորցի Արսեն Սարգսյանը եզրափակիչում ցատկեցին 752 սմ: Բայց քանի որ վրացու նախորդ ցատկերն ավելի հեռու էին, նա էլ ճանաչվեց երրորդը: Մրցումների ավարտից հետո լրագրողները հանպատրաստից ասուլիս անցկացրին Ռոբերտ Էմմիյանի հետ: Նա ասաց, որ շուտով լրանում է Քաթարի հավաքականի հետ աշխատելու պայմանագրի ժամկետը: Սակայն այդ երկրի օլիմպիական կոմիտեն իրեն արդեն առաջարկել է ստանձնել ՕԿ-ի նախագահի տեխնիկական խորհրդականի պաշտոնը: – Դա ինձ համար մեծ պատիվ է, իմ աշխատանքի գնահատում: Քաթարի օլիմպիական կոմիտեն գլխավորում է էմիրի որդին՝ շեյխ Թամին Ալթանին: Ես տվել եմ համաձայնությունս: Այդ պաշտոնում ինձ անհամեմատ ավելի լայն հնարավորություններ կընձեռվեն: Նպատակս է՝ սերտ համագործակցություն հաստատել Քաթարի եւ Հայաստանի միջեւ: Եվ ոչ միայն աթլետիկայի ոլորտում: Ուզում եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել նաեւ մեր մյուս մարզաձեւերի ֆեդերացիաներին: – Դու Աթենքում էիր ու, անկասկած, հետեւում էիր օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների մրցելույթներին: Ի՞նչ կասես: – Ափսոս, որ մեդալներ չեղան: Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ ու տեսնում եմ դրա արձագանքները: Ես էլ միշտ չէ, որ հաջող եմ մասնակցել խոշոր մրցումներին՝ պարտվել եմ: Պետք է տեսնել, թե ի՞նչ պայմաններում են նրանք մարզվում, ի՞նչ վիճակում են Հայաստանի մարզաբազաները: Հիմա հարկավոր է այս մասին մտածել, օգնել, որպեսզի հնարավորին չափ արագ այդ բացերը լրացվեն: Այ, դրանից հետո արդեն կարելի է խիստ պահանջներ ներկայացնել: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ