Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԸ ՍԱԴԻԶՄ Է ԾՆՈՒՄ

Սեպտեմբեր 21,2004 00:00

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԸ ՍԱԴԻԶՄ Է ԾՆՈՒՄ «Սեքսուալ կուլտուրա ունենալու համար նախեւառաջ հայերիս անհրաժեշտ են տարրական գիտելիքներ»,- վստահեցնում է սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը։ «Առավոտի» հետ զրույցում Երեւանի բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Արամ Հակոբյանը այն կարծիքը հայտնեց, որ մեծ վտանգ է համարում տեխնիկայի՝ համակարգչի միջոցով տարածված «սեռական հարաբերությունները»։ Ըստ նրա, տարածված վիրտուալ սեքսը, որ գայթակղում է համակարգչի մոտ նստած մեծամասնությանը, անկախ տարիքից ու զբաղմունքից, չի ենթարկվում սեռական եւ ոչ մի նորմի։ «Հենց այս վիրտուալ աշխարհի ազդեցության տակ են մարդկանց մեջ ձեւավորվում սադիստական ու մազոխիստական դրսեւորումներ»,- նշեց մասնագետը։ Ըստ Ա. Հակոբյանի, սեռական կուլտուրան հասարակության ընդհանուր կուլտուրայի բաղադրիչ մասը լինելով, նույնիսկ այսօր՝ 21-րդ դարում, իր մեջ ներառում է տարաբնույթ վիճելի հարցեր։ Այդ ոլորտը մեր ժամանակներում էլ շարունակվում է ենթարկվել փոփոխությունների՝ գերիշխող սոցիալական նորմերի ազդեցության տակ։ «Ի ծնե տրված սեռական հակումը կրել ու կրում է աշխարհի ազդեցությունը։ Ու այստեղ իր կնիքն է դնում էթնիկական գործոնը»,- ասում է սեքսապաթոլոգը։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Ստացվում է, որ տարիների ընթացքում սեքսուալ կուլտուրան փոփոխվել է՝ բերելով սեռական վարքի տարբեր դրսեւորումներ։ Ի՞նչ կարծիքի են դրանց մասին մասնագետները, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Այո, կան սեքսուալ վարքի տարբեր դրսեւորումներ, բայց տեղեկացնեմ, որ դրանք մասնագետների կողմից չեն դիտարկվում որպես հիվանդություններ»։ Սեքսապաթոլոգը տեղեկացրեց, որ հիվանդությունների միջազգային դասակարգմամբ, օրինակ, արվամոլությունը, որը մեր հասարակության մեջ խիստ հակակրանք է առաջացնում, հիվանդություն չի համարվում՝ որոշ վերապահմամբ։ Հիվանդ դիտվում է այն արվամոլը, որը ունի անհարմարավետության զգացում, դժգոհություն իր սեքսուալությունից։ Մեր՝ «Ձեզ հաճա՞խ են դիմում նման պրոբլեմներով անձինք» հարցին սեքսապաթոլոգը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Եթե գլխացավ չկա, ինչո՞ւ դիմել բժշկի»։ Ա. Հակոբյանը շարունակեց, ասելով, որ ԽՍՀՄ տարիներին քրեական պատասխանատվության էին ենթարկում արվամոլներին, բայց, չգիտես ինչու, լեսբուհիների վարքը օրենքով չէր հետապնդվում. «Ինչեւէ, այսօր անձն է որոշում՝ դիմել մասնագետի, թե ոչ։ Այո, դիմում են, եթե դա իրենց անհանգստացնում է»։ Մեր զրուցակիցը նշեց, որ նույնիսկ զարգացած երկրներում մասնագետների փորձերը, հետազոտությունները չեն բերել ընդհանուր հայտարարի։ Ասել է թե՝ չկա հստակ պատասխան. ինչի՞ց կամ ինչո՞ւ են առաջանում վարքի շեղումները. «Արդյունքում, մի երկրում օրենքով ամրագրված են միասեռ ամուսնությունները, մի այլ տեղ՝ ոչ»։ Մեր այն դիտարկմանը, թե զարգացած երկրների օրինակով Հայաստանին անհրաժե՞շտ են հասարակաց տներ, սեքս-խանութներ, Ա. Հակոբյանն ասաց. «Հասարակաց տներն այսօր անհրաժեշտ չեն, քանի դեռ չկա կայուն օրենսդրական կառավարելի դաշտ։ Իսկ 90-ականների սկզբներին բացված միակ սեքս-խանութը փակվեց գուցե այն պատճառով, որ չկար բավարար պահանջարկ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել