Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՆՏԱԽՏԸ ՁԵՐ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ»

Սեպտեմբեր 21,2004 00:00

«ԺԱՆՏԱԽՏԸ ՁԵՐ ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ» Հայաստանում չկա այն լսարանը, որը պատրաստ է ընկալել որեւէ բանական փաստարկ Այսօր անկախ Հայաստանը դարձել է 13 տարեկան: Այդ ընթացքում, ինչ խոսք, հաջողվել է շատ բան անել: Իսկ չհաջողված բաներից առավել էական եմ համարում արդյունավետ քաղաքական համակարգի բացակայությունը: Դա շատ պարզ երեւում է, երբ փորձում ենք հասկանալ, թե ովքեր են այսօրվա քաղաքական գործընթացների մասնակիցները: Ովքեր են սովորաբար գալիս ընդդիմության հանրահավաքներին, բացի սակավաթիվ կուսակցական ակտիվիստներից: Թոշակառուներ, գործազուրկներ, ծայրը ծայրին հազիվ հասցնող (կամ ընդհանրապես չհասցնող) մանր առեւտրականներն ու բյուջետային աշխատողները: Հետընտրական շրջանն այդ առումով փոքր-ինչ տարբեր է՝ մարդիկ վրդովված են հերթական անարդարությունից, եւ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, գալիս են հանրահավաքի այն հույսով, որ ընդդիմությունը հեսա-հեսա կվերականգնի արդարությունը, բայց քանի որ մեկ-երկու ամսում դա տեղի չի ունենում, այդ քաղաքացիները հերթական անգամ հիասթափվում են, գնում են տուն՝ հրապարակը թողնելով սովածներին եւ ընչազուրկներին: Եվ այդ զանգվածի շուրթերից արդեն 10 տարուց ավելի է՝ հնչում են միեւնույն անեծքները իշխանության հասցեին՝ «թաղեմ Լեւոնին», «թաղեմ ղարաբաղցիներին», «ախ, էդ գյոզալական երկիրը ո՜նց քանդեցին-թալանեցին» եւ այլն: Ընդդիմությունը՝ ուզի թե չուզի, ունենալով նույնիսկ բարձր ինտելեկտուալ հատկանիշներ, պետք է հիմնվի այդ զանգվածի վրա, առաջնորդի եւ հաճոյանա նրան, ինչը եւ անում է անկախ Հայաստանի գրեթե ամբողջ պատմության ընթացքում: Ովքեր են կանգնած «բարիկադների հակառակ կողմում»: Բնականաբար, բյուրոկրատիան՝ պաշտոնյաները, ուժայինները, օլիգարխները՝ իրենց սափրագլուխներով, կոալիցիան, «բազեները», պալատական մտավորականները եւ այլք: Առավել պարզամիտ եւ անկեղծ ձեւով այդ զանգվածի վարքագիծը վերջերս բացատրեց օլիգարխ Ալրաղացի Լյովը. նա պառլամենտում բռունցքներով հարձակվեց ընդդիմադիր պատգամավորի վրա՝ «կայունությունը պահպանելու նպատակով»: «Կայունությունը» բյուրոկրատիայի համար՝ կերակրատաշտից օգտվելու եւ օրենքները լկտի ձեւով խախտելու հնարավորություն է: Պարզ է, որ այդ մի քանի հազար հոգին ատամներով, ծեծով-ջարդով, հանցագործություններով պաշտպանելու են իրենց սնող համակարգը: Եվ, հետեւաբար, իշխանափոխության միակ ձեւը Հայաստանում մնում է պալատական հեղաշրջումը (առանց համակարգի փոփոխության), որն արդեն մի անգամ տեղի է ունեցել: 2008-ին գրեթե նույնն է լինելու՝ սկզբից «պոլիտբյուրոն» կորոշի, թե ում է պետք «պրեզիդենտ դնել», իսկ ընտրություններ կեղծելը տեխնիկայի հարց է: Առաջին անգամը չէ: Եվ այսպես, մի կողմից լյումպենացված զանգված՝ իր ընդդիմադիր առաջնորդներով, մյուս կողմից՝ բյուրոկրատիա: Սրանք են քաղաքական պրոցեսի հիմնական կողմերը: Ասացեք, խնդրեմ, դրանցից որեւէ մեկը պատրա՞ստ է լսել որեւէ բանական, տրամաբանական փաստարկ որեւէ խնդրի շուրջ: Այդ կողմերը կարո՞ղ են երկխոսություն վարել: Ինչի՞ մասին, հանուն ինչի՞: Այս մթնոլորտում ցանկացած բառ հնչում է կա՛մ որպես քծնանք Քոչարյանի հասցեին, կա՛մ որպես ընդդիմադիրների՝ իշխանության գալուն ուղղված քարոզչություն: Դա է պատճառը, ի դեպ, որ մեր պետության, ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիրների (ասենք, Ղարաբաղի հիմնահարցի, կամ հայ-թուրքական հարաբերությունների) քննարկումը կրում է չափազանց սխոլաստիկ, զուտ «սեմինարային» բնույթ: Չկա այն լսարանը, որը կարող է ընդունել կամ մերժել այդ քննարկումներում հնչած կարծիքները: Ընդհանրապես, կրկնենք, չկա որեւէ լսարան, որը պատրաստ է անկողմնակալ, միմիայն պետության շահերից ելնելով, ընկալել որեւէ բանական փաստարկ: Ընդդիմադիր զանգվածն ուզում է լսել անեծքներ, իսկ բյուրոկրատիան՝ «կայունամետ» ճառեր: Իհարկե, կան քաղաքացիներ, որոնք քաղաքական պրոցեսներին որեւէ ձեւով չեն մասնակցում: Նրանք կազմում են հայաստանցիների ճնշող մեծամասնությունը: Այդ մարդիկ նստած են տանը եւ Շեքսպիրի հայտնի հերոսի նման ասում են քաղաքական գործընթացի երկու կողմերին՝ «ժանտախտը ձեր երկու տները»: Նշված քաղաքացիներն ընդհանրապես ոչինչ չեն ուզում լսել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել