Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի՞ անօթեւան կա Գյումրիում

Սեպտեմբեր 21,2004 00:00

Քանի՞ անօթեւան կա Գյումրիում Նախագահն ասում է՝ 1500, իսկ իրականո՞ւմ Մինչեւ օրս Գյումրիի քաղաքապետարանում անօթեւանների ցուցակները փակցված չեն: Չնայած՝ քաղաքապետարանի մուտքի մոտ հաճախակի հավաքվող անօթեւանների խոսակցություններից կարելի է ենթադրել, որ նոր ցուցակների հայտնվելու դեպքում չի բացառվելու «ծեծուջարդն ու մարդասպանությունը»: Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն անհանգստացած է անօթեւանների ցուցակից հանկարծակի «դուրս մղվելու» մտքից: Իսկ նման տարակուսանքի պատճառը նախագահի Գյումրիում կատարած այն հայտարարությունն էր, թե ներկայացվող անօթեւանների թիվը իրական չէ եւ որ նրանք ընդամենը 1500 են: Մինչդեռ քաղաքապետարանի երկու փուլով անցկացրած վերահաշվառումից պարզվել էր, որ մինչեւ մարտի մեկը հերթագրվածների թիվը 2802 է, իսկ մինչեւ ապրիլի 20-ը՝ 1800: Մեր լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ, կառավարությունում ցուցակների երկար-բարակ ստուգումից հետո վերջապես «խեր-խաբար» է եկել: Մի քանի օր առաջ քաղաքաշինության նախարարությունից գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետարան, որով եւ հանձնարարվել է մարզպետին ու քաղաքապետին մեկ անգամ եւս համատեղ ուսումնասիրել ցուցակները ու անօթեւանների վերջնական թվի մասին զեկուցել նախարարություն: Իսկ թե ցուցակներում ու՞մ է բախտ վիճակվելու մնալ, մեր աղբյուրները երդվում են, որ սա բոլորին է անհայտ: Քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանն ասաց, որ իրենց կառույցը այլեւս ճշգրտելու ոչինչ չունի, հատկապես այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվել է բացահայտ, նախագահի ուղարկած աջակցող հանձնաժողովի աչքի առաջ: Իսկ եթե, ըստ Պապիկյանի, պահանջ է դրված 2802-ը «զտելով» հասցնել 1500-ի, քաղաքապետարանը, բնականաբար, ռիսկ չի անի նման «սեւ լուր» հաղորդել որեւէ անօթեւանի. «Մենք բնակչին երբեք չենք ասի՝ դու անօթեւան չես: Եթե իրենք համոզված են, որ որեւէ մեկը անօթեւան չէ, թող աջակցող հանձնաժողովը նեղություն կրի մեկ անգամ էլ գա Գյումրի, վերջին նիստը գումարի ու անձամբ ասի»: Նրա ներկայացմամբ, իրենք անօթեւանների թիվը մի բան էլ պակաս են ներկայացրել. նրանց վերջնական թիվը ոչ ավել, ոչ պակաս՝ 7000 է: Իհարկե, չհաշված օրումեջ փլուզվող Գյումրիի վթարային շենքերի բնակիչներին, որոնց ունեցած բնակարանը չունենալու հաշիվ է: Սակայն նա մեղադրում է, որ մարզպետարանը նման հարցերում ոչ միայն աչքերը փակում է՝ փոքրիկ օգնություն անգամ չցուցաբերելով փլուզվող շենքերի բնակիչներին, այլեւ մարզպետը իր «համառությամբ» խոչընդոտում է անօթեւանների ցուցակի վերջնական ճշգրտմանը: Ա. Պապիկյանն ասաց, որ մարզպետը քաղաքապետարանին չի տրամադրում բնակարանների բաշխման մասին իր որոշումները, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում անօթեւանների ցուցակից դուրս հանել արդեն իսկ բնակարան ստացածներին: Մի խոսքով, երկու կառույցների միջեւ համագործակցությունն այն աստիճանի չի ստացվում, որ ամեն մի հասարակ հարցում ստիպված է միջամտել կառավարությունը: Պրն Պապիկյանի տեղեկացմամբ, ինքը մի քանի օր առաջ ստիպված է եղել գրություն ուղարկել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով որեւէ կերպ «ներգործել՝ ստիպել կամ համոզել» մարզպետին, որ նա տրամադրի հատկացումների մասին իր որոշումները: Մարզպետի մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանի պարզաբանմամբ էլ սրանք քաղաքապետարանի պաշտոնյաների հերթական ձեւերն են. մարզպետարանը ուղարկել է բոլոր որոշումները եւ այս մասին տեղյակ է աջակցող հանձնաժողովը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել