Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ Է»

Սեպտեմբեր 21,2004 00:00

«ՍԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ Է» ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկույցից հետո ստեղծված իրավիճակը ամենեւին նորություն չէ. ընդդիմությունը շարունակում է պնդել, թե Հայաստանի իշխանությունները իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ իշխանության ներկայացուցիչները գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ այլեւս անելու բան չունեն։ Սակայն «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ դեռեւս անելիք կա։ Ուրբաթ օրը «բացարձակ ոչ օբյեկտիվ եւ իրականությանը չհամապատասխանող» որակելով Յեժի Յասկերնիայի գնահատականները 1374 բանաձեւի պահանջների կատարման մասով՝ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ զեկույցում տեղ գտած գնահատականն այն մասին, որ իբր Հայաստանում հանրահավաքներ ու երթեր անցկացնելու պրոբլեմ չկա, նույնիսկ Հայաստանի իշխանությունները չէին համարձակվի հրապարակել. «Բայց հիմա օգտվելով, որ դա Յասկերնիան է ներկայացրել, այստեղ արդեն կհնչեցնեն։ Հաջորդը՝ անընդունելի է այն, որ պնդում են, թե հետաքննվել են բռնությունների բոլոր դեպքերը, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ։ Դուք շատ լավ գիտեք, որ միայն մեկ դեպք է եղել՝ կապված ապրիլի 5-ի հանրահավաքի հետ, որը քիչ թե շատ քննվել է»։ Շավարշ Քոչարյանը մխիթարական է համարում այն, որ զեկուցողը գոնե չէր կարող հնչեցնել եւ չի հնչեցրել, որ Հայաստանում դատական համակարգը անկախ է, որ բանտերում խոշտանգումներ չկան, քանի որ այս ամենի շուրջ կան բազմաթիվ այլ միջազգային կառույցների գնահատականները։ 1374 բանաձեւից հետո հնչած Յեժի Յասկերնիայի զեկույցում բազմաթիվ են իրականությանը չհամապատասխանող գնահատականները, եւ Շավարշ Քոչարյանը հույս ունի, որ հոկտեմբերին կայանալիք ԵԽԽՎ վեհաժողովի նիստից առաջ կնշանակվի նոր զեկուցող. «Որովհետեւ երկրորդ զեկուցողը՝ Ռենե Անդրեն, արդեն բավականին երկար ժամանակ բացակայում է»։ Շավարշ Քոչարյանը կարեւորեց հետեւյալը՝ հասարակության մի լուրջ հատված կարծում է, թե Եվրոպայի խորհուրդը կարող է մեր փոխարեն մեր խնդիրները լուծել. «Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել, որովհետեւ այն, ինչ կատարվում է երկրում, կամ հասարակությունն ընդունում է, կամ՝ ընդդիմանում։ Սա ոչ թե ընդդիմության պայքարն է, այլ ժողովրդի, հասարակության պայքարն է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել