Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճվեցին քաղաքական քրգործերը

Սեպտեմբեր 21,2004 00:00

Կարճվեցին քաղաքական քրգործերը Ո՛չ Վաղարշակ Հարությունյանի եղբայրն ու պաշտպանը, ո՛չ «Արդարություն» դաշինքի ղեկավարները տեղյակ չէին, որ գլխավոր դատախազությունը շուրջ 1 ամիս առաջ կարճել է նրանց նկատմամբ հարուցված գործերը: Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված գործի կարճման մասին իրենց չտեղեկացնելու փաստին տվեց իրավական գնահատական. «Մենք չէ, որ պետք է խնդրեինք տեղյակ պահել գործը կարճելու մասին: Քննչական այս գործողության մասին պարտավոր են տեղյակ պահել պաշտպանին ու մեղադրյալին եւ ուղարկել կարճման որոշման օրինակը»: Ըստ փաստաբանի՝ ի վերջո, իրենք կարող են բողոք ունենալ այս որոշման դեմ. «Եթե մեզ տեղյակ չեն պահել կարճման մասին, ըստ էության՝ խախտվել է մեր այդ իրավունքը»: Առայժմ հայտնի չէ, թե այս գործերը քննող Հակոբ Ղարախանյանն ինչ հիմքով է կարճել «Արդարության» ու Վաղարշակ Հարությունյանի դեմ հարուցված գործերը: Սակայն Ռոբերտ Գրիգորյանը հայտնեց, որ եթե իր պաշտպանյալի նկատմամբ գործը կարճված լինի ապացույցների անբավարար լինելու կամ իրադրության փոփոխման հիմքով՝ անպայման կփորձեն հասնել հանցակազմի բացակայության հիմքով կարճման որոշման. «Համոզված եմ, որ Վաղարշակ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ի սկզբանե անհիմն էր, եւ նա անհիմն է գտնվել կալանքի տակ: Եվ եթե հիմա հանկարծ փորձ արվի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել մեկ այլ հիմքով՝ բնականաբար, որոշման պատճենը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում բողոք կներկայացնենք»: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Գրիգորյանը բազմիցս միջնորդել էր դադարեցնել Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Սակայն նրա միջնորդությունները նույնիսկ չէին էլ մերժվում. «Դժբախտաբար՝ մինչ այսօր պատասխան չեմ ստացել գլխավոր դատախազին հղած իմ բողոքներին: Նաեւ Վճռաբեկ դատարանը մինչ այժմ չի քննել Վաղարշակ Հարությունյանին անհիմն կալանքի տակ պահելու ժամկետ սահմանելու հետ կապված իմ բողոքը: Ինձ զարմացնում է, որ նաեւ քրեական հետապնդումն են դադարեցնում այս նույն ոճով: Սա նշանակում է, որ իրոք ստիպված կլինենք ցույց տալ համապատասխան վերաբերմունք»: «Արդարության» ղեկավարները դաշինքի եւ նրան հարող անձանց դեմ մարտի 30-ին հարուցված գործի կարճմանը տվեցին քաղաքական գնահատականներ: Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ժամանակին նշել էր, թե իշխանության բարոյական կերպարի մասին է վկայում այն, որ «27»-ի գործը բաղկացած է 43 հատորից, իսկ «Արդարության» գործը՝ 58 հատորից: Մեր հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այս անակնկալ կարճման որոշումը՝ պրն Դալլաքյանը պատասխանեց. «Կարճումը վկայում է, որ դատախազությունն ընդունեց, թե սա արհեստական ու իրավաբանական տեսանկյունից անգրագետ քրեական գործ էր: Նրանք այս կարճմամբ ընդունում են իրենց կատարած սխալը, որ քաղաքական միավորի նկատմամբ հարուցել էին նման շինծու գործ: Եվ կարծում եմ, որ նման անհեթեթ ու անգրագետ գործ հարուցողներն ու կազմակերպիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության եւ դրանով փոքր-ինչ քավեն իրենց մեղքը»: «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւս պնդեց. «Սա շինծու եւ անհեթեթ քրեական գործ էր: Եվ տրամաբանական կլինի պատասխանատվության ենթարկել այս շինծու գործը սարքողներին: Իսկ դատախազությունն առհասարակ ճիշտ կանի՝ զբաղվի իրական հանցագործներով եւ պատասխանատվության ենթարկի կեղծիքներ ու բռնություններ իրականացրած անձանց»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել