Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ»

Սեպտեմբեր 21,2004 00:00

«ԴԱՇԻՆՔԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ» Վստահ է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը – Մոտ երկու ամիս է՝ դուք, ըստ էության, դադարեցրել եք քաղաքական գործունեությունը, անցել եք ընդհատակ։ Ի՞նչն է պատճառը. արդյոք որոշակի տարաձայնություննե՞ր կան ձեր կուսակցության կամ դաշինքի ներսում։ Մամուլը գրեց նաեւ, թե դուք ամառվա ընթացքում զբաղված եք եղել պատշգամբ վերանորոգելով։ Ի վերջո, ի՞նչ էր պատահել։ – Յուրաքանչյուր քաղաքացի, բացի պետության եւ հասարակության առջեւ ունեցած պարտավորություններից, ունի նաեւ իր ընտանիքի առջեւ պարտավորություններ։ Ամառվա ընթացքում զբաղված եմ եղել ընտանիքիս կենսական գործերով, որոշակի պրոբլեմներ լուծելով։ Ինչ վերաբերում է կուսակցության գրասենյակ չհաճախելուն, ապա այդպես չէ. կուսակցության գրասենյակ ես հաճախել եմ, բայց ավելի քիչ, քան ամռանը նախորդող շրջանում։ Եվ դա պայմանավորված է եղել նաեւ քաղաքական իրադարձությունների բացակայությամբ։ Բնական է, որ ամռանը ակտիվ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում։ Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա լուրջ քաղաքական հարցերի վերաբերյալ դրանք չկան։ Կարող են այս կամ այն հարցի հետ կապված լինել տարբեր տեսակետներ եւ մոտեցումներ։ Սա ես բնական եմ համարում։ – Հնարավո՞ր է առաջիկայում «Արդարություն» դաշինքի ֆորմատը որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Դաշինքից դուրս որոշ քաղաքական ուժեր այդ մասին մի շարք հայտարարություններ են արել։ – Ի՞նչ է նշանակում՝ դաշինքի ֆորմատի փոփոխություն։ Ինձ համար դա այնքան էլ հասկանալի չէ, որովհետեւ դաշինքը գնացել է խորհրդարանական ընտրությունների՝ հանրությանը ներկայացնելով միասնական ծրագիր, եւ խոստումներ է տվել հանրությանը՝ պայքարել երկրում օրինական իշխանության ձեւավորման համար։ Եվ դաշինքը իր խոստումներին հավատարիմ՝ շարունակում է իր գործունեությունը։ Սա խորհրդարանական դաշինք է, որն ունի խնդիրներ եւ նպատակներ, որոնք առայժմ իրականություն չեն դարձել։ Դաշինքը դեռեւս անելիք ունի, հասարակության առջեւ ունի պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դաշինքը համագործակցում է «Ազգային միաբանության», կոմկուսի եւ այլ քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք խնդիր են դրել Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը։ – Ե՞րբ եք վերսկսելու հանրահավաքները, թե՞ նման բան նախատեսված չէ։ – Այդ հարցը պետք է լուրջ նախապատրաստական փուլ անցնի։ Հրապարակային միջոցառումները պետք է ձեռնարկվեն նաեւ հասարակության ձգտումներից ու ցանկություններից ելնելով։ Կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք հասարակությանն ակտիվացնելու եւ համախմբելու համար։ Վերջերս ոմանք խոսում են համակարգային փոփոխությունների մասին՝ մոռանալով, որ այն անձը, որն այսօր իշխում է հանրապետությունում, նստած է հենց նույն համակարգի գլխին։ Խոսում են վատ շրջապատի եւ լավ թագավորի մասին՝ մոռանալով, որ ինքն է ստեղծել նման շրջապատ՝ իր իշխանությունը պահելու եւ ամրապնդելու համար։ – Ուրեմն ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ Հայաստանում կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ։ – Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հանրապետությունում լինեն արտահերթ ընտրություններ եւ հասարակությունը մասնակից դառնա իշխանության ձեւավորմանը։ 1998-ին հասարակությունը ակտիվ քաղաքական սուբյեկտ չէր, եւ ներիշխանական հակասությունների արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Փոխվեցին անձերը, բայց առկա բացասական երեւույթները գործող իշխանության պայմաններում ավելի խորացան։ – Եթե ասվում է, թե Թերի Դեւիսի զեկույցը Ղարաբաղի հարցի մասին որեւէ հետեւանք չի ունենալու եւ գնալու է արխիվ, ուրեմն ինչո՞ւ այն հնչեց, մանավանդ Դեւիսի նման հեղինակավոր գործչի կողմից։ – Մենք ցավում ենք, որ Թերի Դեւիսի զեկույցում մեզ համար անբարենպաստ եւ վտանգավոր գնահատականներ են հնչել։ Կարծում եմ՝ ոչինչ հենց այնպես չի արվում եւ չի ասվում։ ԵԽ-ում մթնոլորտ է ձեւավորվում Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Ճիշտ է, ԵԽ-ն այն ատյանը չէ, որը պետք է վերջնական աջակցի հարցի լուծմանը, բայց նման տեսակետները, որ հնչում են հեղինակավոր կառույցի ազդեցիկ անձանց կողմից, անհանգստացնող են։ Պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ զեկույցը ավելի բարենպաստ լինի մեզ համար։ – Վերջին շրջանում բազմաթիվ երկրներ, Ռուսաստանից սկսած՝ մինչեւ Չինաստան, առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա արդյոք հիմք չէ՞ միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների համար՝ Ղարաբաղի շուրջ իրենց ոչ հայանպաստ լուծումը պարտադրելու։ – Ցավալի իրողության առջեւ ենք կանգնած։ Ցավոք, այո, վերջին տարիներին մի շարք խոշոր պետություններ, որոնք մինչ այդ ձեռնպահ էին մնում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ հստակ տեսակետ արտահայտելուց, այսօր հանդես են գալիս այդ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու օգտին։ Եթե առաջ որոշակի հավասարակշռված մոտեցում կար ազգերի ինքնորոշման իրավունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ, ապա այժմ գերակայում է տարածքային ամբողջականության տեսակետը, որը կարող է ունենալ իր բացասական հետեւանքները։ Կարծում եմ՝ դա մեր իշխանությունների քաղաքականության արդյունքն է։ Վերջին տարիներին Ղարաբաղի հիմնախնդիրը ազգերի ինքնորոշման հարթությունից տեղափոխվեց տարածքների փոխանակման հարթություն, ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղերում քննարկելի դարձավ նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը։ – Արդյո՞ք ստեղծված իրավիճակը չի ապացուցում յոթ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն միտքը, որ ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները։ – Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ասուլիսից եւ հոդվածից, այո, յոթ տարի է անցել, եւ այն տարբերակը, որը ժամանակին առաջարկվում էր եւ որին մեր իշխանությունները պատրաստ էին համաձայնություն տալ, չի կարելի ասել, որ հայանպաստ տարբերակ էր։ Փուլային լուծման տարբերակով այսպես էր՝ առաջին փուլում մենք հանձնում ենք ազատագրված տարածքները, փախստականները վերադառնում են, եւ հետո փորձում ենք քննարկման դնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մեր գնահատմամբ՝ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր նման իրավիճակում կարգավիճակի հարց չէր կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլեւս չէր մնա հայ ազգաբնակչություն, եւ հարցը կլուծվեր հարեւան հանրապետության օգտին։ Այլ խնդիր է, որ այս յոթ տարիների ընթացքում մենք ժամանակը չենք օգտագործել ի նպաստ մեզ։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել