Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Սեպտեմբեր 21,2004 00:00

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Երեկ առավոտյան քաղաքապետարանի առաջ ցուցարարների երկու խումբ կար:
Այս անգամ Հյուսիսային պողոտայի բնակիչներին միացել էին նաեւ Աջափնյակ համայնքի
վթարային շենքերի բնակիչները: Երկրի իշխանություններից ցուցարարների պահանջը
նույնն էր՝ «բնակիչներից խլած բնակտարածքների դիմաց շուկայականին համարժեք
փոխհատուցում»:
Առաջիկա օրերին իրենց պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները խոստանում են «Թուրքիայից քաղաքական ապաստան խնդրել»: Իսկ մինչ այդ, քաղաքապետի ուշադրությանն արժանանալու համար ոստիկաններով շրջապատված բնակիչները բարձրաձայն վանկարկում էին. «Զա-խար-յան»: Ավելի ուշ ցուցարարները հանդիպել են փոխքաղաքապետ Կամո Արեյանին:

Բնակիչների նկատմամբ կոշտ վերաբերմունքը քաղաքապետարանը փորձում է փոխհատուցել բարեգործությամբ: Առողջապահության նախարարի որոշմամբ՝ մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում սեպտեմբերի 25-ը ԶԼՄ աշխատակիցների եւ մշակույթի գործիչների համար հայտարարված է բաց դռների օր: Երեկ ճեպազրույցում այս մասին լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը: Ըստ նրա՝ «կիրականացվի անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կբաժանվի հումանիտար դեղորայք»: Պարոն Սողոյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչո՞ւ է սոցիալական այս երկու խումբն ընտրվել, սակայն հավաստիացրեց, որ Էրեբունի-Երեւան տոնի առիթով էլ կլինեն բաց դռներ, այս անգամ՝ բոլոր քաղաքացիների համար:

Վարչության պետի խոսքերով, այս տարի առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամները կարող են պոլիկլինիկաներից ստանալ անվճար դեղորայք, իսկ մնացած սոցիալական խմբերի համար զեղչեր կկիրառվեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել