Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«44»-Ի ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Սեպտեմբեր 21,2004 00:00

Այս անգամ ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի

Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում անցյալ կիրակի տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց արդյունքում առաջադրված թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է ՕԵԿ անդամ Արտակ Սարգսյանը՝ «Սասի Արտակը»՝ 13970: Մյուս անկուսակցական թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արայիկ Հայրապետյան՝ «Լավանդայի Արայիկ»՝ 5578, Բաբկեն Մարգարյան՝ 1598, Գալուստ Նավասարդյան՝ 94, Աղասի Գասպարյան՝ 45: Բոլոր 5 թեկնածուներին դեմ է քվեարկել 306 ընտրող: Անվավեր է ճանաչվել 730 քվեաթերթիկ: Անճշտությունների չափը՝ 10:

42354 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 22315-ը:

Այսպիսով, սեպտեմբերի 19-ին Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններն, ի վերջո, կայացած պետք է համարել: Դրանց առնչությամբ այս անգամ, բարեբախտաբար, դիմում-բողոքներ չկան: Առավելագույն ձայներ ստացած թեկնածուն էլ, ինչպես նախորդ անգամ էր, «Օրինաց երկիր» կուսակցության նորաթուխ անդամ Արտակ Սարգսյանն է, նույն ինքը՝ «Սասի Արտակը»: Վերջինս միանգամից կհամալրի ԱԺ՝ ոչ միայն «Օրինաց երկիր» խմբակցությունը, այլեւ մականունավոր պատգամավորների ցանկը:

Այս ընտրատարածքում մի անգամ արդեն՝ օգոստոսի 29-ին, տեղի ունեցած ընտրությունները, որի ֆավորիտներն էին նույն Արտակ Սարգսյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Արայիկ Հայրապետյանը, անվավեր էին ճանաչվել, ըստ պաշտոնական վարկածի՝ անճշտությունների մեծ թվի, իսկ իրականում հենց այս թեկնածուների կողմից կատարված աղաղակող եւ զանգվածային ընտրակեղծիքների պատճառով:

Ինչպես նախորդ անգամ, անցյալ կիրակի էլ հիմնական համարվող թեկնածուները հենց այս երկուսն էին, թեեւ քվեարկության օրվանից դեռ մի քանի օր առաջ Ա. Հայրապետյանը հայտարարել էր ընտրապայքարին չմասնակցելու իր որոշման մասին: Նրա անունը, ի շարս մյուս 4 թեկնածուների, մնացել էր քվեաթերթիկում: Այդուհանդերձ, ընտրություններն այս անգամ պակաս ոգեւորության մթնոլորտում էին անցել. նկատի ունենք ոչ միայն ընտրություններին մասնակցության թիվը, այլեւ ընտրակաշառքի չափերը, որոնք, անշուշտ, այն մասշտաբը չունեին, ինչպես նախորդ անգամ էր: Չնայած թեկնածուներից Բաբկեն Մարգարյանը ընտրություններից առաջ «Ազդակ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ՝ վկայել էր, թե ընտրակաշառք էլի է բաժանվում, եւ դրա չափը տատանվում է 5000-10000 դրամի սահմաններում:

Այս անգամ ընտրություններին մասնակցել է 22 315 ընտրող: Դատելով թեկնածուների միջեւ բաշխված ձայներից՝ պետք է ենթադրել, որ անցյալ կիրակի քվեարկությանը չեն մասնակցել հատկապես Արայիկ Հայրապետյանի պոտենցիալ ընտրողները: Այսպես. եթե անցյալ անգամ նրան քվե էր տվել 11456 հոգի, ապա այս անգամ նրան ընտրել էր 5578-ը: Իհարկե, այստեղ պետք է նկատի ունենալ ոչ միայն Ա. Հայրապետյանի՝ ընտրապայքարին չմասնակցելու մասին հայտարարությունը, այլեւ անցյալ ընտրությունների ժամանակ եղած լցոնումները: Արտակ Սարգսյանն այս անգամ ստացել է 13970 քվե՝ նախկին 11488-ի փոխարեն:

Ի դեպ, ի տարբերություն օգոստոսի 29-ին տեղի ունեցած ու անվավեր ճանաչված ընտրությունների, այս անգամ թեկնածուներից Բաբկեն Մարգարյանն է ավելի քիչ թվով ձայներ վաստակել. նախկին 2702-ի փոխարեն՝ 1598:

Իսկ ընդհանուր առմամբ, նույնիսկ ընտրություններին հետեւած դիտորդների, մասնավորապես՝ «Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանի հրապարակային գնահատմամբ՝ այս անգամ այս ընտրատարածքում ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի եւ օրինախախտումների: Պատճառը, թերեւս, այն էր, որ մասնավորապես իշխանական թեկնածուներից մեկը՝ Ա. Հայրապետյանը, ըստ էության, մրցապայքարից դուրս էր եկել, ուստի պակասել էր ոչ միայն մեկ պոտենցիալ կեղծարար, այլեւ կեղծելու իմաստ չկար:

Ըստ որոշ լուրերի, Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր միջամտել թիվ 44-ում ստեղծված ներիշխանական երկու թեւերի ավելի քան թեժ պայքարին: Այդ վարկածը որպես հիմք ընդունելով՝ ոմանք զարմանում են, թե ինչպես պատահեց, որ արբիտրի դեր ստանձնած Ռ. Քոչարյանը որոշեց զոհաբերել ոչ թե Արթուր Բաղդասարյանին ու նրա թեկնածու «Սասի Արտակին», այլ՝ Աղվան Հովսեփյանին ու նրա պաշտպանած թեկնածուին: Պատճառը պետք է փնտրել ոչ թե այն բանում, որ Քոչարյանը նախընտրեց օրենսդիր մարմնում ունենալ կոալիցիայի անդամ պատգամավոր, այլ նրանում, որ պետք էր իր հպատակների միջեւ պարիտետը պահել: Ա. Հովսեփյանն առանց այս էլ ունի իր պատգամավորին ու թաղապետին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել