Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ

Սեպտեմբեր 18,2004 00:00

ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ Երեկ կայացավ Պոլ Ռիգերի «Փախուստ ավետյաց երկրից» վիպակի շնորհանդեսը: Գիրքը «Ինտերնյուսի» օժանդակությամբ թարգմանել է Վահրամ Մարտիրոսյանը: «… Երկրի ապագայով մտահոգված՝ երեխաներին քաղաքական կյանքի մեջ ներգրավելու եւ արտագաղթելու տրամադրություններին հակազդելու համար օրենք է ընդունված, որ տասնհինգ տարին լրացած ամեն ոք կարող է պետական բարձր պաշտոն զբաղեցնել: Այդ օրենսդրական նորմով ոգեւորված՝ մի խումբ երեխաներ, որ հիմնականում պաշտոնյաների զավակներ են, ստեղծել են «Ճուռակներ» կոչվող կազմակերպությունը, որը խոստանում է իշխանության գալու դեպքում վերադարձնել սովետական խնայդրամարկղերում փոշիացած ավանդները…»: Ամերիկացի լրագրող Պոլ Ռիգերի՝ հայաստանյան տպավորությունների հիման վրա ստեղծված «Փախուստ ավետյաց երկրից» վիպակում իրադարձությունները կատարվում են 2024 թվականի Հայաստանում: Պոլը գտնվել է Հայաստանում այս տարի գարնանը, ականատես եղել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերին, դրանց զարգացումներին: Գրքում նկարագրված դեպքերը դաժան ֆանտաստիկայի կամ սեւ հումորի ժանրից են, բայց այսօրվա Հայաստանը կարծես թե հենց այդ ճանապարհով էլ գնում է: Այնպես որ, որքան էլ դաժան է այս ապագայի հայելին, սակայն կարծես թե այնքան էլ ծուռ չէ: «Առավոտը» օգոստոսի 27-ի համարում արդեն անդրադարձել էր այդ վիպակին՝ վերաշարադրելով որոշ հատվածներ: «Սա մի վիպակ է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մեր երկիրը քսան տարի հետո, եւ ինչպիսին մենք չենք ուզում տեսնել այն»,- երեկ կայացած շնորհանդեսի ժամանակ ասաց «Ինտերնյուսի» տնօրեն Նունե Սարգսյանը, որը, որպես գրքի առաջին ընթերցող, գրել է նախաբանը. «Այստեղ նկարագրված իրադարձությունները հորինված են, դրանք կատարվել են քսան տարի հետո: Միակ իրականն այստեղ դեպքերի նման ընթացքից խուսափելու ցանկությունն է: Եվ հույսը… ո՛չ, հավատը, որ նման բան երբեք չի պատահի»: Թարգմանիչը՝ Վահրամ Մարտիրոսյանը, տեղեկացրեց, որ Պոլ Ռիգերի հետ պայմանավորվածություն ունի, որ երբեւէ ինքն էլ նման բան կգրի ԱՄՆ-ի մասին. «Վերջին հաշվով դա ի շահ այն երկրի է, որի մասին գրված է, թեկուզ այդքան մռայլ: Եթե վիպակը թրիլլերի, դետեկտիվի ձեւով չլիներ, թերեւս շատ ճնշող լիներ»: Վահրամի դերակատարությունը, որպես թարգմանչի, էլ ավելի է լրջանում, եթե հաշվի առնենք, որ գիրքը գրված է եղել ամերիկյան ժուռնալիստական սլենգով, որն առատ է հայհոյանքներով, եւ բառացի թարգմանության ենթակա չէ. «Այնպես որ, ես լրիվ հարազատ չեմ մնացել բնագրին, փորձել եմ ավելի գրական շրջանակներում լինել»: Ժուռնալիստական սլենգի առկայությունը վիպակում պայմանավորված է նրանով, որ գիրքը հիմնականում լրագրության մասին է կամ, ինչպես նկատեց Նունե Սարգսյանը՝ «լրագրողի երազ՝ լրագրության մասին»: Վիպակը կամ՝ ակնարկը, ինչպես ներկայացված է գիրքը, տպագրված է 500 օրինակով եւ նախատեսված է անվճար տարածման համար: Հուսանք, որ «Փախուստը» կծառայի իր նպատակին՝ կօգնի արգելակելու շատ անցանկալի պրոցեսներ, որոնցում գտնվում է Հայաստանը: Միայն ափսոս, որ նրանք, ումից դա կախված է, դժվար թե կարդան այս վիպակը: Ոմանք չեն ցանկանա, մյուսներն ուղղակի չեն կարող: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Վահրամ Մարտիրոսյանին սրտանց շնորհավորելու մի առիթ եւս կա. «Հայֆիլմը» գնել է նրա «Սողանք» վիպակի հեղինակային իրավունքները՝ հինգ տարի ժամկետով, եւ պատրաստվում է դրա հիման վրա ֆիլմ նկարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել