Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բազե» լինելը նպաստո՞ւմ է անվանական թոշակին

Սեպտեմբեր 18,2004 00:00

«Բազե» լինելը նպաստո՞ւմ է անվանական թոշակին Այդ ենթադրությունը հերքում է Բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանը: Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ խմբագրություն էին դիմել ահազանգով, թե բուհում անվանական կրթաթոշակառու լինելու համար պարտադիր պայման է կամ «բազեական», կամ հանրապետական լինելը: Զանգի հեղինակները դեռեւս 2-րդ կուրսի ուսանողներ են, իսկ անվանական կրթաթոշակի թեկնածուները սովորաբար ներկայացվում են նախավերջին կուրսի 2-րդ կիսամյակում, բացի այն դեպքերից, երբ ուսանողը բացառիկ գիտելիքների եւ ունակությունների տեր է, սակայն նրանք բացարձակ գերազանցիկներ են եւ անհանգստանում են, որ քաղաքական կողմնորոշումները կարող են ազդել ուսումնական գործընթացների վրա: Այս առիթով զրուցեցինք Բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Արմեն Աշոտյանի հետ: Նա մեզ տրամադրեց վերջին 3 տարիների անվանական կրթաթոշակառուների ցուցակը: 2002-03 ուստարում անվանական կրթաթոշակ ստացել է 17 հոգի, որից 3-ը հանրապետական է, 3-ը՝ «բազեական»: Ի դեպ, այդ տարում «Բազեների» հավաքի շարժման ժամանակ բժշկականի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել՝ հենց վերոնշյալ 3 «բազեականների» շնորհիվ, որոնք իրենց մտավոր ունակություններով փայլել են «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղում: Այս նույն տարվա ցանկում կա նաեւ ուսանողական, պայմանականորեն ասած, ընդդիմադիր հատվածի՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներից մեկի անունը: 2003-04 ուստարում բուհն ունեցել է 11 անվանական կրթաթոշակառու, որոնցից հանրապետական են 2-ը, «բազեական»՝ 1-ը, որն էլ այդ տարի «Բազե»-ի «Լավագույն երգչուհի» մրցույթի հաղթող է ճանաչվել: 2004-05 ուստարում անվանական կրթաթոշակ կստանա 10 ուսանող, որից 1-ը հանրապետական է, իսկ «բազեական» այս տարի այդ ցանկում չկա: Փոխարենը կա մեկ դաշնակցական սփյուռքահայ: Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ իր քաղաքական կողմնորոշումն իր սենյակի պատերից դուրս չի գալիս, այլապես բուհի ղեկավարությունը դա չի հանդուրժի: Իսկ անվանական կրթաթոշակ վաստակելու համար անհրաժեշտ են հետեւյալ պայմանները: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեն բացարձակ գերազանց առաջադիմություն՝ անկախ ուսուցման համակարգից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել քննություն օտար լեզվից (բացի ռուսերենից): Մրցույթն անցկացվում է բալային համակարգով եւ մրցակցության դեպքում հաշվի են առնվում՝ գերազանց գնահատականների միջինը, կարգապահությունը, տպագրված գիտական աշխատանքները, մասնակցությունը բուհի հասարակական կյանքին, առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղերը, լրացուցիչ օտար լեզվի իմացությունը, ինչպես նաեւ տարվա լավագույն ուսանող եւ տարվա լավագույն խմբի անդամ լինելը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել