Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կորեք Հայաստան երկրից»

Սեպտեմբեր 18,2004 00:00

«Կորեք Հայաստան երկրից» Այս կոչով է դիմում մեր իշխանություններին Գառնիկ Մարգարյանը՝ բողոքելով հայաստանյան ջոկատը Իրաք ուղարկելու դեմ: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը «հակազգային» է համարում Իրաք զորք ուղարկելը: Նա գտնում է, որ այդ երկրում մենք կարող ենք գտնվել միայն արդյունաբերության եւ շինարարության վերականգնման ժամանակ, այն էլ՝ որպես քաղաքացիներ: Այլապես, ուղղակի թե անուղղակի պատերազմական գործողություններին մասնակցությունը «խփում» է տեղի հայկական գաղութին: Ի դեպ, մեր զրուցակցի տվյալներով, տեղի հայերը մոտ 40 հազար են: Գ. Մարգարյանը նաեւ լուրջ մտավախություններ ունի, որ Հայաստանն էլ Ռուսաստանի օրինակով, այդ քայլից հետո, կհայտնվի տեռորիստական խոշոր կենտրոնների ցանկում: Ինչը, բնականաբար, կվտանգի աշխարհասփյուռ հայերին: Ապա՝ «Ուղարկելով ջոկատ՝ մենք կստիպենք մուսուլմանական աշխարհին դեմ դուրս գալ մեզ: Նրանք բազմիցս քննադատել եւ բողոքել են Արցախի, ազատագրված տարածքների հարցում, բանավոր հայտարարություններ են արել, որ դրանք պետք է համարել Ադրբեջանի մաս, բայց երբեք կոնկրետ գործողությունների չեն գնացել, չի եղել քաղաքական որոշում: Իսկ մենք ստիպում ենք գնալ այդ քայլին»: Եվ, բացի այդ՝ «Ինչո՞ւ պետք է հայ կամավորականը գնա եւ զոհվի արաբական երկրում»,- հարց է բարձրացնում նախկին սահմանապահը եւ ապավինում հայ ծնողների խոհեմությանը՝ հույս ունենալով, որ կնպաստեն չմեկնելու որոշումներ ընդունելուն: «Ինձ թվում էր, որ Ամերիկայի նման խոշոր պետությունը չպետք է գնար այդ փոքր ինտրիգային ճանապարհով: Այդ հիսուն խաղաղարարները բացարձակ պետք չէին եւ հարց չէին լուծելու, ուղղակի Հայաստանին ներքաշեցին խաղի մեջ: Իսկ հայ չինովնիկները՝ նախագահի գլխավորությամբ, տրվեցին դրան: Պատճառը՝ դարձյալ մեր իշխանության ոչ լեգիտիմությունն է, որին ԱՄՆ-ում լավատեղյակ են, եւ ընդամենը պետք էր դիվիդենդներ շահել»,- շարունակում է հիմնավորել Գ. Մարգարյանը՝ ամեն ինչ հանգեցնելով նրան, որ՝ «շարունակվում է աթոռը պահպանելու պայքարը»: Այդ ճանապարհին մեր զրուցակիցն ամենավտանգավորը համարում է Սփյուռքին հարվածի տակ դնելը. «Վերջին տարիներին կարծես թե Սփյուռքի խնդիրները հայ պետականության համար չեն: Մեծագույն կրթօջախներ են վաճառում՝ ոչ ոք չի անհանգստանում: Այսօր Հայաստանում բոլոր նորմերն ու օրենքները կերտվում են փողով: Իսկ էդ փողը ստանալու համար չինովնիկները դիմում են ամեն ինչի՝ բացարձակ անտեսելով հետեւանքները»: Եվ վերջապես՝ «Եթե դառնում ենք անկլավ՝ հասկանանք: Ուրեմն փոխենք նաեւ մեր լեզուն, կրոնը, սովորույթները: Բայց մենք ընտրել ենք ինքնուրույն ճանապարհ. ո՞ւմ է իրավունք տրված այդ ամենը դնել հարվածի տակ: Ո՞վ դարձավ երկրի նախագահը: Հերթական անակնկալնե՞րն են մատուցում հայ ժողովրդին: Ժողովուրդը դեռ սթափ է եւ համախմբվելով՝ մի օր կասի՝ կորեք Հայաստան երկրից, հանցավորներ, հանցագործներ, եւ թողեք մենք որոշենք մեր ապագան, մեր տեղը երկրում ու աշխարհում»,- ասում է Գ. Մարգարյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել