Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՄՇՏԱԿԱՆ ՋՈՒՐ ՈՒՆԵ՞Ք

Սեպտեմբեր 18,2004 00:00

ԴՈՒՔ ՄՇՏԱԿԱՆ ՋՈՒՐ ՈՒՆԵ՞Ք Այս տարի դժվար էլ ունենաք Երեկ կառավարությունը քննարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ տարբեր խնդիրների իրականացման համար պետական բյուջեից գումարի տրամադրման հետ կապված հարցեր: Այդ խնդիրները հիմնականում ուղղված են ջրամատակարարման ապահովմանը: Կառավարության որոշումների մասին պարզաբանումներ տվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Բայց առավել հետաքրքրական էին շուրջօրյա ջրամատակարարման վերաբերյալ Ջրտնտպետկոմիտեի դեռեւս 2003 թվականին տրված խոստումը (Գագիկ Մարտիրոսյանի կողմից), համաձայն որի, Երեւանում այդ հրաշքը պետք է տեղի ունենար 2004-ի ավարտին: Այնուհետեւ կառավարությունը հրաժարվեց այդ շռայլ խոստումից եւ այժմ ակնկալում է այս տարվա ավարտին շուրջօրյա ջրով ապահովել մայրաքաղաքի բնակչության գոնե 80 տոկոսին: Պարոն Անդրեասյանը հավաստիացրեց, որ այդպես էլ կլինի. «ինչ նախատեսված էր, արվում է, ժամանակացույց է գործում»: Երեքուկես ամիս է մնում ժամկետին, ուստի լրագրողները տեղում «տեստ» անցկացրին: Պարզվեց՝ բրիֆինգին ներկա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակվող երկու-երեք տասնյակ լրագրողներից ոչ մեկի բնակարանը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված չէ: Իսկ պարոն Անդրեասյանը չմասնավորեցրեց, թե գոնե իր թաղամասում մշտական ջուր կա՞: Մի խոսքով, այս պատկերից շուտ ազատվելու նպատակով կառավարությունը երեկ պետբյուջեից համակարգին հատկացումներ է արել. ոռոգման խնդիրների լուծման համար՝ շուրջ 4.4 միլիարդ դրամ, «Հայջրմուղկոյուղու» ընթացիկ նորոգումների համար՝ 134 միլիոն, 40-45 միլիոն՝ համակարգի անավարտ շինությունների համար եւ այլն: Կառավարությունը հույս ունի նույն խնդիրների լուծման համար երկու վարկային ծրագիր շահել: Ջրտնտպետկոմի նախագահը նշեց, որ այս տարի ամռանը չնկատվեց այն նույն լարվածությունը, ինչ լինում էր սովորաբար ամեն տարի: Բացի այդ, «ամառը միշտ պրոբլեմներ է ստեղծել, որովհետեւ ջրի օգտագործման ծավալն ավելանում է, եւ աղբյուրներից վերցվող ջուրն ուղղում են ոռոգմանը»: Ջրային համակարգում ձեռքբերում է նաեւ հաշվառման համակարգի կիրառման ընդլայնումը, ինչի արդյունքում հավաքագրման մակարդակն է բարձրացել: Այսօր արդեն ջուր օգտագործողների 85 տոկոսը հաշվառման համակարգում է: Չնայած դրան, մայրաքաղաք մտնող ջրի 80 տոկոսը կորչում է: Դրա մի մասը, պարոն Անդրեասյանի կարծիքով, իհարկե, հասնում է սպառողին, սակայն վերջիններս կարողանում են խուսափել հաշվառումից: Հետաքրքիր է, որ նախկինում, երբ ավելի քիչ էր հաշվառման ծավալը, կորուստների ավելի քիչ ծավալի մասին էր հաղորդվում: Եվ սա տրամաբանական է, որովհետեւ Ա. Անդրեասյանի վերլուծությամբ, հաշվառումը վատ էր տարվում, հետեւաբար կորուստների ողջ քանակը չէր արձանագրվում: Ի դեպ, կորուստների ողջ քանակն այդպես էլ չի արձանագրվի, հաշվի առնելով հայերիս հնարամտության անսահմանափակությունը. պարոն Անդրեասյանը հայտնեց, որ սպառողներն արդեն մշակել են ջրաչափ կանգնեցնելու «տեխնոլոգիաներ», որոնց բացահայտելու ձեւերն են մտմտում մասնագետները: Երեկ կառավարությունը անհետաձգելի համարելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, առաջարկել է ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում: Մեր տեղեկություններով, օրինագիծը նախատեսում է առեւտրի բնագավառում տիրող բարձիթողի վիճակի բարելավում: Կառավարությունը նաեւ որոշել է մի շարք անավարտ շինարարության օբյեկտներ ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել: Թե կոնկրետ ինչ օբյեկտներ, հաղորդագրությունը չի նշում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել