Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈՂ ԵՍ ԵՎ ՉԼԻՆԵԼ

Սեպտեմբեր 18,2004 00:00

ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈՂ ԵՍ ԵՎ ՉԼԻՆԵԼ Նախորդ խորհրդարանում, երբ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Սահմանադրության սեփական նախագիծը, Ռոբերտ Քոչարյանը բավական կտրուկ արձագանքեց, թե Շավարշ Քոչարյանը թող փորձի նախագահ դառնալ եւ առաջարկել Սահմանադրության իր փոփոխությունները: Սակայն հաշվի չառնելով այս նախադեպը՝ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Սահմանադրության փոփոխությունների սեփական նախագիծը, որն ունի կիսանախագահական ուղղվածություն: Հետաքրքրվեցինք, թե արդյոք Շ. Քոչարյանին տրված խորհուրդը հաշվի առնելով՝ չի՞ կարծում, որ իր Սահմանադրությունն անցկացնելու համար նախ՝ պիտի դառնա նախագահ: «Պետք է տարբերակել իրավիճակները,- ի պատասխան ասաց Գ. Արսենյանը:- Երբ ներկայացված էր Շավարշ Քոչարյանի նախագիծը՝ այդ ժամանակ սահմանադրական փոփոխությունները հանրապետության նախագահի նախաձեռնությունն էին: Հիմա լրիվ այլ իրավիճակ է. սահմանադրական փոփոխությունների օրենսդրական նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավորները կամ, կարելի է ասել, քաղաքական թիմերն են»: Սակայն կոալիցիոն պատգամավորները՝ Գալուստ Սահակյանը, Սամվել Բալասանյանը, Հրայր Կարապետյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանն ընդամենը ստորագրել են այն նախագծի ներքո, որով Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանում դրվեցին շրջանառության մեջ: Ի դեպ, նախագծի ներքո ստորագրել էր նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը, սակայն օգոստոսի 17-ին հանեց իր ստորագրությունը: Մեր դիտարկմանը, թե այս փաստաթղթի իրական հեղինակը ոչ թե այդ պատգամավորներն են, այլ, այնուամենայնիվ, դարձյալ նախագահի ներկայացուցիչը՝ Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի ղեկավարն արձագանքեց այսպես. «Արմեն Հարությունյանը քննարկումների մասնակից է: Իսկ եթե համարում եք, որ սա նրա առաջարկած նախագիծն է՝ այդ դեպքում ես մեծ հաճույքով կլսեմ Ա. Հարությունյանի կարծիքը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել