ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ Մոտենում է Երրորդ հանրապետության 13-րդ տարեդարձը: Այդ առիթով առաջարկում եմ իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն պատմական արդարության վերականգնմանը եւ մատաղ սերնդի դաստիարակությանը: – Հայաստանի անկախության տոնը նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ փետրվարի 4-ին, քանի որ հենց այդ օրը 1998-ին իշխանության եկան պարկեշտ եւ ազգային ուժերը: – Հայոց պատմության սկիզբը համարել 1998 թվականը, մնացած հայոց պատմությունը վերանվանել «հայոց նախապատմություն» կամ «հանցագործ իշխանությունների հազարամյակներ»: Նախապատմության տարեգրության կոորդինացումը հանձնարարել ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանին: Պատմության լուսաբանումը հանձնարարել «Հայլուրին»: – Հայրենի գլխավոր օլիգարխներին վերանվանել Խեկացի Գագիկ եւ Կոկիկ Սամվել: – Երկնիշ տնտեսական աճն առավել ցցուն դարձնելու համար պարտադրել բոլոր օլիգարխներին՝ փողոցներում իրենց ուղեկցող «Ջիպերի» քանակը հասցնել 50-ի: – «Իշխան» ձուկը վերանվանել «Զաքարյան» ձուկ՝ ի նշանավորումն Աթենքում հայ օլիմպիականների տարած պանծալի հաղթանակի: – Հիմնադրել Կուկուի անվան մարդու իրավունքների շքանշան եւ դրանով պարգեւատրել փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանին ու Էրեբունու միլպետ Նվեր Հովհաննիսյանին, ինչպես նաեւ երկրի կայունության հիմնական երաշխավոր Ալրաղացի Լյովին: – Կայունամետ քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով քաղմասներում խոշտանգվող հանրահավաքների մասնակիցներին՝ ծեծն ընդմիջելով կարդալ Յեժի Յասկերնիայի զեկույցը՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթարշավի մասին: – 2005 թվականը հռչակել Գիտելիքների եւ Բարձր ճաշակի տարի, որի շրջանակներում պարտադրել ՀՀ քաղաքացիներին օրական առնվազն 3 ժամ դիտել ԱԼՄ հեռուստաընկերությունը: – Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու նպատակով անցկացնել «Մեկ ազգ, մեկ կոշկակարություն», «Մեկ ազգ, մեկ վարսավիրություն» եւ «Մեկ ազգ, մեկ շուստրիություն» համահայկական փառատոները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ