Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ

Սեպտեմբեր 18,2004 00:00

«Արդարության»
համաժողովում խոստացավ այդ խմբակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը
«Անընդհատ չարչրկվում է ընդդիմության մարտավարության հարցը։ Իհարկե, հեշտ է այս իրավիճակում դիտորդի կարգավիճակ ընդունել եւ անընդհատ վերլուծություններով զբաղվել։ Սակայն շատ դեպքերում վերլուծություններով զբաղվող այդ մարդիկ աչք են փակում այն ապօրինությունների, բռնությունների առջեւ, որ տեղի են ունենում մեր կյանքում։ Հետն էլ խոսում են ինչ-որ մարտավարությունից։ Մարտավարությունը մեկն է՝ չընկճվել, դեմքը չկորցնել, ինչպես չի կորցնում Էդգար Առաքելյանը, ինչպես չեն կորցնում շատ ուրիշ մարդիկ։ Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունը իր ապագայի համար պայքարում ի վերջո հաղթելու է։ Այո, սա ընդդիմության պայքարը չէ իշխանության համար, ինչպես փորձում են ներկայացնել։ Սա հասարակության պայքարն է հանուն արժանապատվության»,- «Արդարություն» խմբակցության համաժողովում լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց Ստեփան Դեմիրճյանը։ «Արդարության» ղեկավարը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է համագործակցել եւ «Ազգային միաբանության», եւ քաղաքական մյուս ուժերի հետ. «Առհասարակ մենք բաց ենք համագործակցության համար»։ Իսկ ի՞նչ է ակնկալվում համաժողովից, ի՞նչ նպատակ է հետապնդում համաժողովը՝ հետաքրքրվեց Հ1-ի լրագրողը. «Նպատակը եթե ոմանք չեն հասկանում, իրենց պրոբլեմն է, իսկ «Արդարություն» դաշինքը շատ հստակ ներկայացրեց իր մոտեցումները։ Նաեւ մենք հնարավորություն տվեցինք մտավորականության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին խոսել իրենց հուզող հարցերի շուրջ»։

«Իսկ ինչպիսի՞ աշուն է ակնկալվում» չարչրկված հարցին պատասխանելով՝ ՀԺԿ նախագահը խորհուրդ տվեց. «Եղանակային այդ խոսակցություններին եկեք վերջ տանք։ «Արդարություն» դաշինքը չի համակերպվելու այս ամենի հետ։ «Արդարությունը» շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության հաստատման։ Եվ մենք հաղթելու ենք»։

«Կարելի՞ է ասել, որ դուք կորցրել եք ուղենիշներն ու այժմ հասարակությունից եք փնտրում նոր ուղենիշներ»,- հետաքրքրվեց «ՀՀ»-ի թղթակիցը։ Ստեփան Դեմիրճյանը ասաց, որ ամենեւին այդպես չէ. «Ընդհանրապես, արհեստական խոսակցությունները չափից ավելի շատ են այսօր։ Ի՞նչ է նշանակում ուղենիշները ընդդիմությունը կորցրել է։ Կամ՝ խոսում են մանդատների մասին։ Հենց այստեղ է պետք հարցնել՝ իսկ ովքե՞ր են դատավորները։ Մեր դատավորը միշտ եղել եւ մնում է ժողովուրդը, եւ մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի առաջ։ Այդ պատասխանատվությամբ էլ առաջնորդվելու ենք։ Եվ ակնհայտ է, որ փոփոխություններ կարող են իրականացվել հասարակության ուժով։ Ընդդիմությունը միշտ էլ ապավինել է հասարակությանը»։

Ո՞րն է ընդդիմության հաջորդ քայլը՝ միտի՞նգ. «Եթե միտինգ չի արվում, ասում են՝ գործունեություն չկա. մենք ասել ենք, որ մեր գործունեությունը լինելու է բազմաբնույթ, միտինգը էլեմենտներից մեկն է։ Ամեն ինչ էլ լինելու է»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել