Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ Է ՄԵՐ ՀԱՂԹԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Սեպտեմբեր 18,2004 00:00

«Արդարության»
համաժողովում հայտարարեց
Արամ Զավենի Սարգսյանը
Երեկ տեղի ունեցած «Արդարության» համաժողովին ներկա էին դաշինքի անդամ կուսակցությունների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։ «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների բոլոր ղեկավարները դահլիճում էին, այդ թվում՝ Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը, որոնց մասին վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե հեռացել են դաշինքից։ Համաժողովում որեւէ հեղափոխական կոչ չհնչեց, «հեսա-հեսա» իշխանափոխություն անելու ժամկետների ու ձեւերի մասին չխոսվեց։ Ինչպես ներկայացնում էին ելույթ ունեցող դաշինքի անդամները՝ համաժողովի նպատակն էր լսել հասարակության ներկայացուցիչներին, իմանալ, թե ինչ է մտածում եւ ուզում հասարակությունը, եւ գործել ըստ այդմ։

Համաժողովի առաջին ժամը նման էր գրական-երաժշտական միջոցառման, քանի որ ելույթ էին ունենում բացառապես մշակույթի գործիչներ։ Նրանցից առաջ ելույթ ունեցած Վիկտոր Դալլաքյանը իշխանություններին ուղղված մեղադրանքների մի երկար շարք ներկայացրեց՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ մեր օրերը։ Ասվեց, որ մեղադրանքներն ուղղված են «չընտրված նախագահին, եւ ակնհայտ է, որ համաժողովրդական ցասման արդյունքում այս մարդիկ պետք է հեռացվեն իշխանությունից»։ Հնչեց Սիլվա Կապուտիկյանի ձայնագրված ուղերձը։ Մաեստրո Օհան Դուրյանը խիստ օգտակար խորհուրդ տվեց, որը ձեւակերպեց երկու բառերի երաժշտական նրբերանգով. «Միացեք։ Միացեք։ Միացեք։ Գործեք։ Գործեք։ Գործեք»։ Դահլիճը կարծես համաձայն էր, քանի որ բուռն ծափահարեց։

Համաժողովի քաղաքական մասն սկսվեց ապրիլի լույս 13-ի գիշերը տուժած Էդգար Առաքելյանի ելույթով։ Դահլիճը սիրով ու ջերմությամբ ընդունեց Էդգարին։ «Այս իշխանությունը ապրիլի 13-ին ցույց տվեց իր դեմքը։ Այս իշխանությունը հանուն աթոռի պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ ծեծել սեփական ժողովրդին»,- ասաց Էդգար Առաքելյանը։ Ե՛վ Էդգար Առաքելյանը (ՀԺԿ), ե՛ւ Լավրենտի Կիրակոսյանը (ԱԺՄ) շնորհակալություն հայտնեցին «Արդարություն» դաշինքին, յուրաքանչյուրն իր կուսակցությանը՝ դժվար պահին իրենց կողքին լինելու եւ աջակցելու համար։ Մթնոլորտը մի փոքր շիկացավ, երբ «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Էլեոնորա Մանանդյանը հայտարարեց. «Ես դիմում եմ տղամարդկանց՝ Քոչարյանը մի բան ճիշտ է ասել՝ տղամարդ չկա այս երկրում»: Դահլիճը, չգիտես ինչու, երեւի հաստատելու համար, որ իրոք այդպես է՝ բուռն ծափահարեց։ Ավելի ուշ, իր ելույթը սկսելուց առաջ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, անդրադառնալով տղամարդկության խնդրին, ասաց. «Երբ կինը չի տեսնում Հայաստանում տղամարդ, ես հասկանում եմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ տղամարդն է Հայաստանում տղամարդ որոնում»։ Դահլիճը այս խոսքերը եւս բուռն ծափերով ընդունեց։

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե ոմանք չեն հասկանում՝ ինչո՞ւ է պահանջվում Քոչարյանի հեռացումը. «Որովհետեւ երկրում որեւէ բան չի փոխվում դեպի լավը, որովհետեւ երկիրը գնում է կործանման ճանապարհով։ Այս պարագայում ի՞նչ ասենք այսօրվա իշխանությանը։ Մնում է միայն ասել՝ հեռացե՛ք, որ մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»։ ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանն ասաց, որ ընդդիմությունը բազմաթիվ վրիպումներ է թույլ տվել. «Մենք չունենք հասարակության հետ հաղորդակցվելու մեր միջոցները։ Ժողովրդի ուղեղը լվանում են Քոչարյանին գովերգելով»։ Տիկին Փարեմուզյանն առաջարկեց հասնել նրան, որ Հանրային հեռուստատեսությամբ ընդդիմությանը որոշակի ժամեր տրվեն։

Արամ Զավենի Սարգսյանի ելույթից առաջ դահլիճից մի կին ձայն տվեց՝ «Առաջինը (այսինքն՝ Հ1-ը- Մ. Ե.) թող չնկարի»։ «Թող նկարի, բոլորին է պետք համախմբվել, այդ թվում նաեւ՝ առաջին ալիքին։ Այս հայրենիքը նաեւ առաջին ալիքի հայրենիքն է։ Սրանք ցույց չեն տալիս, իրենցից հետո եկողները այս կադրերը անընդհատ են ցույց տալու, լավ են անելու։ Արխիվի համար է նկարվում»,- արձագանքեց Արամ Սարգսյանը։ Իսկ բուն ելույթում նա հայտարարեց. «2004-ի Հայաստանում ունենք իշխանություն, որը մեկ խնդիր է լուծում՝ մեկ օր ավելի պահել իշխանությունը, եւ հանուն դրա բոլորովին դեմ չէ կոտրել նաեւ իրեն խանգարող գլուխները»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը համախմբման կոչ արեց. «Միայն քաղաքական կուսակցություններով շատ բան չես փոխի։ Առավելագույնը՝ մի նախագահը մեկ ուրիշով։ Իսկ աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, արժանապատիվ ապագա կերտելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ ժողովրդին»։ Ժամկետներ Արամ Սարգսյանը չասաց, թեպետ դահլիճից երբեմն հնչում էր՝ «Ե՞րբ»։ Ըստ Արամ Սարգսյանի՝ այդ «երբ»-ը կլինի, երբ ոտքի կկանգնի ամբողջ հասարակությունը. «Եկել է մեր հաղթելու ժամանակը, իրական հաղթելու ժամանակը, համախմբվել է պետք»։

Համաժողովի ավարտին ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը եւս ասաց, թե հաղթանակը լինելու է համախմբված հասարակության ուժերով եւ խաղաղ ճանապարհով. «Ընդամենը մի խումբ մարդիկ են խոչընդոտում հասարակության զարգացմանն ու ժողովրդավարությանը, եւ այդ խոչընդոտները պետք է հեռացվեն ու վերացվեն»։

Համաժողովն ընդունեց հայտարարություն, որով պահանջվում է դադարեցնել բռնություններն ու քաղաքական հետապնդումները, պատասխանատվության ենթարկել դաշինքի եւ նրա համախոհների դեմ քրեական գործ հարուցածներին եւ բռնություններ իրականացրածներին, վերականգնել սահմանադրական կարգը երկրում. «Յուրաքանչյուրիս կամքից ու վճռականությունից է կախված մեր երկրի ապագան»,- այսպես է եզրափակվում հայտարարությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել