Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏՀԱՃ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ»

Սեպտեմբեր 18,2004 00:00

Այսպես
է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նախընտրում անվանել
Թերի Դեւիսի զեկույցում տեղ գտած «էթնիկ զտումներ» կամ «սեպարատիստներ» արտահայտությունները:

Տիգրան Թորոսյանը երեկ վերջապես քողազերծեց Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող, իսկ այժմ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի խորհրդապահական զեկույցը: Նա խոստովանեց, թե բավական ուշ էին ստացել այն, սակայն ստանալուց անմիջապես հետո պրն Դեւիսին են ուղարկել գրավոր փաստաթուղթ. «Եվ հստակորեն ասվել է, որ այս տեսքով ճիշտ չի լինի զեկույց ներկայացնել, քանի որ այն կարող է վնասել կարգավորման գործընթացին»:

Այսուհանդերձ, մեր պատվիրակության ղեկավարը չհամաձայնեց բանաձեւի նախագծի վերաբերյալ «աննպաստ ձեւակերպումներ պարունակող» բնորոշմանը. «Հայաստանի համար որեւէ՛ աննպաստ բան չկա, եթե այն անգամ ամբողջությամբ՝ ինչպես կար, ընդունվեր»: Փոխարենը զեկույցի մի հատվածում, պրն Թորոսյանի բնորոշմամբ՝ կային «մի քանի ձեւակերպումներ, որոնք իսկապես տհաճ են, եւ ճիշտ կլիներ, եթե չլինեին: Զեկուցողը փորձել է ներկայացնել նոր ձեւակերպումներ, որոնք մինչ այս չեն օգտագործվել պաշտոնական փաստաթղթերում»: Դեւիսն, ասենք, գրել է փոխադարձ «էթնիկ զտումների» մասին: «Նման բան որեւէ՛ լուրջ ամբիոնից չի ասվել այս հակամարտության առնչությամբ»,- ասաց պրն Թորոսյանը: Հիշատակում կա նաեւ «տարածքների բռնի անջատման» մասին:

Զեկուցողի նախապատրաստած բանաձեւի նախագծում եւս շեշտված է «էթնիկ զտումների» խնդիրը: Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, երբ բանաձեւում նկարագրվում է ներկա իրավիճակը՝ նշվում է, թե «Ադրբեջանի տարածքի զգալի մասը դեռեւս գրավված է հայկական ուժերի կողմից» ու ասվում. «Անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Բնականաբար, այս «անջատողական ուժեր» ձեւակերպումը մեզ համար տհաճ է եւ անընդունելի»: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշանի մի արտահայտություն էլ կա. «Վեհաժողովը հորդորում է երկու կառավարություններին՝ զերծ մնալ իրար նկատմամբ զինված ուժեր գործադրելուց, ինչպես նաեւ՝ զինված գործողություններ քարոզելուց»: Տիգրան Թորոսյանն առարկեց, թե Հայաստանի պաշտոնյաները չեն զբաղվում պատերազմի քարոզչությամբ:

Քննադատվեց նաեւ Թերի Դեւիսի առաջարկը՝ ԵԽԽՎ-ում ստեղծել մի ժամանակավոր հանձնաժողով, որի անդամները կդառնան Մինսկի խմբի երկրների պատվիրակությունների ղեկավարները: Հանձնաժողովն ամեն տարի պիտի ներկայացնի զեկույց, թե այդ երկրներն ինչ քայլեր են արել հակամարտության լուծման ուղղությամբ: Տիգրան Թորոսյանը կարծում է, թե ավելորդ է Մինսկի խմբի ձեւաչափով մեկ այլ զուգահեռ կառույց ստեղծելը: Թերի Դեւիսի մյուս առաջարկն է, որ եթե Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները ձախողվեն՝ Հայաստանն ու Ադրբեջանը դիմեն Արդարադատության միջազգային դատարան. «Պարզելու, թե սա Ադրբեջանի տարածքային ամբողջականությա՞ն խախտման հարց է, թե՞ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման»: Մեր պատվիրակության ղեկավարն այս առաջարկը համարում է ինքնին վտանգավոր. «Չի՛ կարելի հենց այսօր խոսել ձախողման մասին: Սա ոչ թե աջակցություն է Մինսկի խմբին, այլ ինչ-որ տեղ՝ անվստահություն»:

Սակայն արդյոք կա՞ որեւէ երաշխիք, որ այլեւս Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը չի փորձի իրականացնել իր նախաձեռնությունը ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ: Կամ՝ կա՞ որեւէ երաշխիք, որ նոր զեկուցող Դեյվիդ Աթկինսոնը, որին ընդամենը 3-4 ամիս է տրված նոր զեկույց նախապատրաստելու համար, ուղղակի չի փոխառի Դեւիսի զեկույցից «տհաճ ձեւակերպումները»: «Որեւէ մեկին երբեք հնարավոր չէ պարտադրել, որ չօգտվի այս կամ այն փաստաթղթից»,- ընդունում է պրն Թորոսյանը:

Նա առաջարկեց «պիտակներ չփակցնել» ԵԽԽՎ պատվիրակներին, այլ փորձել օգնել, որ նրանք հասկանան մեր խնդիրների էությունը: Ասվածը վերաբերում էր նաեւ Դիտարկման հանձնաժողովի զեկուցող Յեժի Յասկերնիային, որի նախապատրաստած բանաձեւում նշված է, թե խաղաղ ցույցերն արտոնվել են (թեեւ ցույցերի մասին օրենքն ընդունվելուց հետո մի հանրահավաք է արտոնվել, իսկ մյուսը՝ ոչ), լրագրողների դեմ հարձակումները հետաքննվել են (թեեւ ապրիլի 5-ին կատարվածն է հետաքննվել, իսկ ապրիլի 12-ի գիշերվանը՝ ոչ): Արձագանքելով «Առավոտի» հարցին՝ այս եւ նման բազմաթիվ օրինակները զեկուցողի կողմնակալությա՞ն վկայությունն են, թե՞ «Հայաստանի իշխանությունների հետ գերազանց համագործակցության», որի համար գոհունակություն է հայտնված բանաձեւի նախագծում՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «ԵԽԽՎ բանաձեւերը կազմվում են՝ նկարագրելու համար այն երեւույթներն ու միտումները, որոնք գոյություն ունեն տվյալ երկրում: Կարծում եմ, Յասկերնիայի զեկույցը լիովին այդ սկզբունքների շրջանակում է եւ համապատասխանում է ԵԽԽՎ մոտեցումներին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել