ՋՐՄՈՒՂԸ ԳԱԼԻՍ Է «ՍԵՎ ԹՂԹՈՎ» Մոտ մեկ ամիս է՝ Գյումրիի ջրմուղի տարբեր տեղամասերում մեծ հերթեր են գոյանում, որոնք երբեմն ուղեկցվում են ջրմուղին «թաղել հանելու» անեծքներով: Վերջին շրջանում ջրմուղն ակտիվորեն սկսել է բնակիչներից գանձել, իրենց խոսքերով, «սպառած, երբեմն անգամ չսպառած» ջրի վարձը: Բնակիչները ոչ մի կերպ չեն համաձայնում գոյացած պարտքերի չափի հետ: Նրանցից շատերը արդեն իսկ հասցրել են բողոքներն ուղղել «Առավոտին»: Ամենից շատ նրանց նյարդայնացնում են ջրմուղի իրավաբանները, որոնք, ըստ բնակիչների, դռնեդուռ ընկած դատարան ներկայանալու «սեւ թուղթ» են բաժանում: Բնակիչները համոզված են, որ ջրմուղի տեղամասերում նախկինում իրենց կատարած մուծումները հավաստող ոչ մի փաստաթուղթ չի պահպանվում: Նրանց ասելով, եթե բախտի բերմամբ մուծված կտրոններդ պահպանած լինես, կկարողանաս կանխել դատարան ներկայանալու վտանգը: Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը շահագործող «Շիրակ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Վարդան Մարտիրոսյանի պարզաբանմամբ, պատճառն այն է, որ իրենք բնակիչների հետ համատեղ փորձում են ճշտել, այսպես ասած, բաժանորդական բազան, այսինքն՝ հասցեները, անձերի քանակը, նախկինում կուտակված պարտքերի չափը: «Գյումրեցիները մի կերպ համակերպվեցին գազի ու լույսի վարձերը մուծելու մտքի հետ, հիմա էլ ճիշտ ժամանակն է, որ ջրի վարձ մուծել սովորեն»,- բնակիչների դժգոհություններին ի պատասխան՝ ասաց տնօրենը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ