Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսորին կրճատել են

Սեպտեմբեր 17,2004 00:00

Պրոֆեսորին կրճատել են Հայաստանը երկրորդ անգամ, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը կմասնակցի ԱՊՀ երկրների «Դելֆյան խաղեր» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին, որն այս տարի կանցկացվի Քիշնեւում։ Մրցույթ-փառատոնում ընդգրկված են արվեստի համարյա բոլոր ճյուղերը՝ դասական եւ ժողովրդական կատարողական արվեստ, գեղարվեստ, էստրադային, կրկեսային ժանրեր եւ այլն։ Արվեստագետները այս մրցույթ-փառատոնը զուգահեռում են օլիմպիադայի հետ։ Աչքի առաջ ունենալով Աթենքի օլիմպիադան՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նախապատրաստվել մշակութային օլիմպիադայի մեկնող հայկական պատվիրակությունը։ Եվ միանգամից հիասթափություն ապրեցինք՝ զրուցելով ճանաչված մի արվեստագետի հետ, որը չցանկացավ հրապարակել իր անունը, տեղեկացնելով միայն, որ գումարների սղության պատճառով մշակույթի նախարարությունը կրճատել է ե՛ւ մեկնողների, ե՛ւ ժյուրիում ընդգրկված արվեստագետների թիվը։ Ընդ որում, Քիշնեւ ուղարկած ցուցակից հանվել է նաեւ դաշնակահարների ժյուրիի կազմում հաստատված կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի անունը։ Հանդիպելով պրոֆեսոր Քեչեկին, տեղեկացանք, որ այս մրցույթ-փառատոնի նախապատրաստական աշխատանքները նախարարության կողմից սկսվել են դեռ անցյալ տարվա աշնանից։ Նրա խոսքերով, «ի սկզբանե որոշվել էր դաշնակահարների եւ ջութակահարների կրտսեր խմբերում ներկայացնել անցյալ տարի անցկացված Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների մրցույթի առաջին մրցանակակրին եւ այս տարվա գարնանը կայացած Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան լարային նվագարանների մրցույթի հաղթողին»։ Ս. Քեչեկը նկատեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ են ընթացել, երբ պատասխանատվությունը ստանձնել է նորանշանակ փոխնախարար Կարինե Խոդիկյանը. «Քանիցս հրավիրվել են խորհրդակցություններ, քննարկումներ, լսումներ, որպեսզի հնարավորինս ճիշտ ընտրություն կատարվի»։ Պրոֆեսորը հաստատեց, որ ֆինանսական պատճառներով վերջերս մշակույթի նախարարը չի հաստատել պատվիրակության ցուցակը, կրճատելով մասնակիցների մոտ կեսին, այդ թվում՝ եւ իրեն. «Ըստ ինձ հասած լուրերի, ցանկացել են ինձ փոխարինել ժյուրիի ավելի երիտասարդ անդամով, թեեւ հասկանալի է, որ ես բեմ չէի բարձրանալու որպես կատարող։ Իսկ դաշնակահարներից ովքե՞ր կմեկնեն եւ ժյուրիի կազմում իմ փոխարեն ո՞վ կլինի՝ ինձ մշակույթի նախարարությունից պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել»։ Մշակույթի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Ս. Քեչեկին ժյուրիի կազմում կփոխարինի Արմեն Բաբախանյանը։ Դաշնակահարների մրցույթին կմասնակցի Ա. Բաբախանյանի ուսանողը եւ մեկ ուսանող կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Բոգդանյանի դասարանից։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել