Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ՀԺԿ անդամ չեմ, «Առավոտից» իմացա»

Սեպտեմբեր 17,2004 00:00

«Որ ՀԺԿ անդամ չեմ, «Առավոտից» իմացա» «Իշխանությունների եւ ոստիկանության դեմ իմ պայքարը, անկեղծ ասած, ինձ այնքան չի վհատեցնում, որքան նորաբաց այս «ֆրոնտը»՝ իմ նախկին կուսակցության, ՀԺԿ որոշ անդամների դեմ»,- այսպես սկսեց երեկվա մեր հարցազրույցը Գրիշա Վիրաբյանը։ – Դուք իրականում ՀԺԿ անդա՞մ եք, թե՞ ոչ։ – Պատմությունը հետեւյալն է։ 2000թ. անդամագրվել եմ ՀԺԿ-ին, 2-րդ համագումարին ընտրվել եմ վարչության անդամ։ Ի դեպ, համագումարում Արամայիս Բարսեղյանն ընդվզեց, թե որպես տարածքային քարտուղար իր հետ հաշվի չեն նստել։ Նույն Ստեփան Մինասյանը համագումարի նախագահության ամբիոնից պատասխանեց, որ ինձ ընտրում են «կուսակցությանը մատուցած իմ ծառայությունների համար»։ 2003թ. նախագահական ընտրություններից 2-3 ամիս առաջ Ստեփան Դեմիրճյանին անձամբ եմ ասել, որ Արտաշատում կազմակերպությունը ծանր վիճակում է, 12 գյուղերում սկզբնական քարտուղար չունենք, մնացած գրեթե բոլորի հետ էլ Արամայիս Բարսեղյանը կոնֆլիկտներ ունի։ Մեկ անգամ Ստեփան Մինասյանը, հաջորդ անգամ՝ Վարդան Մկրտչյանը եղան Արտաշատում, առանց ակտիվի հետ հանդիպելու լսեցին Բարսեղյանին ու գնացին։ Ստեփան Դեմիրճյանին ասացի, որ եթե ես սխալ եմ՝ ինձ հեռացրեք, բայց հարցը այլեւս չքննարկվեց։ Իսկ նախագահական ընտրությունների առաջին օրը՝ փետրվարի 19-ին, գրավոր դիմել եմ Գրիգոր Հարությունյանին՝ պահանջելով վերլուծել հատկապես Արտաշատում ընդդիմության ձախողման պատճառները։ Դիմումս մնաց անպատասխան։ ԱԺ ընտրություններին Ստ. Դեմիրճյանի գիտությամբ իմ թիմով պաշտպանել եմ Ֆ. Զաքարյանի, Ա. Հակոբյանի եւ Մ. Ղազարյանի թեկնածությունները։ Իսկ Ա. Բարսեղյանը ԱԺ ընտրություններից հետո, իր ձախողումները թաքցնելու նպատակով, առանց սկզբնական կազմակերպության որոշման, իմ բացակայությամբ, ՀԺԿ վարչության նիստով, Ստ. Մինասյանի աջակցությամբ հարցը մտցրեց օրակարգ, ինձ հեռացրին՝ իբր ես ՀԺԿ-ին դեմ եմ աշխատել։ Այնուհետեւ ավելի հեռուն գնալով, հեռացրին շատ ակտիվիստների, իսկ Շահումյանի կազմակերպությունը, ուր ես հաշվառված էի եւ որը քիչ անդամներ չուներ, Ա. Բարսեղյանը կամայականորեն ուղղակի լուծարեց։ Հեռացվածները բազմիցս եղել են Ստ. Դեմիրճյանի մոտ, պատմել ստեղծված վիճակի մասին, բայց՝ ապարդյուն։ Երբ ես իմ փաստարկները գրավոր ներկայացրի, ՀԺԿ վերստուգիչ հանձնաժողովը ստուգումներ անցկացրեց Արտաշատում՝ հաստատելով, որ մասնավորապես գործավարությունը չի պահպանվել, օրինակ, ՀԺԿ իմ ընդունվելու արձանագրությունը «կտրել» էր։ – Հետո ինչպե՞ս վերականգնվեցիք կուսակցությունում։ – Շատ չմանրամասնելով ասեմ միայն, որ Ստ. Դեմիրճյանը տեսնելով Ա. Բարսեղյանի ստորագրությամբ իմ կուստոմսը, առաջարկեց աղմուկ չհանել, ինձ էլ հարցումով վերականգնել, իսկ Ա. Բարսեղյանին պատասխանատվության կանչելը հետաձգել, քանի որ Էմմա Խուդաբաշյանի հեռանալուց հետո նման միջադեպը ՀԺԿ վարկանիշին կվնասեր։ ՀԺԿ-ում պետք է որ պահպանված լիներ փետրվար ամսին գրված իմ վերականգնման մասին դիմումը։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել