Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 17,2004 00:00

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պատժաժամկետի 1/3-ը կրելուց հետո՝ հուլիսի 9-ին, ազատ էր արձակվել ՀԺԿ անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, որին մարտի 28-ին ձերբակալել էին Գյումրիում տեղի ունեցած քաշքշուկին մասնակցելու համար: Նրան մեղադրում էին ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ: «Այնտեղ չի եղել որեւէ ոստիկան ծառայողական համազգեստով,- ազատ արձակվելուց հետո իր առաջին հարցազրույցում ասաց Տ. Տեր-Մարգարյանը:- Բոլորը քաղաքացիական հագուստներով էին, ու խուլիգանություն անողները չէին տարբերվում ոստիկաններից: Այդ օրը նրանց հետ հավասար աշխատեցին մարմնավաճառները՝ վերջիններս ձու էին նետում, իսկ քաղաքացիական հագուստներով ոստիկաններն էլ հովանավորում էին նրանց: Աստիճաններից իջանք, որ դադարեցնենք անկարգությունները, սակայն մեզ վրա հարձակում եղավ, ու ստիպված էինք դիմել ինքնապաշտպանության»: Մեր հարցին՝ կալանավորումից հետո գործադրվե՞լ են բռնություններ, Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանեց. «Տղաներից մեկին՝ Արման Պետրոսյանին, շատ ահավոր ծեծեցին ոստիկանությունում: Հետո ուզեցին ինձ էլ ծեծի ենթարկել ու Ալբերտ Բազեյանի վարորդին՝ Կարեն Մարգարյանին: Բայց քանի որ Բազեյանն ու Ստեփան Դեմիրճյանը Գյումրիում էին մինչեւ գիշերվա ժամը 2-ը, ոստիկանները մի քիչ զգուշացան ու մեզ ձեռք չտվին»: Հարկ է հիշեցնել, որ Տ. Տեր-Մարգարյանը ներկայացվում էր իբրեւ Ստեփան Դեմիրճյանի թիկնապահ. «Բայց ես վարձված թիկնապահ չէի՝ ուղղակի մի քանի կուսակցականներով այդ շրջանում Դեմիրճյանի կողքին էինք: Իսկ այդ օրը մինչեւ Գյումրի մտնելը՝ արդեն Արթիկում գիտեինք, որ կանանց են հավաքագրել ու նրանց ձվեր բաժանել՝ նետելու համար: Դեմիրճյանին պաշտպանելու համար նրա հետ իջանք մեքենայից ու կանգնած էինք կողքին»: Այս ամենը տեսնելով էլ՝ ոստիկանները եզրակացրել էին, թե ձերբակալել են Դեմիրճյանի թիկնապահին: Տ. Տեր-Մարգարյանը վկայեց, որ իրենց նկատմամբ գործադրվել է հոգեբանական ճնշում. «Մեզ ասում էին, թե ամեն ինչ վերջացած է՝ «հեսա ձերոնց էլ ենք ձերբակալելու, պետք լինի՝ մի հատ էլ «հոկտեմբերի 27» կանենք ու իրանց էլ կվերացնենք»: Մեր հարցին, թե ո՞վ է մանավանդ վերջին պնդման հեղինակը՝ միայն պատասխանեց, թե Շիրակի մարզի շատ բարձրաստիճան ոստիկաններից է: Իսկ առավել որոշակի զրույցը հետաձգեց ապագային՝ երբ կլրանա պայմանական ազատազրկման մնացած 10 ամսվա ժամկետը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել