Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարձ ի շրջանս…

Սեպտեմբեր 17,2004 00:00

Դարձ ի շրջանս… Երեկ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները «դեմ առ դեմ» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Աստանայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Առաջին 20 րոպեի ընթացքում հանդիպմանը ներկա են գտնվել Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպման այս փուլի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը մոտ 2 ժամ տեւողությամբ առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց է միացել Ռուսաստանի նախագահը: Արդյունքներն, ինչպես միշտ, անհայտ են, ուստի դարձյալ պետք է, ինչպես ասում են, «յոլա գնանք» այդ հանդիպումներին հաջորդած թռուցիկ մեկնաբանություններով: Այսպես. «Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների ազատման եւ փախստականների վերադարձի հարցերը՝ վերջիններիս որոշ երաշխիքների տրամադրմամբ»: Այս մասին ադրբեջանական ATB հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդել է նաեւ, որ կողմերը քննարկել են ավելի վաղ անցկացված բանակցությունների, մասնավորապես՝ Պրահայում երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքները: Ռուս դեսպանն ավելացրել է, որ Աստանայում բանակցություններից հետո կողմերն իրենց առաջարկությունները կներկայացնեն Մինսկի խմբին, իսկ համանախագահները դրանց հիման վրա կկառուցեն իրենց հետագա գործողությունները: Մի խոսքով՝ հին երգը: Ի դեպ, Մերզլյակովն ընդգծել է, որ նախագահների քննարկմանը ներկայացված գաղափարները գտնվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանության շրջանակներում: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը հանդիպումից հետո կայացած ասուլիսին նշել է. «Արդյունքներով պարծենալ չենք կարող: Մենք քննարկում ենք շատ բարդ խնդիրներ, որոնք ժառանգել ենք»: Միաժամանակ նա ասել է, որ երկու կողմերը համբերատարությամբ են վերաբերում երկխոսությանը, եւ գործընթացը շարունակվում է: Իլհամ Ալիեւի մեկնաբանությունները եւս ծայրահեղ խուսափողական են. «Այժմ չենք կարող հստակորեն խոսել այն մասին, թե ինչ է քննարկվել: Մենք միշտ ստիպված ենք սահմանափակվել շրջանցիկ արտահայտություններով: Այսօր բացառություն չէ, չէ՞ որ գործընթացը խիստ կարեւոր է»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընթացն, այնուամենայնիվ, դրական է գնահատում: Վերջապես համանման ոգով մի քանի ընդհանուր գնահատականներ է հնչեցրել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փորձենք ամփոփել: Քոչարյան-կրտսեր Ալիեւ երրորդ հանդիպումն իր խիստ ծանոթ ձեւով եւ նույնքան անծանոթ բովանդակությամբ գալիս է ազդարարելու, որ կարծես թե վերականգնվում է Քոչարյան-ավագ Ալիեւ անվերջանալի ու անպտուղ հանդիպումների «գեղեցիկ» ավանդույթը: Գործընթացի ակտիվացման որեւէ լուրջ ազդակ առաջիկայում չի սպասվում: ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով եւ Իրաքով, ՌԴ-ն՝ կառավարման ռեֆորմներով ու հակաահաբեկչությամբ: Սպասենք ավելի լավ ժամանակների: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել