ՀՀՇ-Ն ԹՈՂ ԽՈՍՏՈՎԱՆԻ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԸ Կոչ է անում «Արդարության» մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը Այսօր «Արդարություն» դաշինքի համաժողովին ներկա կլինեն միայն հասարակայնության ներկայացուցիչները, եւ չեն հրավիրվել առանձին կուսակցություններ: «Համաժողովի նպատակն է, որ մասնակից դառնան հասարակության հնարավորինս լայն շերտեր, ու հնարավորություն ունենանք ոչ միայն ամփոփել անցած ճանապարհը եւ խոսել հետագա քայլերի մասին, այլ նաեւ լսել հասարակության ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, միգուցե՝ նաեւ քննադատությունը,- հայտնեց «Արդարություն» դաշինքի լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը:- Ուստի սա առավել հասարակական բնույթի հանդիպում է եւ ոչ զուտ քաղաքական միջոցառում: Քաղաքական որեւէ ուժ չի հրավիրվել, բայց դռները բաց են, եւ եթե որեւէ ուժի հետաքրքիր լինի այս համաժողովը՝ կարող են մասնակցել»: Ի դեպ, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանն արդեն իսկ տեղեկացրել է, թե չեն մասնակցելու այս համաժողովին: Օրեր առաջ տեղեկություններ հրապարակվեցին, թե դաշինքում լուրջ տարակարծություններ էին առաջացել հենց ՀՀՇ-ին հրավիրելու առնչությամբ: Ուստի եւ ընդունվեց այս «սողոմոնյան լուծումը»՝ չհրավիրել ոչ միայն աջ ուժերին, այլեւ ընդհանրապես եւ ոչ մի քաղաքական կազմակերպության: Սակայն Ռուզան Խաչատրյանը նշեց. «Հրավիրյալների վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել դաշինքում: Եվ զարմանալի է, որ «Արդարության» յուրաքանչյուր նախաձեռնություն՝ դեռ չիրականացված, տեղիք է տալիս բազմաթիվ ենթադրությունների, որոնք առաջին հերթին, չգիտես ինչու, առնչվում են հենց ՀՀՇ-ին՝ նրանք հրավիրվելո՞ւ են, համագործակցելո՞ւ ենք եւ այլն»: Գուցե պատճառն այն է, որ դաշինքում իրոք տարբեր դիրքորոշումներ կան ՀՀՇ-ի հանդեպ՝ «Հանրապետության» լոյալությունից մինչեւ ՀԺԿ-ի վախը, որ հանկարծ իրենց ետեւում չտեսնեն «ՀՀՇ-ի ականջները»: Ռուզան Խաչատրյանը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը. «Հանրապետություն»-ում էլ այդ առումով ամեն ինչ միանշանակ չէ. քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն արդեն մի անգամ հայտնել է իր բացասական կարծիքն այդ մասին: Իսկ ՀԺԿ-ն էլ վախենալու որեւէ բան չունի»: Վերջին պնդման ապացույցը թերեւս նաեւ այն է, որ ինքը՝ Ռուզան Խաչատրյանը, վերջին ամիսներին ակտիվորեն մասնակցել է աջ ուժերի նախաձեռնած բազմաթիվ քննարկումների: Ճիշտ է, որպես կանոն՝ նրա տեսակետներն առիթ են դառնում բանավեճերի: Ահա նման քննարկումներից մեկի ընթացքում տեղի ունեցածի մասին էլ ընթացավ մեր հետագա զրույցը: Ծաղկաձորում սեպտեմբերի 3-6-ն անցկացված «Հակամարտությունների կարգավորումը եվրոպական ինտեգրացիայի հեռանկարում» միջազգային կոնֆերանսին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի գործիչները: Եվ ըստ «Արդարության» լրատվության պատասխանատուի՝ լուրջ անհանգստության տեղիք տվող է նրանց ներկայությամբ «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանի արած այն բացահայտումը, թե 1993-ին Հայաստանի իշխանությանն առաջարկ է արվել զորք մտցնել Վրաստան, եւ Վազգեն Սարգսյանին ոգեւորել էր այդ հեռանկարը: Ռուզան Խաչատրյանը հենց կոնֆերանսում առաջարկեց մահացած մարդկանց անունից չանել հայտարարություններ, արժանանալով առարկության՝ թե կան այս փաստը հաստատող բազմաթիվ կենդանի վկաներ: «Չէ՛ր կարելի նման բաներ հրապարակել: Ես այդ պահին տեսա Վրաստանի պատվիրակների դեմքերը եւ հասկացա, թե ինչ լուրջ անակնկալ ու մեծ հարված էր նրանց համար այդ բացահայտումը: Եվ միգուցե՝ կատարվածը դեռ կարող է ունենալ ինչ-որ հետեւանքներ: Իմ կողքին նստած վրացի պատգամավորն ասաց, թե դա ակնհայտորեն հանգեցնելու էր վրաց-հայկական պատերազմի,- այժմ էլ պնդեց Ռուզան Խաչատրյանը:- Եվ սա վկայում է, թե քաղաքական շատ կազմակերպություններ, այդ թվում եւ՝ ՀՀՇ-ն ու աջ ուժերը, հաշվի չառնելով պետության շահերը, որեւէ բանի առջեւ կանգ չեն առնում իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք նման կշտամբանք ուղղելով չի՞ երկրորդում իշխանությանը, որն էլ ընդդիմությանն է մեղադրում օտարների առջեւ մեր ներքին խնդիրները քննարկելու մեջ: «Այս երկու փաստերն անհամեմատելի են,- առարկեց տիկին Խաչատրյանը:- Այն, ինչ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել Հայաստանում՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Եվ Հայաստանը կործանման տանող այդ գործընթացների մասին լռել չի կարելի: Իսկ այս դեպքում խոսքը պետական գաղտնիք պարունակող փաստի մասին է, որի բացահայտումն իմաստ չուներ այս պահին: Կատարվածն առավել զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ այդ սխալը թույլ տվեցին մի ուժի կողմնակիցներ, որոնք պետականության հաստատման անմիջական մասնակիցն էին: Այդպես հեշտությամբ՝ մեկ րոպեում կարելի՞ էր նման հարված հասցնել պետությանը: Իսկ որ դա հարված էր՝ ակնհայտ է, նաեւ հաշվի առնելով հայ-վրացական բարդ հարաբերությունները»: Ամփոփելով «Արդարության» եւ աջ ուժերի նույնքան բարդ հարաբերությունների թեման՝ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Նման սխալները վկայում են, թե արդարացված չեն այն կոշտ գնահատականները, որ գործող ընդդիմությանը տալիս է ՀՀՇ-ն ու փորձում պնդել, թե ի տարբերություն մեզ՝ իրենք ունեն քաղաքական հստակ ծրագրեր ու գաղափարախոսություն, գիտեն, թե ինչ քայլեր պետք է արվեն եւ այլն: Էլ չեմ խոսում այն սխալների մասին, որ թույլ են տրվել իրենց իշխանության օրոք: Մենք, իհարկե, բազմիցս շեշտել ենք, թե պատրաստ ենք հանուն Հայաստանում օրինականության հաստատման համագործակցել շատ ուժերի հետ: Սակայն նաեւ պետք է անպայման համագործակցության անկեղծ ցանկություն լինի եւ ոչ թե շահարկումներ ու սեփական հավակնությունները բավարարելու համար օգտագործելու փորձեր: Բացի այդ՝ եթե ՀՀՇ-ն ցանկանում է վերադառնալ քաղաքականություն (ներկա քաղաքական դաշտում այդ կուսակցությունն, ըստ էության, չկա՝ չի մասնակցում ընտրություններին ու չի ծավալում քաղաքական գործունեություն) ու չզբաղվել միայն սեմինարային քննարկումներով, որ հասարակական կազմակերպության խնդիր է, նա պարտավոր է խոստովանել իր սխալները: Առնվա՛զն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ