Կարծում
են «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Մինասյանը եւ քաղաքական
քարտուղար Հրաչ Սարգսյանը:
– Գործող Սահմանադրության ընդունումից ի վեր կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական իրողությունները արմատական փոփոխություն չեն կրել: Այսօրվա վիճակը ինը տարի առաջ տիրող քաղաքական շփոթի բնական շարունակությունն է: Ուստի՝ Սահմանադրությունն արմատապես բարեփոխելու նոր պահանջ կարծես թե չի առաջացել: Միանգամայն բնական մտավախություն է առաջանում՝ Սահմանադրությունը բարելավելու բարի կամքը իշխանական վերնախավը կարող է եւս մեկ անգամ վարկաբեկել՝ առաջնորդվելով հին սկզբունքներով:
– Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում:
– Նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ արմատական քաղաքական բարեփոխումներ իրականացնի, որը հող կնախապատրաստի սահմանադրական բարեփոխումների առավելագույնս բարելավված տարբերակի համար՝ հասարակական լայն քննարկման արդյունքում: Չմոռանանք, որ մեր քաղաքական ներկապնակում կան բավականին լուրջ, ակտիվ ուժեր էլ, որոնք խորհրդարանում չլինելով՝ չեն կարողացել մասնակցություն ունենալ բարեփոխումների ընթացքին: Այսինքն՝ նախ եւ առաջ պետք է ցրի ԱԺ-ն: Այս խորհրդարանը որեւէ կապ չունի թերություններով գրված Սահմանադրության մեջ ամրագրված խորհրդարանի սկզբունքների հետ:
– Այդ դեպքում, հավանաբար, պետք է դեմ լինեք նաեւ Ընտրական օրենսգրքի ենթադրվող փոփոխություններին:
– Այո, եւ հենց նույն նկատառումներով: Մեր համոզմամբ, նաեւ առավել կարեւոր է, որ քաղաքական կամքի բացակայության դեպքում ամենակատարյալ ընտրական օրենքն էլ չի կարող երաշխավորել արդար ընտրություններ եւ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն: Ուստի ժամանակավրեպ է նաեւ ԸՕ-ում փոփոխությունները, քանի դեռ արմատական քաղաքական փոփոխություններ չեն եղել երկրում:
– Ամիսներ առաջ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ աշնանը կհրատարակվի կուսակցության պաշտոնաթերթը: Այժմ խոսակցություններ կան, որ «Երրորդ ուժ» շաբաթաթերթը ոչ պաշտոնապես «ՆԺ»-ի պաշտոնաթերթն է:
– Դրանք լոկ խոսակցություններ են: Այդ թերթի հետ մենք կազմակերպական կապ չունենք: Այս պահին կուսակցության թերթը իրավական ձեւակերպումների փուլում է եւ կհրատարակվի մոտ ապագայում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ